Բերձորի անտառներում՝ հրամանատարի ու միջազգային «Հելլո Թրասթ» կազմակերպության ղեկավար անդամներից մեկի հետ
Բերձորցի Նազելի Իսունցը ծննդով Գորիսից է։ Ապրում էր բժիշկ ամուսնու ու երեք երեխաների հետ։ Երջանիկ էին, հետո խնդիրներ ծագեցին ընտանիքում, ու Նազելին մնաց երեք երեխաների հետ մենակ։
Մասնագիտությամբ մանկավարժ է, Բերձորի թանգարանում էր աշխատում։ Ընտանիքը կերակրելու համար Նազելին ընտրեց բարձր վարձատրվող, սակայն ամենևին էլ ոչ կանացի մասնագիտություն՝ նա ականազերծող էր։ Առավոտ ծեգին դաշտ գնալն ու սեփական կյանքը վտանգելը սովորական էր դարձել։ Երբ գիտես, որ այդ գնով վաստակած գումարով երեխաներիդ ես ոտքի կանգնեցնում, ուժ ես ստանում։
“Իրականում հիմա ես ինքս էդ ես չեմ, որովհետեւ այդ 10 տարին շատ բան փոխեց եւ իմ մեջ, եւ արտաքնապես, կարելի է ասած։ Իրականում շատ վախկոտ մարդ էի, խուճապի մեջ մտնող, կաշկանդվող։ Ես մինչեւ այդ աշխատանքին եւ թիմին հարմարվել եմ, հիմա կոլեկտիվա՝ տղամարդիկ են հիմնականում եղել, հետո նոր աղջիկների խումբն է ձեւավորվել, մինչեւ հարմարվել եմ այդ դրսի կյանքին․․․ Աղջիկներով 8 հոգի էինք”։
Առաջին գործը 9 տարի առաջ էր, Եղծահողում էր ականապատ դաշտը։ Աշխատանքն սկսվում էր վաղ առավոտյան. 5:30-ին կանայք արդեն կազմ ու պատրաստ, նախաճաշած բազայից դաշտ են ճանապարհվում։
Լուսանկարում՝ Բերձորի բազայում՝ դաշտ մեկնելուց առաջ
Լուսանկարում՝ դաշտում
Ամեն մի օրը սկսվում և ավարտվում էր ինչպես ֆիլմերում՝ կանանց կյանքը մի մազից էր կախված, սխալվելը հավասարազոր էր մահվան։ Իսկ սխալվելու իրավունք այս կանայք չունեին՝ տանը նրանց երեխաներն էին սպասում, մայրիկը պարտավոր էր առավոտ վաղ նրանց համբուրելուց ու տնից դուրս գալուց հետո նույնկերպ երեկոյան անփորձանք տուն դառնալ ու իր ջերմությունը հաղորդել զավակներին։
Լուսանկարում՝ կանանց ականազերծող խումբը ծանր աշխատանքից հետո հանգստանում է
Լուսանկարում. հերթական ականազերծումից հետո Նազելին տուն է վերադարձել, մեքենայի վրա ականազերծող սարքավորումներն են
Լուսանկարում՝ ականազերծող ընկերուհու հետ լուսանկարվել են առաջին արցախյան պատերազմում ազատագրված տարածքները ականազերծելուց հետո
Լուսանկարում՝ երբեմն նման սիրո խոստովանություն են ստանում ֆշշացնող սիրահարներից։ Լուսանկարը Քարագլխում է արված
Լուսանկարում՝ Ձյունապատ տեսարանի տակ ականը չի երևում
Արտասահմանյան լրագրողներին ուղեկցել են առաջնագիծ, լուսանկարը Մարտունիում է արված, 90–ականներին Վեսալլու կոչվող տեղանքը առաջին գիծ էր։ Ձմռան կեսին բարձրանում էին այդ բարձունքները։ «Անտանելի ցուրտ էր,– հիշում է Նազելին,– բայց գիտակցում էինք, թե ինչ կարևոր աշխատանք ենք իրականացնում։ Լավ կոլեկտիվ էր, ամեն մի օրը մյուսի նման չէր, փոխվում էին տեղանքները, խնդիրը նույնն էր մնում՝ մահաբեր ականներից ազատել հայրենիքը, որ ազատ շունչ քաշենք։ Մաքրելը՝մաքրեցինք, ազատ շունչ քաշելը երազանք մնաց»:
Լուսանկարում՝ Արտասահմանյան լրագրողների հերթական խմբի հետ
Արցախի հետ են կապված նրա կյանքի լավագույն տարիները. երեխաները ծնվել ու մեծացել են Արցախում, մեծ տղան մասնակցել է 44–օրյա պատերազմին, կռվել ու վիրավորվել է Մարտունիում, մինչև 2023 թվականի սեպտեմբերը Նազելին տղաների հետ Արցախում էր։
