Monument Watch-ը ահազանգում է․
Համաձայն արբանյակային լուսանկարների (նկ. 1), ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն:
Դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի ‹‹Օխտը դռնի›› վանքը: Ոչնչացման գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները:
2021 թվականից սկսած օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող մեծածավալ ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով Արցախի բազմաթիվ գյուղերում կատարվում էին մեծածավալ ավերումներ: Ռիսկային գոտում են հատկապես Հադրութի շրջանի գյուղերը և դրանց հարակից տարածքները, ինչը պայմանավորված էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցվածքների կառուցմամբ, երբ ավերվում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպես նաև շինտեխնիկայի, սպասարկող անձնակազմի, շինարարական նյութերի և թափոնների կուտակման համար: Հաճախ տարաբնույթ ինժեներական հարցերը լուծվում էին ի հաշիվ հայկական գյուղերի կամ դրանց տների ավերման https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանական-ճանապարհները-և-վտանգ/: Մոխրենես գյուղի ավերումը թերևս հենց այս միտումնավոր գործողությունների հետևանքն է:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: