Գլխավոր խնդիրը՝ Ադրբեջանի բոլոր հանրապետությունները հռչակված տարածքներ չունեն

  • 16:12 01.08.2024

Step1.am-ի հետ զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

-Պարո՛ն Մանասյան, Բաքուն խոսում է այդպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին՝ փորձելով արցահայության վերադարձի հարցին հակադրել սա։ Արդյոք սրանք համարժեք հարցեր են, եւ ինչպե՞ս պետք է հակադարձել այդ պահանջներին։

-Սրանք մեզ գցում են տարբեր ծուղակներ, որպեսզի մենք կենտրոնանանք այդ հարցերի վրա եւ դուրս չգանք այդ շրջանակից։ Այնինչ, մենք պարտավոր ենք իմանալ արմատական հարցերը՝ արդյոք Արցախը միջազգային իրավունքով պատկանո՞ւմ է Ադրբեջանին, թե՞ ոչ։ Եվ բնության մեջ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան», այդպիսի մի բան կա, թե՞ չկա։ Դրան հակադարձելու գլխավոր փաստարկը սա է՝ ինչ էլ նրանք ասեն, մենք պետք է ասենք՝ Արցախը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին։ Դա հաստատվել է Ազգերի լիգայի՝ 1920 թվականին ընդունած որոշմամբ։ Հինգերորդ կոմիտեի եւ Ասամբլեայի գլխավոր քարտուղարի հուշագրում այդ ամենը ասված է, որ Ադրբեջան պետություն նախկինում չի եղել, որ այսպես կոչված ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն իրեն հռչակել է անհասկանալի տարածքներում, որոնք հնարավոր չէ ընդհանրապես ճշգրտել։

Մյուս կողմից, ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է վերջանում Արեւելյան Անդրկովկասը, եւ պետության սահմանների համար այդպիսի ձեւակերպումն իրավաբանորեն անիմաստ է։ Այսօր էլ նրանք հենվում են այդ անիմիաստ հիմքի վրա։ Բայց կա ավելի հետաքրքիր փաստ՝ 1991 թվականին, երբ նրանք ընդունել են ադրբեջանական հանրապետության անկախության մասին սահմանադրական ակտը, որով վերականգնում են ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, իրենք գիտեին, որ տարածքների ու սահմանների մասին ձեւակերպումը անիմաստ է իրավաբանորեն։ Դրա համար նրանք սահմանադրական ակտում փոխել են այդ ձեւակերպումը ու գրել են՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններում ադրբեջանական հանրապետության տարածքներն անձեռնմխելի են, անօտարելի են»։

Բայց սա ավելի անհեթեթ է, քան ադրբեջանական դեմոկրատական հանրապետության ձեւակերպումը։ Ոչ ոքի հայտնի չէ, թե դա ինչ է, նամանավանդ, որ Ազգերի լիգան ասել է՝ այդտեղ պատմականորեն ադրբեջանական պետություն չի եղել։

Մենք 30 տարի եւ հիմա էլ խնդրին չենք տիրապետում եւ այս փաստերն իրենց աչքը չենք խոթում։ Անընդհատ մտնում ենք մանր հարցերի ու վեճերի մեջ, թե Կիրանցն ում է պատկանում, Ոսկեպարն ում է պատկանում։ Գլխավոր հարցը մոռանում ենք, այն է՝ միջազգային իրավունքի տեսակետից, միջազգային իրավունքի հիմքերով այդ տարածքներն ընդհանրապես չեն պատկանում Ադրբեջանին։ 1991 թվականի նա չի հռչակել տարածք, ասել է՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններում»։ Անհեթեթ, իրավունքի տեսակետից անիմաստ, սահմանազատման, սահմանագծման ու ճշգրտման ոչ ենթակա տարածքային հավակնություն։ Դրանից բխում է, որ Ադրբեջանի բոլոր հանրապետությունները երբեւիցե չեն հռչակել տարածքներ, հռչակված տարածքներ չունեն։

Թվում էր, թե 1991 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նրանք պետք է օրինական տարածքներ ձեռք բերեին, բայց արի ու տես, որ այդպես չեղավ։ Հանրաքվեի դրված էր հետեւյալ հարցը՝ «դուք համաձա՞յն եք սահմանադրական ակտի հետ», որտեղ սահմաններ չկան, որտեղ ահեթեթ բան է գրված սահմանների մասին։ Մենք այս ամենը թողած՝ ընկել ենք մանր հարցերի հետեւից։ Իրենց հաջողվում է մեզ ներքաշել երկրորդական վեճերի մեջ, այնպիսի վեճերի մեջ, որի կանխադրույթն այն է, թե դա իրենց տարածքն է։

