Արցախի հարցը չի կարող փակվել որեւէ երկրի կողմից, նույնիսկ ՀՀ իշխանությունների

Արցախի հարցը փակված չէ եւ չի կարող փակվել։ Այս մասին step.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Արցախի հարցը չի կարող փակվել որեւէ երկրի կողմից, նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի տարածքային մաս ճանաչելու դեպքում չի կարող այն փակված լինել»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի հարցի լուծումը արցախահայության՝ Արցախում անվտանգ ապրելու համար երաշխիքներ ձեւավորելու ճանապարհով պետք է լինի՝ առանց խոչընդոտների, առանց արտաքին ու ներքին վտանգների ու ռիսկերի։ «Ներկայիս աշխարհակարգը պարզապես այնպիսին է, որ միջազգային հիմնական դերակատարներն Ադրբեջանի դեմ դուրս չգալու համար կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում։ Դրա հետեւանքով էլ Արցախը հայաթափվեց, եւ ցավոք սրտի այսօր կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկվում արցախահայության վերադարձը կազմակերպելու եւ բնականոն կենսագործունեությունն ապահովելու։ Բայց մենք պետք է հասկանանք, որ աշխարհակարգը ցանկացած իրողությունների պայմաներում կարող է փոխվել։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք այդ փոփոխություններից օգտվելու եւ մեր ազգային շահերի բավարարման տրամաբանությամբ փորձենք օգտագործել նման պահերը»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի շարունակական պահանջներին ու դրանք բավարարելու ՀՀ իշխանությունների քաղաքականությանը՝ Ժիրայր Ազիզյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի առաջ բերումը ոչ այլ ինչ է, քան այլ երկրի ներքին գործերին միջամտություն։

«Ցանկացած նման փորձ ցանկացած երկրի կողմից պետք է համարժեք պատասխան ստանա։ Մենք պետք է հասկանանք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվում է ՀՀ քաղաքացիների կողմից։ Եվ կարծում եմ՝ հենց ՀՀ քաղաքացիներն էլ պետք է այս առումով արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Անընդունելի է Ադրբեջանի նման պահանջի բավարարումը։ Ես կարծում եմ, որ պետք է առնվազն անհեռատես լինել՝ չհասկանալու ադրբեջանական կողմի ներկայացրած այդ պահանջի հետեւանքները։ Մենք պետք է հասկանանք, որ սա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման այնպիսի պահանջ է, որը չկատարելու դեպքում Ադրբեջանը փորձելու է ներկայացնել որպես հայկական կողմի ապակառուցողական մոտեցում եւ ներկայացրել, որ դրա հետեւանքով այդ հարաբերությունների կարգավորումը չստացվեց։ Բայց հասկանալի է, որ դա որեւէ լեգիտիմ հիմք չի կարող ունենալ։ Միջազգային բոլոր խաղացողները տեսնում են Ադրբեջանի ագրեսիվ եւ ծավալապաշտական դիրքորոշումը։ Ադրբեջանը մշտապես նոր պահանջներ է առաջ քաշում, մենք պետք է աշխատենք եւ միջազգային խաղացողներին ներկայացնենք ադրբեջանական կողմի պահանջների հետեւանքները ոչ միայն մեզ համար, այլ նաեւ տարածաշրջանի առումով»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ

Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել։

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

ԵՄ առաջին ռազմական օգնությունը Հայաստանին՝ 10 մլն․ եվրո

ԵՄ խորհուրդը երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, որոշում է կայացրել 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

Աջակցություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է։

Նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։

Աջակցությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից: Ձեռնարկված միջոցառումը հնարավորություն կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք տեղակայված վրանային ճամբար։

«Անվտանգությունը գնալով դառնում է Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարրը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումն էլ ավելի կնպաստի երկրի կայունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի ապագա մասնակցության հարցում», – ասել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Այսօր ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի խթանել խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հայաստանում և Հարավային Կովկասում։ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ իր համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերության ամրապնդմանը` հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերություններն իր բոլոր հարթություններում: Սա ներառում է երկխոսության և համագործակցության ակտիվացում արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (ՔՀԶԾ) ոլորտում»,- ասված է հայտարարության մեջ։

Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»,- հայտնել է Միրզոյանը։

Արցախցիները Լոռիում․ ինչպես անցավ Մեդիատուրը

Հուլիսի 12-14-ին «Հատուկ նախագծերի խմբագրություն» ծրագրին մասնակցող արցախցի լրագրողների համար կազմակերպվեց մեդիա-տուր Լոռու մարզ: Արցախցի 10-ից ավելի լրագրողներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Լոռու մարզի համայնքներին հանդիպելու այստեղ ապրող արցախցիների հետ, նյութեր պատրաստելու նրանց և ճամփորդության մասին։

«Աննկարագրելի տպավորություններ ստացանք մեդիատուրից։ Ամեն ինչ հիասքանչ էր, բազմաթիվ բացահայտումներից բացի` մենք ձեռք բերեցինք նաև ուժեղ ու համերաշխ թիմ` հանձինս ՄՆԿ ֊ի անձնակազմի ու արցախցի լրագրողների։ Ամենակարևորը` լցվեցինք հավատով, որ առջևում մեզ հաջողություններ են սպասվում», – կիսվել է Ասկերանի շրջանի (Արցախ) «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Բախշիյանը:

«Մեդիատուրը արցախցի լրագրողներին հնրավորություն է տվել աշխատել Երևանից դուրս, ծանոթանալ ՀՀ տարբեր համայնքներին, դրա միջոցով ինտեգրվել նոր միջավայրերին, որոշ դեպքերում երկար դադարից հետո որոշ լրագնողներ նորից վերսկսել են իրենց մասնագիտական գործունեությունը», – ասաց  Mediatura-ի մասնակից, էլեկտրոնային հրատարակության աշխատակից Step1 Քրիստինա Ալակվերդյան:

Հատուկ նախագծերի խմբագրությունը 2023թ-ին  բռնի տեղահանված արցախցի լրագրողներին հասցեագրված նախաձեռնություն է, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Արագ արձագանքման» ծրագրի շրջանակում՝ Conciliation resources կազմակերպության հետ  համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ալվարդ Գրիգորյան
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի, Վիկտորիա Գրիգորյանի

Հաջիևի սալտոն. Փաշինյանին հրավիրում են Բաքու՝ նույնիսկ առանց Սահմանադրությունը փոխելու

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է The National-ը։ Նա լրագրողներին ասաց, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երեւան։ Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել Հաջիևի հայտարարությանը.

Ավելի վաղ Բաքուն Հայաստանին առաջարկել էր համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ՝ նախքան լայնածավալ համաձայնագրի ստորագրումը, Շուշիում ասել է Հաջիևը։

«Այս սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հավելելով, որ կողմերը կարող են դրանց շուրջ համաձայնության գալ մինչև COP29-ը, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։

Միևնույն ժամանակ Հաջիևը շարունակել է պնդել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը։

«Եթե կա սահմանադրական պահանջ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա այն պետք է բացառվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ Իլհամ Ալիևի օգնականի, Բաքուն առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով։

Բաքուն հուսահատ սալտո է անում՝ առաջարկելով Փաշինյանին, քանի որ իրենք ժամանակ չունեն Սահմանադրությունը փոխելու, համաձայնեցնել որոշ «ընդհանուր սկզբունքներ» և ստորագրել դրանք Բաքվում՝ COP29-ի շրջանակներում։ Այդտեղից, ըստ ամենայնի, Ալիևն ու Փաշինյանը պետք է դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու խնդրանքով։ Նման սալտոները վկայում են Բաքվի համար լիակատար իրավական ֆիասկոյի մասին, որը կարող է ճակատագրական դառնալ, եթե Հայաստանի կառավարությունը նորից չօգնի: Ինչո՞ւ է անհրաժեշտ Հայաստանի կառավարությանը համաձայնեցնել «ընդհանուր սկզբունքները»։ Հատկապես այն ֆոնին, երբ Բաքուն ու Մոսկվան սպառում են պատերազմով ահաբեկելու ռեսուրսը։

