Ծհան․ ամեն մարդ իր համար ամենաարժեքավոր իրերն է բերել

  • 23:13 04.08.2024

Ռիմա Կարապետյանի հետ ծանոթացել ենք Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում, նրա կյանքի դժվարությունների, տեղեհանության մասին արդեն հասցրել ենք խոսել: Խոսել ենք նաև Արցախից բերված ամենաթանկ իրերի մասին:

Միշտ զարմանալի է, որ մարդիկ երբեք թանկարժեք իրերի մասին չեն խոսում, ամեն անգամ փորձում ես գուշակել, թե որ իրն է տվյալ մարդու համար ամենաթանկարժեքը՝ երբեք չես գուշակում: Այս անգամ ևս չգուշակեցինք:

Տիկին Ռիման Լեռնահովիտի իրենց վարձով տան պահարանից հանում է ինչ-որ խոհանոցային պարագաներ, ինչպես գուցե կհաներ իրենց Հաղորտիի տան պահարանից: Եթե այդ խոհանոցային պարագաներից երեքը ինձ ծանոթ էին, ապա առաջինը դժվարությամբ եմ ճանաչել: Հետո բացատրեցին, որ խմորը կտրելու համար երկաթե գործիք է՝ ծհան է:

Ծհանը շատ հին է, նույնիսկ տիկին Ռիման չգիտի, թե երբ է այն հայտնվել ամուսնու հայրական տանը, ասում է, որ ծհանը նույնիսկ իր կիսուրի կիսուրինն է եղել, իսկ հետո անցել կիսուրին, ապա նրան, ինչպես կարող էր թողներ:

Հին ծհանի և շերեփի կողքին խնամքով հանում և սեղանին է դնում քավգիրը և պահածոներ փակելու մեքենան: Այս երկուսը նրա և ամուսնու օրոք է ձեռք բերվել: Ասում է, որ այն ժամանակ Արցախում շատ դժվար էր ինչ-որ բան գտնելը, իսկ երբ գտնում էին, դա մեծ երջանկություն էր: Մայրը ասել էր, որ Ստեփանակերտի շուկայում մի խանութ կա, որտեղ դրանք վաճառվում են: Տիկին Ռիմայի ամուսինը այդ ժամանակ ուսանող էր Ստեփանակերտում․ գնել էր երկու հատ՝ մեկը տիկին Ռիմայի հայրական տան համար, մյուսը՝ իր:

Իսկ պահածոների փակման համար նախատեսված մեքենան, կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում՝ «բանկա կպելի մաշինը» գնել էր հենց տիկին Ռիման, իր ուսանողական տարիներին․ չի հաշվել, թե այսքան տարիների ընթացքում ինչքան պահածո է փակել, բայց հույս ունի, որ այդ մեքենան դեռ շատ պահածոներ կփակի:

Հետո փոքր, նուրբ մարմնով կինը նկուղից հանում է խնամված 40 լիտրանոց թասը, որի կափարիչի վրա մի կերպ շոշափվում է «Ռ» տառը։ Արցախում գյուղի մեծ միջոցառումների ժամանակ միմյանց փոխանցում էին պակասող սպասքը, և կարելի էր տեսնել թասերի վրա նշաններ, իսկ ապակե սպասքի տակ, օրինակ, եղունգների լաքով նշումներ։

Տիկին Ռիման խոստովանում է, որ նույն թասից ինքն էլ ուներ՝ օժիտ էր, բայց նախընտրել է բերել կիսուրինը, որպես Արցախում ապրած հին և լավ օրերի խորհրդանիշ:

Քրիստինե Ալավերդյան

f