Երուսաղեմ, Հայկական թաղամաս
Մերձավոր Արևելքում պատերազմը «սկսվեց» Հայաստանից, բայց «նախադեպը» Պաղեստինում չաշխատեց
Իսրայելում արդեն 9 ամիս շարունակվող պատերազմը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, հենց որ պարզ դարձավ, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը մտադիր չեն բողոքարկել Արցախի բռնազավթումը և բնիկ բնակչության արտաքսումը։ Քաղաքական խնդիրներ բարձրացնելուց Հայաստանի հրաժարումը և դրանք զուտ հումանիտար հարթություն տեղափոխելու փորձը պետք է նախադեպ դառնար այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Պաղեստինում հակամարտությունները «կարգավորելու» համար։
Իսրայելի ղեկավարությունն առ այսօր չի կարող Պաղեստինի գոյության պլան ներկայացնել ռազմական գործողությունների ավարտից և ՀԱՄԱՍ-ի պայմանական ոչնչացումից հետո։ Իսրայելը չի ցանկանում ճանաչել Պաղեստինի պետությունը, և դա ավելի ու ավելի շատ մերժում է առաջացնում աշխարհում։ Հատկապես արցախյան «նախադեպի» ֆոնին, որտեղ ընդհանուր կոնսենսուսով կիրառվեց «չկա արցախցի, չկա արցախյան խնդիր» սկզբունքը։ Բայց այս սկզբունքը չգործեց նույնիսկ Արցախում։ Արեւմուտքը չի պատրաստվում հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, այսինքն՝ Արցախի հարցը լուծված չի համարում։ Իսկ Մերձավոր Արեւելքում պահանջում է 1967 թվականի սահմաններում ստեղծել երկու պետություն։
Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը միակ ճանապարհն է դեպի «խարխուլ խաղաղություն» այս տարածաշրջանում, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր անգլալեզու Telegram ալիքում։
Արևմուտքի վերլուծաբանները նույնպես ասում են, որ միայն լայնածավալ պատերազմը կարող է լուծել խնդիրների ամբողջ կլաստերը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները, հայտարարելով Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու մասին, կտրուկ նվազեցրին ռազմական օգնությունն այդ երկրին։ Բրիտանական լեյբորիստական նոր կառավարությունը եւս հայտարարեց Իսրայելին տրամադրվող օգնության կրճատման մասին:
Առանց այդ օգնության Իսրայելը նույնքան անզոր է, որքան Բաքուն՝ առանց Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի օգնության։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ կարող է «ներխուժել Իսրայել, ինչպես ներխուժեց Ղարաբաղ և Լիբիա», փաստորեն բացահայտելով 2020-2023 թվականների պատերազմի ամբողջ էությունը։
Թեհրանում և Բեյրութում ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի առաջնորդների սպանություններից հետո, որոնցում մեղադրում են Իսրայելին, մեծ պատերազմի հավանականությունն ավելի է մեծացել: Երբ խաղացողները չեն կարողանում գտնել օպտիմալ շախմատային քայլեր, նրանք շրջում են խաղատախտակը: Հիմա ուզում են դա անել Իսրայելի ձեռքով։
Հայաստանի համար մեծ պատերազմի հեռանկարները կարող են ճակատագրական դառնալ։ Համաշխարհային տերությունները չեն թաքցնում, որ Հայաստանը ընկալում են որպես «խաչմերուկ»՝ չբացառելով, որ Հայկական լեռնաշխարհը կարող է մնալ առանց հայերի։ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը վայր դրեցին իրենց հիմնական զենքը՝ անքակտելի իրավունքները, ձեռքերը բարձրացնելով տերերի սպասելով։
Թուրքիան, որի հետ Հայաստանի կառավարությունը հուսահատորեն փորձում է բարելավել հարաբերությունները, պայմաններ է առաջ քաշում. Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ասել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն։ Բաքուն իր հերթին հայտարարեց, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության համաձայնություն չի լինի։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը սակայն կբերի դրա վերջնական վերացմանը։
Արցախը տարածաշրջանի պատմության մեջ միշտ եղել է բանալին, որը կարող է բացել կամ փակել Պանդորայի արկղը։ Արցախից սկսված պատերազմը պետք է ավարտվի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման միջազգային ճանաչմամբ։
Նաիրա Հայրումյան