Պայթյունը գլխիվայր շուռ տվեց Կարինեի կյանքը․ ամուսինը՝ Սամվելը, այնտեղ էր

Բենզինի պահեստի պայթյունից անցել է ավելի քան 9 ամիս․ Կարինեն հույսը չի կորցնում, նա սպասում է։  2023 թվականի սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունը գլխիվայր շուռ տվեց Կարինեի կյանքը։ Պայթյունի պահին ամուսինը՝ Սամվելը, այնտեղ էր։ Մինչև այսօր ոչ մի լուր չկա նրանից։

Մարտակերտի շրջանի Վանք գյուղում է ծնվել, մեծացել, ապա ընտանիքով տեղափոխվել են Կիչան, որտեղից էլ հարս է գնացել Ստեփանակերտ։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին էր նրանց հարսանիքը․ այնքա՜ն երջանիկ էին նորապսակները․․․ Այդ ժամանակ Կարինեն չէր պատկերացնում, որ ճակատագիրը բարեգութ չի լինելու իր հանդեպ։ Օրեր հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, և Կարինեի հարսանիքից ուղիղ մեկ ամիս հետո զոհվեց եղբայրը՝ 21-ամյա Արմենը, որին հետմահու շնորհվեց “Մարտական խաչ” 1-ին աստիճանի շքանշան։ Քրոջ համար ծանր է եղբայր կորցնելը, սակայն Կարինեն իր մեջ խեղդելով վիշտը, նվիրվեց ընտանեկան կյանքին, իսկ, երբ ծնվեց Դավիթը, նորաթուխ մոր աչքերում վերջապես լույսի շողեր հայտնվեցին։

-Երբ սկսվեց 2023-ի պատերազմը, ամուսինս աշխատավայրում էր։ Ծառայում էր ԱՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում։ Հրետակոծությունների տարափի տակ չգիտեի ինչ անել, երեխան գրկիս՝ մնացել էի շիվար։ Հաջորդ օրը ավարտվեց պատերազմը՝ կրկին հարյուրավոր կյանքեր խլելով։ Ցավոք, հասկացանք, որ կորցնում ենք Արցախը, և շուտով այն լրիվությամբ կհայաթափվի։ Օրեր հետո սկսվեց բռնագաղթը։

Մեր տունը Ստեփանակերտի Սախարովի փողոցում էր և շատ վտանգավոր էր այդտեղ մնալը։ Անընդհատ ավտոմատի կրակոցներ էին լսվում։ Ամուսնուս խոսքով՝ մի քիչ բենզին ունեինք և կարող էինք ճանապարհվել։ Ստեփանակերտից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, ժամը 2-ին։ Շուշի չհասած՝ մեր մեքենայի հետ խնդիր առաջացավ․ բենզինը չէր մատակարարում՝ քիչ լինելու պատճառով։ Ամուսինս մեզ տեղափոխեց ծնողներիս մոտ, իսկ ինքը վերադարձավ Ստեփանակերտ՝ ասելով, որ բենզին կգտնի ու հաջորդ օրը կմիանա մեզ։ Այլևս չտեսանք իրար,-պատմում է Կարինեն։

Հաղորդակցության միջոցների բացակայության պատճառով նա միայն հաջորդ օրը լսեց, որ Արցախում խոշոր պայթյուն է եղել ու հարյուրավոր մարդիկ են զոհ դարձել։ Դեռ չգիտեր, որ Սամվելը ևս այնտեղ էր այդ պահին։ Ամուսնու հորաքույրը Ստեփանակերտում կամավոր գնացել էր հիվանդանոց, որ օգներ բուժաշխատողներին ու հանկարծ ցուցակներում տեսել է եղբորորդու տվյալները։

-Ցանկանում էի հետ դառնալ, բայց ասացին, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում իմ ամուսնու անուն ազգանունով վիրավոր կա։ Անմիջապես գնացի այնտեղ, պարզվեց՝ ուրիշ էր։ Հետո սկսեցի բոլոր հիվանդանոցներում փնտրել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Տանջալից ու ծանր օրեր անցկացրինք։ Աղոթում էի Աստծուն, որ գտնեմ երեխայիս հորը․ թեկուզ կես մարդ դարձած, բայց ողջ լիներ․․․

