Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
-Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պարբերաբեր շեշտադրում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, եւ հայերը պետք է դիմեն Միջազգային քրեական դատարան։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ աշխատանք չեն իրականացնում, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ չեն արվում։
-Այստեղ հատուկ քայլերի մեծ շարան չկա, միակ քայլը, որը պետք է անել, պետք է դիմել Միջազգային քրեական դատարան, որպեսզի օրդեր դուրս գրվի Ադրբեջանի նախագահի ձերբակալման համար։ Միջազգային քրեական դատարանը 100-ից ավելի անդամ պետություններ ունի, եւ նման օրդերի դուրս գրման դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կզրկվի աշխարհի պետությունների մեծամասնությունն այցելելու հնարավորությունից, հատկապես եվրոպական երկրներ։ Եվ դա հայկական կողմի մոտ լրացուցիչ քաղաքական լծակ կլինի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ։ Իսկ Հայաստանի իշխանությունը, չօգտագործելով այդ հնարավորությունը, նաեւ իմաստազրկում է Հայաստանի Հանրապետության՝ Միջազգային քրեական դատարանին միանալու քայլը։ Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի Հաագայի Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալ, եթե չես դիմելու դատարան՝ քո պետության, ազգի դեմ կատարված ցեղասպանության ու էթնիկ զտման դեպքով համապատասխան քրեաիրավական հետեւանք առաջացնելու համար։
–Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն դիմում Միջազգային քրեական դատարան, ի՞նչ պատճառներ եք տեսնում։
-Հնարավոր է՝ դա պայմանավորված է դիվանագիտական գործընթացներով։ Նաեւ հնարավոր է՝ պայմանավորված լինի հենց այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում։ Այսինքն՝ անթույլատրելի է վախենալ անխուսափելիից, եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա, իմաստ չունի դրանից խուսափել, դա հիմարություն է։ Եթե պետք է պատերազմ լինի, մեկ ամիս ուշ, մեկ ամիս շուտ, դրանից վախենալով ինչ-որ զիջումների գնալ կամ քաղաքական, միջազգային իրավական գործիքակազմը չօգտագործել, դա սխալ է։ Հենց վախից դրդված գործողությունների ու զիջումների շարք է սա, որը կատարվում է նաեւ միջազգային իրավունքի դաշտում։
-Միջազգային քրեական դատարան դիմելու դեպքում արդյունքների հասնելու հնարավորություններ կա՞ն։
-Միանշանակ, կան։ Միջազգային քրեական իրավունքի ոլորտում մասնագիտացված անձի՝ Օկամպոյի մասին հարց տվեցիք։ Նա հորդորում է հայկական կողմին միջոցներ ձեռնարկել։ Եթե համապատասխան ոլորտում մասնագիտացված անձը նման հորդորով է հանդես գալիս, ուրեմն լուրջ շանսեր է տեսնում։ Միանշանակ, լուրջ շանսեր կան, քանի որ էթնիկ հայկական բնակչությունը, 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր էթնիկ հայրենիքից։
Ես նաեւ ուզում եմ մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնել՝ եթե հիմա Հայաստանի Հանրապետությունը դիմի Միջազգային քրեական դատարան, ՀՀ մոտեցումները կարող է ճիշտ չհասկացվեն, քանի որ ՀՀ իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախի Հանրապետության նախկին նախագահները, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում, ազգությամբ հայեր են, ՀՀ իշխանությունները նրանց հետ պարբերաբար բանակցում էին։ Այդ անձինք հիմա Բաքվում են, եւ քաղաքական պահանջ չկա նրանց ազատ արձակելու։ Չի հնչեցվել նման պահանջ, որ գերեվարված մեր նախագահներին պետք է բաց թողնեք։ Այսինքն՝ այս նույն գործընթացի շարունակությունն է նաեւ Արցախում ցեղասպանության եւ էթնիկ զտումների համար մեղավորներին, տվյալ դեպքում Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության չկանչելը։ Այսինքն՝ այս ամենը մեկ ամբողջության մեջ է։
–Արցախն ուժով օկուպացնելուց հետո հայտարարում են, թե «Արցախի հարցը լուծված է»։ Արդյոք այդ «լուծումը» լեգիտի՞մ է, իրավիճակը շրջելու ի՞նչ հնարավորություն կա։
-Ուժով լուծումը երբեք չի կարող լեգիտիմ դիտարկվել։ Եթե բռնի ուժով, զենքի գործադրմամբ է հարցը լուծվել, դրա լեգիտիմությունը ո՞րն է։ Միջազգային սկզբունքները խախտվել են, բացի միջազգային սկզբունքները խախտելուց, ակնհայտ է, որ էթնիկ բնակչությունը զրկվել է իր պատմական հայրենիքից։ Եվ դա տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Երբ Իսրայելը հարձակվեց եւ պատերազմ սկսեց Համասի դեմ, Հարավաֆրիկյան հանրապետությունը դիմեց Միջազգային քրեական դատարան, որպեսզի Իրսայելի գործողությունները որակեն ցեղասպանություն։ Այսինքն՝ նույնիսկ այսպիսի միջազգային փորձ ունենալու պարագայում Հայաստանի իշխանությունը չի նախաձեռնում արցախահայերի դեմ կատարվածը որակելու եւ քրեաիրավական հետեւանք առաջացնելու գործընթաց։ Սա ուղղակի քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում։
Ռոզա Հովհաննիսյան