-Արցախն ուժով օկուպացրեցին եւ հայտարարում են, թե «Արցախի հարցը լուծված է»։ Արդյոք հնարավո՞ր է հենց այսպես փակել Արցախի հարցը։

-Արցախի հարցն իրավունքով լուծված չէ, միջազգային իրավունքն ագրեսիայի արդյունքում կազմավորված պետություններն օրինական չի համարում։ 1991 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ հետո դեկտեմբերի 23-ին՝ Ալմա-Աթայից հետո Եվրոպան ընդունել է այսպես կոչված «12-ի հայտարարությունը», որտեղ ասվել է, որ ագրեսիայի արդյունքում կայացած պետություններն ինքը չի ճանաչում։ Առաջադրել է նաեւ չափանիշներ, դա վերաբերում է ազգային փոքրամասնություններին, մարդու իրավունքներին, խաղաղ միջոցներով տարածքային հարցերը լուծելուն։ Այս չափանիշներից ոչ մեկին չի բավարարել Ադրբեջանը։

Հիմա, երբ ասում են՝ «Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», պետք է հաշվի առնել այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղը ձեռք է բերել ագրեսիայի միջոցով, որը միջազգային իրավունքով ճանաչման ենթակա չէ։ Մենք դա պետք է ասենք այսօր։ Նախ պետք է ասենք՝ տուր, Ալիեւ, «կադաստրի թուղթը», ըստ որի դա քոնն է։ Տեսնենք ինչ է տալիս, բան չունի տալու, մենք պատառոտենք այդ «կադաստրի թուղթը» եւ ասենք, որ քոնը չեն այդ տարածքները։ Այդ տարածքներն ընդգրկում է ոչ թե ԼՂԻՄ-ը, այլ ամբողջ Լեռնային Ղարաբաղը, որովհետեւ Կավբյուրոյի չընդունված մի որոշմամբ ողջ Լեռնային Ղարաբաղն է բռնակցվել Ադրբեջանին։ Այսինքն՝ էլի օրիանական չի եղել, ագրեսիվ ակտ է եղել։ Մենք շատ ենք խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հիմնվել է մի տարածքում, որտեղ 95 տոկոսը հայեր էին։ Կավբյուրոյի այդ ապօրինի որոշման մեջ ասվում էր՝ ամբողջ Լեռնային Ղարաբաղը, եւ այնտեղ 70-80 տոկոսը դարձյալ հայեր էին, Շահումյանում, Քարվաճառում, մյուս տարածքներում մենք էլի վճռական մեծամասնություն էինք ունենալու։

Այնպես որ, մեր խնդիրը՝ խնդիրը չիմանալն է, մենք ազգովի չգիտենք փաստերը, փաստաթղթերը։ Իրենք անգիր գիտեն եւ այդ փաստաթղթերով են գրավում մեր երկիրը։ Ասում ենք՝ սա իմն է, մենք էլ ասում ենք՝ քոնն է, դե ուրեմն եկ, մտիր։ Մինչեւ մենք ճշմարտությունը չիմանանք, ճիշտ խոսք չենք ասի։ Նա ճշմարտությունը գիտի, որովհետեւ ինքն է կեղծել փաստաթղթերը, Ղարաբաղի վերաբերյալ չկա մի փաստաթուղթ, որը կեղծ չլինի։ Եվ այդ իմացությամբ է մեզ խաբում։

Մեր մասնագետները հաճախ ասում են, որ ԼՂԻՄ-ը լուծարվել է Ադրբեջանի կողմից 1991 թվականի նոյեմբերին։ 1991 թվականի նոյեմբերին դեռ սովետը կար, նա իրավունք չուներ դա անելու, բայց նոյեմբերին այդ որոշումն ընդունել է, ամիսներ անց, երբ սովետը չի եղել, հրապարակել է։ Այսինքն՝ բոլոր փաստաթղթերը կեղծ են, բայց մենք բոլորս դա «հալած յուղի» տեղ ընդունում ենք, որովհետեւ չգիտենք փաստաթղթերը։ Իսկ փաստթղթեր չիմանալը նշանակում է չիմանալ սեփական իրավունքը։ Եվ հակառակը՝ եթե մենք չգիտենք մեր իրավունքը, այդ փաստաթղթերին հավատում ենք։

Ռոզա Հովհաննիսյան