Միչև այսօր ոչ մի լուր չկա նրանից։ 21 անհայտ կորածների մեջ է Սամվելը։ Բազմիցս դիմել ենք հայաստանյան ու միջազգային տարբեր կառույցների։ Վերջին անգամ ՀՀ Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ գործով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հույսս չեմ կորցնում, սպասում եմ, որ նա կգա,-ասում է երիտասարդ կինը։

Կարինեի համար ամենադժվարը երեքամյա որդուն պատասխան տալն է, երբ հարցնում է հոր մասին։ Մայրը դժվարանում է նրան ճշմարտությունն ասել, որ հոր ճակատագիրը դեռևս անհայտ է։ Փոքրիկ Դավիթը սպասում է հորը։ Նա գիտի՝ եթե մի բանի մասին շատ ես մտածում, ապա այն կատարվում է։

Կարինեն աշխատանքի է անցել Արդշինբանկում, փորձում է աշխատանքի մեջ կտրվել տանջալից իրականությունից, հարմարվել նոր միջավայրին։ Երբեմն թվում է՝ թե ստացվում է, բայց գալիս է մի պահ, որ նրա ուղեղում չի տեղավորվում այն միտքը, որ Սամվելն իր հետ չէ։

Արցախից տեղահանվելուց հետո էր․․․Մտքերով տարված քայլում էր երեխայի հետ։ Նրան է մոտենում մի երիտասարդ, որը ճանաչել էր, գիտեր, որ Սամվելի կինն է։ “Ուզում եմ, որ դուք անպայման իմանաք․ պայթյունի օրը ձեր ամուսինը 2 կնոջ կյանք է փրկել։ Աչքովս եմ տեսել, երբ արդեն իր հերթն էր բենզին վերցնելու, մի տղամարդ մոտեցավ ու խնդրեց Սամվելին իր հերթը զիջել ստեփանակերտցի կանանց՝ ասելով, որ նրանք շատ են հոգնել։ Սամվելն անմիջապես համաձայնեց, կանայք բենզինով լի տարաները ձեռքներին հեռացան ու հետո լսվեց ուժգին պայթյունն ու ամեն ինչ կորավ կրակի բոցերի մեջ”, – պատմեց երիտասարդը, որը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից՝ երկար բուժում ստանալուց հետո։

-Այդ պահին իմ մեջ հպարտության զգացման հետ նաև մեկտեղվեց սիրտ կեղեքող մի ցավ։ Ամուսինս կյանքեր է փրկել, բայց ինքը․․․Այս անորոշությունը սպանում է ինձ, չգիտեմ՝ ո՞ւմ մեղադրեմ, որտեղից մի լուր իմանամ, ի՞նչպես ապրեմ։ Բայց, երբ նայում եմ փոքրիկիս աչքերին, հասկանում եմ, որ պետք է հավաքեմ ուժերս, ուղղեմ մեջքս, հանուն նրան ապրեմ,-խոսքը եզրափակում է Կարինեն։

Բռնատեղահանված և անորոշության մեջ հայտնված արցախցի երիտասարդ կինը բացի բնակվարձերի աջակցությունից, որևէ այլ սոցիալական օգնություն չի ստանում․ կարգավիճակ չունի։ Առաջարկել են՝ դատական կարգով ամուսնուն մահացած ճանաչել, որ կարողանա օգտվել աջակցություններից։ Կարինեն հրաժարվել է․ նա դեռ սպասում է․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Եկեղեցին կհայտարարվի «հակապետություն»՝ գույքի բռնագրավմամբ

Դպրոցական դասագրքի անվանումը «Հայոց պատմությունից» «Հայաստանի պատմություն» փոխելու անհեթեթ թվացող որոշումը այդպես էլ պատշաճ կերպով չի բացատրվել։ Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի պատմությունը պետք է լինի պետության պատմություն։ Ուրեմն ու՞մ է պատմությունն է մնացած մասը: Անգամ Նիկոլ Փաշինյանի և նախարար Ժաննի Անդրեասյանի ամորֆ «փաստարկների» մանրակրկիտ ուսումնասիրությունը բացատրություն չեն տալիս, իսկ այն, որ Պետրոս Ղազարյանի կինը մշտապես թաքցնում էր աչքերը, վկայում էր այն մասին, որ նա փորձում է թաքցնել տհաճ ճշմարտությունը։

