Թուրքական IHA գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը տեղի կունենա Անկարայում, այն կվերահսկվի թուրքական հետախուզության վարչության կողմից։
CBS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է փոխանակման շրջանակներում առնվազն 12 քաղբանտարկյալի հանձնել։ Նրանք կտեղափոխվեն Գերմանիա, պնդում է հեռուստաալիքը։
Ռուսաստանից մեկնողների թվում կլինի 25 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան։ Նրան կտեղափոխեն ԱՄՆ, որտեղ ապրում է նրա ընտանիքը, հայտնում է CBS-ը։
8 քաղաքացի կվերադառնա Ռուսաստան, այդ թվում՝ ռուսական հետախուզության հետ կապված անձինք։ Նրանց թվում է Բեռլինում Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար դատապարտված Վադիմ Կրասիկովը։
«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան, իրոք, ազատ կարձակվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման արդյունքում։ Այս մասին ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» նախագահ Սթիվեն Կապուսը։