Նիկոլ Փաշինյանը կկատարի՞ Ալիևի պահանջը՝ «համաձայնագիրը» ստորագրելու համար

  • 22:39 05.08.2024

«Ադրբեջանը, Հայաստանի առաջ պահանջներ դնելով, պարզապես ժամանակ է շահում՝ փորձելով ձգձգել բանակցային գործընթացը։ Սա բոլորս հասկանում ենք։ Նաև այն, որ բոլոր հայտարարություններն ու պահանջները գրվել են Կրեմլում, և Ալիևը դրանք բարձրաձայնում է խամաճիկի պես»,- Step1.am-ին տված հարցազրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցին՝ փորձագետը նշեց. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն ստեղծել այդ խումբը, հետևաբար չեն կարող այն լուծարել։ Առավելագույնը, որ կարող է անել Ալիեւը, եվրոպացի դիվանագետների վիզաները չեղարկել։ ՄԽ գործունեության խնդիր ոչ մի տեղ չի առաջանում։ ԵԱՀԿ Մինսկի խմբին են վստահված պարտականություններ՝ պաշտպանել Արցախի բնակչության իրավունքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, արցախցիներին Արցախ վերադարձնելու գործընթացի նախապատրաստումը։ Այդ պարտականությունների կատարումն ինքնաբերաբար կսկսվի համապատասխան պայմանների ստեղծման պես»։

Սարգսյանը դրական է գնահատել Ռուսաստանի դուրս գալը Մինսկի խմբից.

«Այս երկրի ղեկավարությանը չպետք է թույլ տալ մասնակցել խաղաղապահ գործողություններին։ Սա ահաբեկչությունը հովանավորող երկիր է, որն ինքն է ագրեսիա իրականացնում, իսկ Ռուսաստանի ղեկավարները պատերազմական հանցագործներ են, որոնց տեղը Հաագայի տրիբունալում է։

«Արցախը կա, բայց այնտեղ հիմա ադրբեջանցիներ են»,- նշեց սոցիոլոգը՝ հավելելով, որ «հակամարտությունն ի սկզբանե էթնիկ է»։

«Առնվազն 1905 թվականից, երբ Կովկասում ռուս նահանգապետը կազմակերպեց առաջին բախումները հայերի և թաթարների միջև։ Հակամարտությունը էթնիկ է, թեև «ադրբեջանցիներ» էթնոնիմը առաջացել է 1936թ.։ Տարածքների հարցը միայն հետևանք է։ Քանի հայ ազգը կա, նրանք թերարժեքության զգացում կունենան՝ իրենց ներքին թերարժեքության պատճառով»։

Անդրադառնալով Արցախից տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցությանը՝ փորձագետը նշեց. «Արցախի ժողովուրդը հատուկ աջակցության կարիք ունի, քանի որ կորցրել է իր տունը, հարազատներին, հայրենիքը, բայց այդ աջակցությունը չպետք է “լավություն” թվա»։

Ալվարդ Գրիգորյան

f