Բացատրություն չգտավ նաև ԵՊՀ պատմության ամբիոնը՝ հրապարակելով մի ամբողջ հայտարարություն, որի էությունը հանգում է նրան, որ անվան փոփոխությունը չի կարելի բացատրել գիտական ​​և ազգային-պետական ​​նպատակներով, և կան որոշ «քաղաքական պատճառներ»։

Պատասխան ստանալու համար, թե որոնք են այդ “պատճառները”, փորձեցինք հարցը կիրառել տարբեր ոլորտներում, և հանկարծ ստացանք «համընկում»՝ Հայ առաքելական եկեղեցու դերը Հայաստանի պատմության մեջ։ Ի վերջո, հենց եկեղեցին էր «փոխարինում» պետությանը այն ժամանակաշրջաններում, երբ պետություն չկար։ Եվ հենց եկեղեցին է հանդիսանում հայկական վիթխարի ժառանգության պաշտոնական կամ անվանական սեփականատերը, որը պահպանվում է նույնիսկ Հայաստան պետությունից դուրս: Սա ներառում է Երուսաղեմում գտնվող հայկական թաղամասը և կալվածքներ ներկայիս Թուրքիյում, Լիբանանում, եւ կարեւորը՝ գլոբալ հայ ժողովրդին միջազգային ասպարեզում ներկայացնելու առաքելությունը:

Եկեղեցու դերը Հայաստանի պատմության մեջ տարբեր կերպ է գնահատվում։ Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը www.religions.am-ում ասել էր, որ եկեղեցին 99 տոկոսով նպաստել է օտար լծի հարատևմանը, քանի որ այն խոշոր սեփականատեր է, և օտար պետությունը միշտ պատրաստ էր նրան ավելի մեծ բաժին տալ, քան հայկական պետությունը։ Հայ եկեղեցին միշտ խուսափել է հայկական պետականության վերականգնումից։ «Մեր պատմության մեծ մասում ընդամենը մի քանի տասնամյակ մեր եկեղեցին ակտիվորեն աջակցել է պետության ստեղծմանը. մեկ անգամ՝ 428-ին, նորից՝ 1045-ին»,- նշել է նա։

Պատմության ներկայիս դասագրքերում, ընդհակառակը, ընդունված է այն կարծիքը, որ այն ժամանակաշրջանում, երբ օտար նվաճողները զրկում էին Հայաստանը պետականությունից, հենց եկեղեցին էր դառնում ազգային մատրիցա՝ պահպանելով ազգային միասնությունը եւ ժառանգությունը մինչև պետականության վերականգնումը։

Այսպես է եղել, թե այլ կերպ, սա արդեն պատմություն է, այն չի կարելի փոխել, բայց կարելի է տարբեր կերպ վերաբերվել այդ ժառանգությանը։ Կարելի է, ինչպես դեռևս տեղի է ունենում, աջակցել Հայ Եկեղեցուն՝ որպես հայկական մեծ «սերվերի», որը պետականության հետ միասին դառնում է ազգային մատրիցա։ Առավել եւս, որ հայկական եկեղեցական տարածքն աշխարհում շատ ավելի լայն է ընկալվում, քան Հայաստան պետությունը։ Նույն համամասնությամբ, ինչ Վատիկանը Իտալիայի նկատմամբ։

Բայց կարելի է եկեղեցուց խլել այդ դերը և «ազգայնացնել» նրա իրավունքները Հայաստանից դուրս՝ վտանգի տակ դնելով աշխարհում եկեղեցում մարմնավորված Հայաստանի «վերպետական» ընկալումը, ինչպես նաև այն անգին ժառանգությունը, որը պատկանում է եկեղեցուն։

«Հայոց պատմության» նոր դասագրքերի հեղինակներն ասում են, որ բովանդակային առումով դասագրքերում ոչինչ չի փոխվելու։ Իսկ ի՞նչ առումով է փոխվելու։ Նոր դասագրքում կխոսվի՞ եկեղեցու դերի մասին Բագրատյանի տարբերակում։ Եւ ինչպե՞ս է այս դասագիրքը ներկայացնելու Երուսաղեմի հայկական թաղամասի, Անթիլիասի և ներկայիս Թուրքիայի հայկական եկեղեցական-համայնքային ունեցվածքի կարգավիճակը։

