ВВС
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի։
Շեյխ Հասինան երկուշաբթի օրը թռել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ագարթալա քաղաք՝ փախչելով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից, հայտնում է CNN-ը: Հնդկաստանը մտադիր է Հասինայի անվտանգ անցում առաջարկել, ասվում է զեկույցում՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին:
Երկրին ուղղված իր ուղերձում բանակի շտաբի պետ, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանը հաստատել է, որ վարչապետը հրաժարական է տվել։
Վաքեր-ուզ-Զամանը հայտնել է, որ կձևավորվի ժամանակավոր կառավարություն։
Նա հավելել է, որ պատրաստվում է հանդիպել նախագահ Մուհամմադ Շահաբուդինին և հույս ունի, որ լուծումը կգտնվի մինչև օրվա վերջ։
Զամանն ասել է, որ նա արդեն խոսել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ: Դեռևս պարզ չէ, թե ով է ղեկավարելու կառավարությունը։
Գեներալը նաև խոստացել է «արդարություն» բոլոր բանգլադեշցիների համար, մի բան, որ պահանջում են ցուցարարները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդկանց մահվանից հետո:
Երկուշաբթի օրը հազարավոր ամբոխը ներխուժեց Գանոբհաբան՝ վարչապետի նստավայր։
Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները ավերում վարչապետի նստավայրը։ Ցուցարարներից ոմանք հանում են աթոռներ և նույնիսկ բազմոց։
Կիրակի օրը առնվազն 90 մարդ է զոհվել ոստիկանության և Շեյխ Հասինայի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև բախումների հետևանքով։
Զոհվածների թվում են 13 ոստիկաններ։ Նրանք սպանվել են Դաքայից 100 կմ հյուսիս գտնվող Սիրաջգանջ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման արդյունքում։
Ուսանողների բողոքի ակցիաները քաղաքացիական ծառայության աշխատատեղերի քվոտային համակարգի վերացման պահանջով սկսվել են հուլիսին։ Բողոքի ցույցերը վերաճել են Հասինային իշխանությունից հեռացնելու արշավի, որը 15 տարի իշխանության ղեկին է և վերջին անգամ հունվարին վերընտրվել է չորրորդ ժամկետով:
Զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 280 մարդ է զոհվել։