Երևանում ապրում է վարձով, որպես 2020 թվականի տեղահանված, օգտվելով պետական ծրագրից, վերջերս Սպիտակում բնակելի տուն է ձեռք բերել։ Երկրորդ հարկում զուգարան-բաղնիք կկառուցեն, ու հարմարավետ օջախ կդառնա։
Ինչո՞ւ միայն վերջերս են տուն ձեռք բերել, չէ՞ որ 10 մլն դրամի սերտիֆիկատը վաղուց են ստացել: Նազելին ասում է՝ տղաս ու ամուսինս վիրավորված էին, վերականգնողական կենտրոններում բուժման կուրս էին անցնում, և հետո էլ չէինք կողմնորոշվում ՝ վերադառնա՞նք Արցախ, թե՞ Հայաստանում տուն ձեռք բերենք։
Վերջին պատերազմն ու Արցախի հայաթափումը որոշեց նրանց փոխարեն։
Հայաստանում Նազելին որոշեց հիմնել սեփական բիզնեսը, առայժմ առաջին քայլերն է անում։
«Շրջափակումը կանանց հնարամիտ էր դարձրել, մանկական կերից քաղցրավենիք էի պատրաստում»-հիշում է Նազելին։ Այժմ էլ որոշել է նույն հնարամտության կիրառմամբ քաղցր փնջեր կապել, կոմպոզիցիաներ է հավաքում չրեղենից, ընդեղենից։ Արդեն վաճառքներ ունի։
Գինը հարմարեցնում է պատվիրատուի հետ, պատվերներ շատ են լինում, հատկապես՝ կանանց տոների առթիվ։
Չրեղենի փնջերն ավելի թանկ արժեն, քանի որ հումքն ինքնին թանկ է, քաղցրեղենի փնջի գները կախված են կոնֆետների տեսականիից։
Այս փունջը Նազելին պատրաստել է «Կանանց աքսելերատ» ծրագրի շրջանակներում իր շնորհանդեսի համար։ Ծրագրի մասին պատահական սոցիալական ցանցերից է իմացել, հայտ է ուղարկել ու նախնական ընտրության փուլը հաղթահարել։ Այժմ բիզնեսի վարման գիտելիքներ է ձեռք բերում ու նախապատրաստվում ներդրողներին լավագույնս ներկայացնել իր արտադրանքը, որպեսզի տան պայմաններում սկսածը այլկերպ շարունակի։
“Միշտ փորձել եմ մի լավ բան անել, ըստ ինձ՝ լավ բիզնեսա, բայց անգրագետ, քանի որ թվացելա՝ դա է իմ առավելությունը, որ ինչ-որ բան կարում եմ անել, բայց իտոգում առավելություն չունեի։ Հիմա իմ առավելությունը կրթություննա, գրագիտությունը”
Լուսանկարում՝ Նազելին ներկայացնում է իր բիզնեսը
Ստեփանակերտում Նազելին բիլիարդանոց էր բացել, գործերը վատ չէին։ Նոր իրողություններում ճկուն գտնվելու, նոր գաղափարներ զարգացնելու անհրաժեշտություն է տեսնում։
Ռիսկային գործ սկսելուց չի վախենում, սակայն հաջողելու համար գիտելիքներ են պետք, օրինակ՝ գոյություն ունի գնագոյացման բանաձև, բիզնեսի առաջխաղացման մեթոդներ, ճիշտ բիզնեսվարման ուղեցույցեր: Այս ամենին Նազելին տեղեկացել է «Երազ» բիզնես կենտրոնում կազմակերպված դասընթացների ժամանակ, որ նախաձեռնել էր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։
Արցախում հեշտ էր այն տեսանկյունից, որ կայուն աշխատանք ուներ, իսկ հիմա ամեն ինչ կախված է պատվիրատուից։
Շուկայական հարաբերություններում մեծ մրցակցության պայմաններում պիտի այնպիսի առաջարկ անես, որ հաճախորդը կողքով չանցնի։ Սկզբնական շրջանում, իհարկե, կաշխատեն նվազագույն շահույթով, հետո արդեն, երբ դիրքավորվեն շուկայում, կկարողանան կայուն եկամուտ ունենալ։
Սա էլ մի յուրահատուկ ականի դաշտ է, պետք է գերճշգրիտ հաշվարկ անես, նոր գործը սկսես։ Ձախողվելու վտանգը սկսնակ բիզնեսներին սպառնում է ինչպես չպայթած ականը։
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստված է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: