Մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի այս որոշումը։ Step1.am-ը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին հարցրեց՝ ի՞նչ լծակներ կան պարտադրելու այդ երկրին, որպեսզի կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
«Մենք գործ ունենք միջանկյալ որոշումների չկատարման հետ, որը պետք է հանգեցնի Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման մեծացման։ Հասկանալի է, որ միջազգային համակարգում դատական ակտերի կատարումն ապահովող մեխանիզմներ չկա, եւ միջազգային իրավունքի, այդ թվում՝ դատական որոշումների կատարումը պետք է ապահովվի քաղաքական ու բարոյական ճնշման ճանապարհով։ Սա կարեւոր զարգացում է, որ նախ մենք ունենք ակտ, որն արձանագրում է հայերի իրավունքները, դրանց խախտումները կամ այլ ռիսկեր եւ որոշակի գործողություններ է պարտադրում Ադրբեջանին։ Նման որոշումների գոյության պայմաններում, եթե Ադրբեջանը խախտում է այդ որոշումները, մեր կողմից ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կարելի է առաջացնել այն անհրաժեշտ քաղաքական ճնշումը, որը կստիպի Ադրբեջանին գործել միջազգային որոշումներին համահունչ կամ կառաջացնի մի իրավիճակ, որտեղ այդ պետության նկատմամբ կձեռնարկվեն միջազգային պատժամիջոցներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ միջազգային դատարանի որոշումները չկատարելու պատճառով Ադրբեջանը բացասական արձագանքների է արժանացել։ Կան նաեւ որոշ ճնշումներ այդ երկրի նկատմամբ։ «Ուղղակի պետք է այդ ճնշումներն ինտենսիվացնել, որպեսզի մենք գործնականում փոփոխություն ունենանք։ Ադրբեջանն այդ ճնշումներին հակակշռելու որոշակի ռեսուրսներ կուտակել է, դրանք օգտագործում է, բայց ես կարծում եմ, որ դա անսպառ ռեսուրս չէ։ Եթե միջազգային հանրությունը հետեւողական գտնվի, որոշ հարցերի լուծումը հնարավոր է միջազգային դատական որոշումների եւ դրանց արդյունքում առաջացող քաղաքական ճնշման շնորհիվ»,- հավելեց Սահակյանը։
Հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է ընդհանրապես չկատարել Արդադարադատության միջազգային դատարանի որոշումները, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Չկատարումը հանգեցնում է շարունակական ճնշման։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ պետք է միջազգայնորեն աշխատանքներ տարվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ակտերը կատարված չեն։ Այսինքն՝ չկատարումը չի նշանակում, որ հարցը սպառված է, եւ միջազգային հանրությունն այլեւս չի զբաղվում խնդրով։ Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար հետաքրքրվի այդ որոշումների ճակատագրով եւ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որոշումների կատարումը երաշխավորելու համար, որովհետեւ դրանք իրավաբանորեն պարտադիր որոշումներ են։ Դրանք կաշկանդում են հասցեատեր պետությանը, բայց դրանք նաեւ հետեւանքներ ու պարտավորություններ են առաջացնում միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների համար»։
Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ՀՀ-ն ներկայացրել էր նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից ու Արցախի էթնիկ զտումից հետո:
Դատարանը պահանջում է Ադրբեջանից «ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: