Զարիֆի վերադարձը․ Իրանի քաղաքականությունը ՌԴ եւ Արցախի հարցով կփոխվի

  • 00:20 03.08.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով երկրի նախկին արտգործնախարար Մոհամադ Զարիֆը նշանակվել է Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ, հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները։

«Ձեզ հանձնարարված է վերահսկել ազգային և միջազգային խոշոր զարգացումները, ինչպես նաև, թե որքանով է մեզ հաջողվում հասնել Սահմանադրության նպատակներին», – ըստ IRNA գործակալության՝ նշանակման նամակում նշել է Իրանի նորընտիր նախագահը։

Զարիֆն Իրանի դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարել է 2013-2021 թվականներին։ Նա համարվում է Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։

Զարիֆի նշանակումը, հավանաբար, միտված է ցույց տալ ոչ միայն Իրանի պատրաստակամությունը՝ վերականգնել միջուկային գործարքը։ Զարիֆի՝ 2021-ի ապրիլին տված հարցազրույցի «արտահոսումը» մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նա բացահայտ հայտարարել է, որ Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների նորմալացումը չի բխում Ռուսաստանի շահերից, այդ իսկ պատճառով միջուկային գործարքը չի բխում նրա շահերից։

Նա մեղադրել է Մոսկվային, որը, ըստ նրա, 2020-ին սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին փորձել է խաթարել Թեհրանի միջուկային համաձայնագիրը արևմտյան երկրների հետ։

Զարիֆի այն ժանանակվա տեղակալ Արաղչին, հավանաբար, Իրանի արտգործնախարար կնշանակվի։ Արաղչին 2020-ի Արցախյան պատերազմի ժանանակ կողմերին խաղաղության իր պլանն էր առաջարկում։ Հետո «անցավ» ռուսական պլանը։

Զարիֆի հուշերի գրքում, որ օրերս է հրատարակվել, նշվում է․

«Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։ Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտոր Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»:

Հիշեցնենք, որ օրերս այաթոլա Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը, ընդգծելով՝ «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։