Մեկօրյա պատերազմում Ճարտարի դիրքերում ընկան 11 հայորդիներ և հարյուրավոր ադրբեջանցիներ

  • 19:25 02.08.2024

Forrights

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բժիշկ-ստոմատոլոգ Նվեր Բաղդասարյանը շուրջ 17 տարի մասնագիտական գործունեություն է ծավալել հայրենի բնօրրանում։ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում վեց տարի աշխատելուց հետո նա ձեռնամուխ է եղել սեփական ներդրումներով նույն բուժհաստատությունում բացել ատամնաբուժական մասնավոր կաբինետ (ԱՁ), որտեղ էլ աշխատում էր մինչև անցած տարվա մեկօրյա պատերազմը։

Արցախի շրջափակման պայմաններում յուրաքանչյուր ոլորտի աշխատող յուրովի բախվում էր տարաբնույթ խնդիրների։ Լիակատար շրջափակման հետևանքով Նվեր Բաղդասարյանի ստոմոտոլոգիական նյութերն արդեն վերջացել էին և 2023թ. սեպեմբերի 19-ին պատերազմից կես ժամ առաջ նա ոտքով ուղևորվել է բուժհաստատություն, որտեղ վերջին նյութերով պետք է բուժեր տվյալ ժամին նշանակված հաճախորդին։

«Այդ օրն աշխատանքի էի գնում մեկ հոգու համար և բուժման համար պիտի օգտագործեի մի կերպ հայթայթած վերջին նյութերը։ Սակայն պացիենտը ատամնաբուժարան գալու ճանապարհի կեսից միանգամից մեկնում է առաջնագիծ, որտեղ էլ ծանր վիրավորվում է և տեղափոխվում վերակենդանացման բաժանմունք։ Առաջին պայթյունը Ճարտարի վերևի հատվածում տեղակայված կապի հանգույցում էր, միանգամից խափանվում է բջջային կապը, համայնքը հոսանքազրկվում է ու սկսվում են հրետակոծություններ պաշտպանական դիրքերի ուղղությամբ։

Հիվանդանոցը բարձունքում էր, և ես այնտեղից դիտում էի, թե ինչպես չորս կողմից կրակ էր թափվում։ Ամենուր իրարանցում է սկսվում։ Բուժանձնակազմի մեծամասնությունը կանայք էին և վախից տարակուսած շվարել էին։ Անհրաժեշտ էր սթափվել և օպերատիվորեն պատրաստվել առաջին վիրավորների ընդունելուն»,-պատերազմի առաջին պահերը ներկայացրեց բժիշկը։

Մինչև մեկ ժամը հիվանդանոցի մուտքում տեղադրում են թախտեր, պատրաստում առաջին բուժօգնության պարագաները, հանում պահուստային դեղորայքը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մեկ ժամից հետո ընդունում են առաջին քաղաքացիական վիրավորին Մաճկալաշեն գյուղից։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով հիվանդին ուղարկում են Ստեփանակերտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։

Աստիճանաբար վիրավորների թիվը սկսեց աճել։ Շտապօգնության մեքենաները համարյա վառելիք չունեին։ Թեթև վիրավորումներով զինծառայողները դիրքերից ոտքով էին հասնում տեղամասային հիվանդանոց, իսկ դիրքերը 5 կմ հեռավորության վրա էին։ Բարդ վնասվածքներ ստացած վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո մի կերպ ուղարկել են Մարտունու շրջանային հիվանդանոց։

Բժշկի խոսքով՝ դեռ որոշ ժամանակ կապ ունեին Ստեփանակերտի բուժհաստատությունների հետ, այնուհետև կապը լիովին կտրվում է և չեն կարողանում կապվել նույնիսկ իրենց բուժանձնակազմի շտապօգնության մեքենայի հետ, որով վիրավորները տեղափոխվում էին մարտական դիրքից 700 մ հեռավորությամբ գտնվող ընդհանուր ճանապարհով։

Ճարտարից կրակահերթերի ու հրետակոծությունների տակ շտապօգնության մեքենայով վառելիքի վերջին պաշարներով հինգ անգամ վիրավորներ են տեղափոխել Մարտունու բուժհաստատություն։ «Մեկօրյա պատերազմի ընթացքում տեղամասային մեր հիվանդանոցում ընդունել ենք 19 վիրավոր, որոնցից 2-ը (առաջին և վերջին վիրավորները) հետո մահացել են։ Բուժսպասարկմանը ներգրավվել են 2 բժիշկ, 3 բուժքույր, 2 սանիտար։ Չորս վիրավոր առաջին բուժօգնություն ստանալուց հետո կրկին վերադարձել են դիրքեր։ Վիրավորներից մեկի պարանոցի շրջանի հրազենային վնասվածքը քնային զարկերակից ընդամենը 2 մմ էր հեռու, ինչի հետևանքով փրկվեց մահից։

Դիպուկահարի կրակոցից բարեբախտաբար թեթև ընթացքով վիրավորում ստացած մի զինվոր ամբողջովին հյուծվել էր սովից։ Ասում էր՝ վիրակապեք, գնում եմ, բայց չէր կարողանում քայլել։ Հասկացանք, որ սոված է։ Էնքան պահեցի մինչև հաց կերավ, մոտ մի ժամ կաթիլային ներարկեցինք, մի քիչ քնեց, իսկ գիշերվա երեքին վեր կացավ ու գնաց նույն դիրքը»,- պատմեց բժիշկը։

Հոսանքի և կապի բացակայության պատճառով բուժանձակազմը տեղյակ չէր հրադադարի մասին։ «Կոհակի» դիրքը մոտ էր հիվանդանոցին։ Հենց հրետանին լռեց, հասկացան, որ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որոշ ժամանակ անց մերձմարտեր են եղել նշյալ դիրքում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացրեց զրուցակիցս, թշնամին այդ ձորում ունեցավ հարյուրավոր զոհեր և միայն երկու օր հավաքում էին իրենց դիերը։

«Ճարտարի բոլոր տղամարդիկ դիրքերում էին։ Նույնիսկ հրաման կար, որ ռեզերվում մնացողներ լինեն, բայց ոչ ոք չմնաց։ Սննդամթերքի պակասի և վառելիքի խնդիրների պատճառով խիստ դժվարություններ եղան։ Ի դեմս այդ խնդիրների՝ հակառակորդը հատկապես Ճարտարի դիրքերում կրեց բազմաթիվ կորուստներ։ Մեկօրյա պատերազմում մեր դիրքերում ընկան 11 հայորդիներ և հարյուրավոր ադրբեջանցիներ։ Հետաքրքրական էր նաև այն, որ հակառակորդի հրետանին 24 ժամվա ընթացքում շուրջ հազար արկով չկարողացավ ոչնչացնել մեր դիրքերից մեկում տեղակայված 80 մմ-անոց ականանետը։ Ու այդ դիրքում ո՛չ վիրավոր ու ՛ոչ էլ զոհ ենք ունեցել։ Արցախի ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է անմնացորդ, զինծառայողները մարտնչել են անձնազոհ՝ մինչև արյան վերջին կաթիլը»,-նշեց բժիշկը։

Նվեր Բաղդասարյանը հիվանդանոցում մնաց մինչև սեպտեմբերի 24-ը։ Ճարտարցիների տարհանման համար վառելիք տրամադրեցին սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան։ Մարտունու ամբողջ շրջանն արդեն լիովին տեղահանվել էր, բացի Ճարտարից։

«Այդ ժամանակ արդեն ՌԴ խաղաղապահների զրահամեքենայի ուղեկցությամբ գյուղամեջ են մտել ադրբեջանցի զինվորներ, իբրև թե շեղվել են ճանապարհից ու հետո հեռացել։ Մենք մեր զենքերը չէինք հանձնել և անհրաժեշտության դեպքում պատրաստ էինք դիմակայել։ Ճարտարից ստիպված տեղահանվեցինք սեպտեմբերի 27-ին։

Քաղաքապետարանը կազմակերպեց ավտոմեքենաներ չունեցող ընտանիքների տարհանումը։ Մտնում էին տնետուն, որ մարդ չմնա։ Տարեցներ կային, որոնք հրաժարվում էին դուրս գալ իրենց տներից, բայց ադրբեջանցիներն արդեն համայնքում էին և ստիպված պետք է լքեին»,- տեղեկացրեց Ն. Բաղդասարյանը։

Այդ ժամանակ բժշկի ընտանիքը Ստեփանակերտում էր և կապի բացակայության պատճառով նա տեղեկություն չուներ հարազատներից։ Մեկօրյա պատերազմից միայն հինգ օր հետո նա բարձրանում է Գիշի գյուղի հանդիպակաց սարը և մի կերպ կարողանում է զանգել Երևանում գտնվող քրոջը՝ ընտանիքից որևէ լուր իմանալու համար։ Հայրական տնից բժիշկը ոչինչ չի կարողանում վերցնել. նա օգնում է գյուղից տարհանել հորաքրոջ ընտանիքին և հասցնել Ստեփանակերտ։

Մեր զրուցակցի խոսքով՝ տեղահանման ժամանակ ադրբեջանցիները կանգնեցրել են Ճարտարից տեղահանվող մի ընտանիքի ավտոմեքենան և նրանցից խլել եղած գումարները, կնոջ վզից հանել են ոսկե շղթան, ձեռքի մատանին և արժեքավոր մյուս իրերը։ Դրանից հետո քաղաքապետարանի աշխատակիցները միջոցներ են կիրառել, որ համայնքի մյուս բնակիչները առանց խոչընդոտների տեղահանվեն։

Նվեր Բաղդասարյանն ընտանիքի հետ միավորվել է սեպտեմբերի 27-ին և նույն օրը երեկոյան բռնել են տեղահանման 34-ժամյա դժոխային ճանապարհը։

Բժիշկը Ճարտարում թողել է տարիների իր ներդրումներով կահավորված ատամնաբուժական կաբինետն ու մասնագիտական թանկարժեք բոլոր գործիքները և այժմ Երևանում չի կարողանում շարունակել զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։ Խնդիրներ շատ ունի, բայց առաջնայինը զբաղվածության հարցն է։ Նորից սեփական ԱՁ բացելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը ներկա պահին ինքն ի վիճակի չէ։ Դիմել է մասնավոր ատամնաբուժարաններ, սակայն տեղի բարձր վարձավճարին զուգահեռ պետք է ձեռք բերի նաև ստոմատոլոգիական նյութեր, ինչը նրա ներկայիս կարգավիճակում հնարավոր չէ, իսկ Արցախ վերադառնալու հույսը նրա մոտ երբեք չի մարում։

Զառա Մայիլյան   

f