Անյուտայի աչուկները

  • 14:12 06.08.2024

Լուսանկարում. Անյուտան մոր և երեխաների հետ

Խոսելիս քեզ են նայում սև ու ժպտուն աչքերը, որոնց խորքում, սակայն, տխրությունն է բուն դրել։ Այն պահից, երբ ամուսինը՝ հատուկ ջոկատային  Ռաֆայելը,  մարտի դաշտից տուն չվերադարձավ, Անյուտայի աչուկները  դադարեցին ժպտալ, աչքերի փայլն էլ ավելի չկորցնելու համար սկսեց փայլուն քարերով իր խաղը։

Անահիտ Հարությունյանը՝ Անյուտան, Ասկերանից է։ Երկու երեխայատեր միայնակ մայր է, հպարտությամբ է խոսում որդու՝ ութամյա Սերգեյի սպորտում ունեցած հաջողության ու դեռատի ջութակահարուհի  աղջկա՝ 10 տարեկան Վիկտորիայի երաժշտության բնագավառում ունեցած հաջողությունների մասին։ Երեխաները շուտ են ինտեգրվել նոր միջավայրին, դպրոցում նրանց սիրում են, ընդունում՝ որպես հավասարը հավասարի։ Անյուտան էլ է փորձում հարմարվել մեծ քաղաքի աշխույժ անցուդարձին։ Առայժմ հաջողվում է։

Ամուսնուն՝ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի սպա Ռաֆիկ Հարությունյանին,  սեպտեմբերի 19-ին է կորցրել, մարտի դաշտում նռնակը ձեռքին է դիմավորել հակառակորդին՝ երկու երեխաներին թողնելով դեռատի կնոջ հույսին։

«Լավ տղա էր,– ասում է Անյուտայի մայրը,– հոգատար ամուսին ու հայր էր,  Հիսուսի տարիքում  միացավ երկնային բանակին։ Որդին նրա  կրնկնօրինակն է»։

Չարաճճի ժպիտով, աշխույժ Սերգեյը, ով բաց էր թողել մեր խոսակցության թելը, մորն ասում է՝ պատմե՞լ ես, թե ոնց եմ հաղթել մենամարտում։ Խոսքը սպորտային հաղթանակի մասին է, տա Աստված չիմանա, թե ինչ է ռազմական մենամարտը՝ մտածում եմ ես։

Ամուսնու մահից հետո «Զինապահ»  հիմնադրամի տրամադրած  գումարը Անյուտան փորձում է խնայողաբար ծախսել։ Մեծ հոգսերը դեռ առջևում են՝ բնակարան չունի, աշխատանք՝ ևս։ «Լոֆթ» ընկերության կողմից կազմակերպված՝   տեղահանվածների բնակարանային հարցով քննարկումներին ենք հանդիպում Անյուտային ու մորը՝ Օֆելյա Գաբրիելյանին։ Պաշտոնյաների պարզաբանումներն անհանգստությունն ու տագնապը չփարատեցին։ Մոտ ապագայում բնակարան ձեռք բերելու մասին կարող են չերազել։ 63-ամյա կինը հաշմանդամություն ունեցող ամուսնու հետ, չի կարող ապրել գյուղական բնակավայրում, Բաքու քաղաքում ծնված, Արցախ հարս եկած Օֆելյան երբևէ ֆիզիկական աշխատանքով չի զբաղվել՝ գրասենյակային աշխատանք էր կատարում Ասկերանում։

Լուսանկարում. Հանդիպում բռնի տեղահանվածների հետ

Պատմում է մայրը

2020 թվականի պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար 20  մլն դրամ էր հատկացվում, դրան ավելացնելով «Զինապահ» հիմնադրամի մոտ 10 մլն դրամը՝ հնարավոր էր բնակարան ձեռք բերել, 2023 թվականի պատերազմի զոհերի հարազատներն այդ հնարավորությունից զրկված են։ Բնակարանային ապահովման ծրագրով նրանք առաջնահերթ պիտի ապահովվեն բնակարանով, սակայն իրեն ու երեխաներին հասանելիք 9 մլն դրամով Անյուտան չգիտի՝ հնարավո՞ր է տուն գնել։

Լուսանկարներում. Երեխաները՝ դիպլոմներով

Երեխաներին պահել–մեծացնել է պետք. դեռատի կինը սա գիտակցում է, տարբեր դասընթացների է գնացել, հաշվապահություն ու SMM նորօրյա մասնագիտություններում է հմտացել, այժմ էլ բիզնես-դասընթացների է հաճախում՝ ուզում է սեփական բիզնեսը հիմնել՝ Սվորովսկի ու այլ կիսաթանկարժեք քարերով զարդարում է պայուսակներ, դրամապանակներ, գոտիներ ու մոխրամաններ, մանկական աքսեսուարներին յուրահատուկ փայլ տալիս, դեռ  նոր է սկսել, շատ քիչ է վաճառել։

 

Լուսանկարում. Անյուտայի գործերից

Այս գործի հետ մեծ հույսեր է կապում Անյուտան։ Դասերը շատ ուշադիր է սերտում, բիզնես վարելու մարկետինգային ու ֆինանսական նրբություններին է ծանոթանում պարտաճանաչ աշակերտուհու պես, պիտի լավ տիրապետի բիզնես վարելու հմտություններին, որպեսզի հաջողի։

Այս ամենն Անյուտան սովորել է GITC–ի՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «Կանանց տնտեսական հզորացման աքսելերատ» ծրագրի դասընթացավարներ Ամալյայից ու Էդգարից, ովքեր պարզ ու մատչելի, առանց խորդուբորդ տերմինների բիզնես-մտածողություն են ձևավորում արցախցի կանանց մեջ, որպեսզի վերջիններս իրենց բիզնեսները ստեղծեն ու համարձակ շուկա մտնեն, մրցունակ լինեն ու կարողանան իրենց ընտանիքների կարիքները հոգալ։

Լուսանկարում. Անյուտան GITC–ի տնօրեն Ամալյա Եղոյանի հետ

 

 

 

Կարուձևից գլուխ հանող մայրը շուտով  կմիանա  աղջկան, բարի մարդկանց շնորհիվ կարի մեքենա է ձեռք բերել, նախկին տանտերը չէր թույլատրում իր բնակարանում կարուձևով զբաղվել, տեղափոխվել են ուրիշ վարձու բնակարան, այստեղ ազատ կզբաղվեն սիրած գործով, որը հոբբից  կվերածվի ապրուստի միջոցի։

Ու կրկին կփայլեն Անյուտայի աչուկները, ինչպես իր ձեռքի աշխատանքի փայլփլուն քարերը։

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

f