Պուտինը եւ հեռացող Միշելն ու Բայդենը շարունակում են սեպտեմբերի 17-ին ԵՄ-ՌԴ-ԱՄՆ հանդիպման սեւ գործը

  • 09:07 03.08.2024

Արևմուտքում խոսում են աշխարհում «գլոբալ պատերազմի կուսակցության» հաղթանակի հավանականության մասին՝ փորձելով դրան հակադրել «գլոբալ խաղաղության կուսակցութունը»։ Սակայն իրականում «պատերազմի կուսակցության» դեմ ձեւավորվում է «կապիտուլյացիայի կուսակցություն», և Հայաստանը դառնում է այդ կուսակցության «ռահվիրան»։

Անցյալ շաբաթ տեղեկատվության արտահոսքեր հայտնվեցին այն մասին, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, յուրաքանչյուրը յուրովի, խրախուսում են Հայաստանին ստորագրել «խաղաղության պայմանագիր»։ Արևմուտքը համաձայնագրի պայմանների շուրջ բանակցությունները թողնում է կողմերի հայեցողությամբ՝ ըստ էության, դրանով իսկ ճանաչելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Բաքվի կիրառած «ուժի լեգիտիմությունը»։

Վաշինգտոնը դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ նոր ցամաքային միջանցք ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա հավելեց, որ այս ամենը Միացյալ Նահանգների ջանքերի մի մասն է, որը թույլ կտա Կենտրոնական Ասիայի երկրներին ընտրել իրենց ճանապարհը դեպի համաշխարհային շուկաներ: Պաշտոնյան խոսեց նաև Հայաստանի վրա ռուսական ազդեցությունը նվազեցնելու Վաշինգտոնի փորձերի մասին, որը, ըստ նրա, դեռևս մեծապես կախված է Մոսկվայից տնտեսությունից  և էներգետիկայից։

Հունիսի վերջին՝ Բաքու կատարած այցից առաջ, Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը։

«Մի երթուղին գնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մեկ այլ՝ ավելի լայն երթուղի կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Ուստի մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր՝ 90-ականներից սկսած պատերազմը և սարսափելի հակամարտությունը վերջ տալու համար։ Ուղերձը մեկն է. ժամանակն է խաղաղություն հաստատելու», – ասել է Օ’Բրայենը:

ԱՄՆ-ն խուսափում է խոսել այն մասին, թե ինչ պայմաններում է անցնելու այս ճանապարհը Հայաստանի համար, և ինչ օգուտներ կունենա Հայաստանը, եթե ռուսական ազդեցությունը փոխարինվի թուրքական ազդեցությամբ։

«Իր հերթին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը (այս պաշտոնում մինչև նոյեմբեր – խմբ.) վերսկսում է ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում լարվածությունն աճում է», -նշում է ամերիկյան Politico հրատարակությունը։

«Բրյուսելում աճում է հիասթափությունը բանակցությունների ամիսների ձգձգման և դիվանագիտական ​​փակուղու պատճառով, որոնց պատճառով երկար սպասված խաղաղությունը չի կնքվել», -նշում է հոդվածի հեղինակը։

«Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղերը և գործարք կնքեն, քանի որ ԵՄ նախագահ Միշելն արել է ամեն հնարավորը խաղաղ համաձայնագրի հասնելու համար», – ասում է Միշելի մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Ամերիկյան հրատարակությունը նաև նշում է, որ Շառլ Միշելը ձեռք է մեկնել Երևան և Բաքու 9 ամիս անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակման է ենթարկել Լեռնային Ղարաբաղը, որի հետևանքով 100,000 էթնիկ հայեր են արտագաղթել: Ավելին, հոդվածում ընդգծվում է այն փաստը, որ Ադրբեջանի կողմից բռնությունը տեղի է ունեցել Միշելի կազմակերպած երկար ամիսների բանակցություններից հետո, չնայած Արևմուտքի զգուշացումներին, որ միայն դիվանագիտական ​​լուծումը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին։

Միևնույն ժամանակ, Միշելը չդատապարտեց ուժային «լուծումը», որը Բաքուն բացահայտորեն ներկայացնում է որպես «լեգիտիմ»։ Ավելին, Էրդողանը, հայտարարելով Իսրայել ներխուժելու հնարավորության մասին, ասել է, որ դա կանի, «ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա»։ Սրանից հետո էլ եվրոպացի քաղաքական գործիչները չդատապարտեցին բռնությունները, որոնց ենթարկվում է Հայաստանը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդհանրապես չի մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը։

Ուժային մեթոդների վրա հիմնված «դիվանագիտական ​​լուծման» պայմանները ենթադրում են Հայաստանի կապիտուլյացիա, և դա խրախուսում են արևմտյան քաղաքական գործիչները՝ այն ներկայացնելով որպես «գլոբալ լուծում» և հաղորդակցությունների բացում։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը խուսափել է այն հարցին, թե որպես «խաղաղության պայմանագիր» ստորագրելու պայման  Ալիևը պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։

«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին: Հենց դրան է ուղղված ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթը»,- նշել է նա։

«Եռակողմ համաձայնագրերն» է, որ Հայաստանը հասցրին կապիտուլյացիայից հինգ րոպե պակաս վիճակի։ Ե՛վ հեռացող Միշելը, և՛ հեռացող Բայդենը, եւ Պուտինը հետեւողականորեն շարունակում են սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում ԵՄ-Ռուսաստան-ԱՄՆ հանդիպման գրրծը, որտեղ որոշվեց օկուպացնել և տեղահանել Արցախը։ Հիմա կապիտուլյացիան հասցնում են մինչեւ վերջ։

Նաիրա Հայրումյան