Եկեղեցի-պետություն հարաբերությունները Հայաստանում վատթարացան այն բանից հետո, երբ Հայաստանում սկսվեց «սրբազան» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Բայց առավել հավանական է, որ դա պատասխան էր գործող իշխանության ցանկությանը՝ դառնալու, ոսկե ձկնիկի պես, նաեւ եկեղեցու տիրակալը։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր «բարկացած» ելույթներից մեկում ասաց՝ ինչո՞ւ եկեղեցին պետք է հսկայական անշարժ գույք ունենա, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որի հետ պետությունը կապ չունի։

Դժվար թե իշխանությունը չի հասկանում, որ ի վիճակի չէ ո՛չ օրինական, ո՛չ ֆիզիկապես ազգայնացնել ու մարսել եկեղեցու ունեցվածքը Հայաստանից դուրս։ Սա նշանակում է, որ հնարավոր է հանցավոր համաձայնություն կամ պարտավորություն՝ եկեղեցական գույքը փոխանցել այն երկրներին, որտեղ դրանք գտնվում են, առաջին հերթին՝ Թուրքիային և Իսրայելին։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջին շրջանում հաճախակի են դարձել Երուսաղեմում գործող հայկական ձեռնարկությունների դեմ ատելության հարձակումները։ Այս մասին գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Արդեն մի քանի տարի շարունակվում են կազմակերպված հարձակումները՝ ուղղված հայկական հողերի և բացառիկ նշանակության ժառանգության գրավմանը։ Հայկական պետության ներկայացուցիչները շարունակում են անտարբեր մնալ շուրջ 3 տարի շարունակվող ճգնաժամի նկատմամբ։ Այս ամբողջ ընթացքում ոչ մի դատապարտող հայտարարություն չի եղել»։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 1923 թվականի Լոզանի պայմանագրով ժամանակավորապես ազգայնացվեց հայկական ողջ ունեցվածքը (իսկ համայնքային սեփականությունը՝ հայկական եկեղեցու սեփականությունն է)՝ առանց թուրքական պետության կողմից սեփականաշնորհման իրավունքի։ Եթե ​​Լոզանի պայմանագիրը դադարի գործել, և Հայաստանը եկեղեցուն զրկի հայկական ունեցվածքը տնօրինելու իրավունքից, ապա այդ վիթխարի ունեցվածքը կդառնա Թուրքիայի սեփականությունը։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ թուրքական կառավարությունը փորձեց հայկական բարեգործական հիվանդանոցներից մեկը հանձնել մասնավոր անձանց, սակայն եկեղեցին դատի տվեց և Լոզանի պայմանագրով շահեց դատը։

Դասագրքի անվանումը փոխելու որոշում կայացնելուց հետո պետք է սպասել Հայաստանի կառավարության որոշումներին՝ հայկական եկեղեցին «հակապետություն» հայտարարելու և նրա ունեցվածքը «ազգայնացման» մասին՝ Հայաստանում և արտերկրում։ Դրա հետագա տեղափոխմամբ «հյուրընկալող» երկրներ։

Նաիրա Հայրումյան

Բայդենը պաշտպանեց Հարիսի թեկնածությունը, իսկ հանրապետականները պահանջեցին Բայդենի հրաժարականը հիմա

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական մրցավազքը լքելու իր մտադրության մասին, որպես ընտրություններում իր իրավահաջորդիսատարեց Կամալա Հարիսին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր բլոգում։

Թեկնածությունը պետք է որոշի Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոնվենցիան։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հրաժարական տա նոր ժամկետի հայտից հրաժարվելուց հետո, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա։ [Նախագահական ընտրություններ] Նոյեմբերի 5-ն այնքան էլ շուտ չէ»,- գրել է նա X-ում։

Բելգիան արդեն վախենում է ընդունել Իսրայելի ֆուտբոլի հավաքականին։ Ի՞նչ է լինելու հետո

DW

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակներում Բելգիայի և Իսրայելի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին հունգարական Դեբրեցեն քաղաքում։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, այսինքն՝ դրա տոմսերը չեն վաճառվի։

Ի սկզբանե նախատեսված էր, որ խաղը կկայանա Բրյուսելում։ Այնուամենայնիվ, Բելգիայի մայրաքաղաքի իշխանությունները հրաժարվեցին «շատ ռիսկային հանդիպում» անցկացնել` Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմի ֆոնին: Քաղաքապետարանը մտահոգություն է հայտնել, որ մարզական միջոցառումը բողոքի ցույցեր կառաջացնի, որոնք կարող են վերածվել անկարգությունների: Հրաժարվել են նաև Բելգիայի մյուս քաղաքների քաղաքապետերը։

Սա իրոք նոնսենս է․ Եվրոպական մայրաքաղաքում չեն կարողանում ընդունել իսրաելցիներին։ Իսրայելի քաղաքականությանը, որը նա հիմնվորում է «մեզ ամեն ինչ կարելի է, քանի որ մենք ենթարկվել ենք Հոլոքոստի» փաստարկով, հակադրվում են ոչ միայն մահմեդական և արաբական աշխարհում։ Եվրոպական բոլոր երկրներից ամենաքիչ թշնամանքը զգացվում է թերեւս Հունգարիայում, որի վարչապետը ծրագրում է աշխատել Թրամփի հետ իսրայելակենտրոն աշխարհակարգը պահպանելու համար:

Բելգիայից Հունգարիա իսրայելական թիմի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի տեղափոխումը կարմիր գիծը հատած գլոբալ փոփոխության աստիճանի վառ օրինակ է:

Բայդեն դրամաт. ո՞վ կփոխի աշխարհակարգը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լսեց իր ընկերների կոչերը և ընտրություններից չորս ամիս առաջ հրաժարվեց պայքարել Դոնալդ Թրամփի հետ մոլորակի առաջատար ռազմական և տնտեսական ուժը ղեկավարելու իրավունքի համար։

Բայդենը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պատիվ է ծառայել ամերիկյան ժողովրդին որպես նախագահ և որ մտադիր էր առաջադրվել, բայց իր կուսակցության և երկրի լավագույն շահերից ելնելով, նա պետք է հետ կանգնի նախընտրական արշավից և մինչև վերջ կենտրոնանա իր նախագահական պարտականությունների վրա մինչեւ նրան հատկացված ընթացիկ ժամկետը։

Հաջորդ շաբաթ նա հանդես կգա ուղերձով, որտեղ ավելի մանրամասն կխոսի իր որոշման և հետագա անելիքների մասին։

Բայդենը նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի հունվարը, երբ նոյեմբերին ընտրված հաջորդ նախագահը կստանձնի պաշտոնը։ Բայդենը ժամանակ կունենա՞ մինչև հունվար իրականացնել աշխարհակարգը փոխելու իր ծրագիրը: Չէ՞ որ հենց դա էր նրա երկրորդ ժամկետի գլխավոր նպատակը։ Բայդենի դրաման կայանում է ոչ միայն նրանում, որ նա առնվազն 10 տարով երիտասարդ չէ, որ Թրամփին կրակել են, իսկ իրեն ինչ-որ մեկը կորոնավիրուսով է վարակել։ Բանն այն է, որ ոչ բոլորն են ցանկանում փոխել աշխարհակարգը «Բայդենի ոճով», իսկ ոմանք ընդհանրապես չեն ցանկանում փոխել ոչինչ:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

«Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին»,- The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։

Պաշտոնական Երևանից դեռևս չեն արձագանքել Հաջիևի այս հայտարարությանը։

Ջոնսոնի-Օրբանի պլանը. «Դավագիրը» կստորագրվի Շուշիո՞ւմ

Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ի համար հոդվածում։

«Պուտինը պետք է վերադառնա առնվազն այն սահմաններին, որոնք կային մինչև 2022 թվականի ներխուժումը, և ապագա հակամարտությունից ու անորոշությունից խուսափելու համար մնացած Ուկրաինան պետք է [Պուտինի կողմից] ճանաչվի որպես ազատ երկիր, որը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ, և որքան հնարավոր է, ավելի շուտ միանա նրանց»:

Պատերազմի ավարտից հետո, գրում է նա, որոշ “ուկրաինական զորքեր կտեղակայվեն Եվրոպայում, որտեղ նրանք կփոխարինեն այնտեղ տեղակայված 70,000 ամերիկյան զինվորականներին՝ ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու համար։ Սա Թրամփին թույլ կտա «խնայել փողերը, ամերիկյան զորքերը տուն բերել և եվրոպացիներին ստիպել ավելին անել սեփական պաշտպանության համար, ինչը նրա հիմնական նպատակներից է»: Եվ Պուտինը, իհարկե, կարող է պնդել, որ «հատուկ ռազմական գործողությունը» կամ ներխուժումը հաջող է եղել, և որ նա ապազգայնացրել է Ուկրաինան»,- գրում է Ջոնսոնը՝ նշելով, որ Ուկրաինայի ռուսալեզու բնակչության համար կարող է սահմանվել հատուկ պաշտպանություն։

Սա Թրամփ-Ջոնսոն-Օրբան-Էրդողան-Նեթանյահու պլանն է Ուկրաինայի համար, որը կտարածվի մնացած բոլոր հակամարտությունների համար։ Խնդիրը վերաբերում է թե՛ Հարավային Կովկասին, թե՛ Մերձավոր Արեւելքին, թե՛ Ուկրաինային։ Կարելի է այդ ցուցակին Պուտինին էլ գումարել։

Եվրոպական առաջնորդները և ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարությունը դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումն այս պլանի վերաբերյալ։ Ըստ ամենայնի, հենց այս ծրագիրն է Օրբանը բերել Թրամփին, իսկ եվրոպացի առաջնորդների արձագանքը, ովքեր ցանկանում են Հունգարիային հեռացնել Եվրախորհրդի նախագահությունից, հուշում է, որ նրանք ոգեւորված չեն այս պլանով։

Հիշեցնենք, որ Օրբանը կատարել է գլխապտույտ մաքոքային ճանապարհորդություն՝ Կիև – Մոսկվա – Շուշի (թյուրքական պետությունների գագաթնաժողով) – Պեկին – Վաշինգտոն-Փալմ Բիչ։ Պատկերից դուրս է մնացել այցը Շուշի, դրա հետ մեկտեղ՝ իսրայելա-թուրքական դաշինքի ներգրավումն այս պլանում։ Չնայած Էրդողանը թույլ չի տա, որ իրեն մոռանան։

«Պարոն Օրբանը գնաց Մոսկվա և նրան քննադատեցին: Նա գնացել է Չինաստան ու նույն կերպ քննադատվել։ Այնուհետ նա մասնակցել է Շուշիի գագաթնաժողովին և արժանացել քննադատությունների։ Այժմ նրանք փորձում են որոշել, թե ինչպես հեռացնել Հունգարիային ԵՄ նախագահությունից»,- ասել է Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից թռիչքի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Ալիևն է պարտավորվել օգնել Հունգարիային, որը կարող է էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել այն բանից հետո, երբ Կիևը արգելափակեց ռուսական գազի տարանցումը իր տարածքով:

Ադրբեջանը ցանկանում է միջնորդի դերում հանդես գալ Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն գազի տարանցման շարունակման հարցում։ Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի ղեկավարության, ինչպես նաև Ուկրաինայի իշխանությունների և ԵՄ-ի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո մատակարարումները շարունակելու շուրջ, նույն Շուշիում ասել է Ալիևը։ Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը և Ուկրաինան դիմել են Բաքվին՝ բանակցությունները հեշտացնելու խնդրանքով։

Ալիևը նաև ասել է, որ շարունակելու է «հակագաղութային» արշավը Ֆրանսիայի դեմ՝ ըստ երևույթին ունենալով «Ջոնսոն-Օրբան-Թրամփ-Էրդողան» ծրագրի հեղինակների հավանությունը։

Դատելով ընթացիկ իրադարձություններից՝ ռուս-ուկրաինական «դավագիրը» կստորագրվի Շուշիում։

Նաիրա Հայրումյան