Սոցիալական բնակարան Արցախի բնակիչների համար. Ո՞ւմ, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ պայմաններում

  • 19:11 04.08.2024

Միայնակ թոշակառու Ռենա Պ.-ն ապրում էր Ստեփանակերտի սեփական բնակարանում և վստահ էր, որ ապահովել է իր ծերությունը։ Արցախի բնիկ բնակչության տեղահանությունից հետո կինը բնակություն է հաստատել Հայաստանի համայնքային շենքերից մեկում, որտեղից այժմ նրան վտարում են։ Ռենայի ամենամեծ վախն այն է, որ նրան կստիպեն գնալ ծերանոց։ Նա ֆիզիկապես կարողանում է ինքնուրույն ապրել։

Ավագյաններ ամուսինները բնակարան են վարձում Երևանի ծայրամասում. Ստեփանակերտում նրանք թողել են մի մեծ տուն, որը կառուցել էին տասնամյակներ շարունակ։ Փորձեցին այլ մարզերում բնակություն հաստատել, բայց վերադարձան Երեւան, քանի որ միայն այստեղ կարելի է կողմնակի աշխատանք գտնել՝ գործատուները չեն ցանկանում մշտական ​​աշխատանքի ընդունել 50-ից բարձր մարդկանց։ Տան վարձավճարը վճարում են 40+10 ծրագրով՝ դրան գումարելով իրենց աշխատածի մեծ մասը։ Մնացած գումարը հազիվ հերիքում է հացին ու բանջարեղենին։

Կարինա Ա.-ն հիվանդ անչափահաս որդի ունի։ Արցախում կինն ուներ բնակարան, աշխատանք և սոցիալական նպաստներ, ինչը հնարավորություն էր տալիս լիարժեք բուժում ապահովել որդու համար։ Հայաստանում նրանց տուն են հատկացրել պանսիոնատում, որտեղ 10 այլ ընտանիքի հետ կիսում են ընդհանուր կոմունալ պայմանները։ Կինը հասկանում է, որ չի կարողանա բնակարան գնել քաղաքային բուժհաստատության մոտ, չի կարողանա վճարել հիփոթեքը, քանի որ չի կարող աշխատել և միաժամանակ խնամել որդուն։

Արցախից շատ ընտանիքներ դարձել են անօթևան, իսկ անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունները, նույնիսկ կառավարության բնակարանային ծրագրի պայմաններով, զրոյական են։ Շատերը հույսը դնում են սոցիալական բնակարանների վրա։ Թեև բնակապահովման ծրագիրը պարունակում է բնակարանների ձեռքբերման կամ կառուցման հստակ պայմաններ, սոցիալական բնակարանների վերաբերյալ բացարձակ անորոշություն է:

Պարզ չէ, թե ո՞ւմ, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ պայմաններով են տրամադրվելու սոցիալական բնակարանները։

Միայն մեկ անգամ լրատվամիջոցները, հղում անելով կառավարությանը, հայտնել են, որ այս տարի սոցիալական բնակարաններ կտրամադրվեն մի քանի հարյուր հարկադիր տեղահանվածների, և որ իբր Հայաստանի տարբեր բնակավայրերում կա 70-ից ավելի լքված շենքերի ցանկ, որոնք «նախատեսվում են վերածել սոցիալական բնակարանների հաշմանդամ եւ ոչ աշխատունակ քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանա օգտվել բնակարանների գնման ծրագրից»։

Հայաստանի տարբեր մարզերում արցախցի մի քանի հարյուր փախստականների համայնքային շենքերում անվճար կացարան է տրամադրվել։ Հիմնականում դրանք սոցիալական խոցելի կատեգորիաներին պատկանող ընտանիքներ են։ Ի՞նչ կլինի նրանց հետ՝ կվտարե՞ն, թե՞ կթողնեն այնտեղ ապրել։

Ալվարդ Գրիգորյան

f