Կլաարի հարցազրույցի վտանգավոր “ականները”․ Մարիամ Ավագյան

  • 16:25 06.08.2024

Տոյվո Կլաարը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Jam-news-ին տված հարցազրույցում ասել է. «Երբեմն այս (արցախցիների վերադարձի – խմբ․) համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:»

Jam-newsում բերված Տոյվո Կլաարի խոսքից կարելի է ենթադրել, որ կա՛մ Տոյվո Կլաարը չի տեսել ու տեղյակ չի, թե ինչ է պատկերացնում իլխամը քարտեզի վրա «արևմտյան ադրբեջան» ասածը,  փաստացի այդպես կոչելով ՈՂՋ  ՀԱՅԱՍՏԱՆԸ, կա՛մ էլ դիտավորյալ է այդ հորինվածքը մտցնում պաշտոնական շրջանառության մեջ՝ լեգիտիմացնելով այն, և շատ լավ հասկանալով, որ հայկական դիվանագիտության կողմից՝ պետական թե հանրային, արձագանքի չի արժանանա։

Ակամա հիշեցի, որ երբ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի կազմով պարբերաբար հանդիպում էինք Երևանում ներկայացված դեսպանատներում, մի դեսպան հերթական հանդիպման ժամանակ ասաց, որ մենք մեր այցելություններով ստիպել ենք իրեն ուսումնասիրել Մադրիդյան սկզբունքները, և ինքը արդեն իր բացասական գնահատականը ունի դրա մասին։

Հիմա հարցս՝ արդյո՞ք, բոլոր այն պետական օղակները, որոնք որևէ ձևով առնչվել են Տոյվո Կլաարի ու նրա գրասենյակի հետ, ցույց տվե՞լ են քարտեզի վրա իլխամի զառանցանքը։

Իսկ եթե ցույց են տվել, ապա ինչու՞ չեն ընդվզում Տոյվո Կլաարի «այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» հարցը» դարձվածքի դեմ: Չէ՞ որ, փաստացի, եթե նա տեղյակ է քարտեզից, ապա իր այս դարձվածքով լեգիտիմացնում է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ իլխամի ոտնձգությունները։

Կասկած չունեմ, որ ցույց չեն տվել և ոչ էլ ապահովել են  հետևողական աշխատանք, ինչը Թոյվո Կլաարին էլ կստիպեր դիտարկել իլխամի քարտեզը։

Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը, այլ տարբերակ չկա։

Երկու դեպքում էլ իշխանությունները պարտավոր են արձագանքել, այլապես նրանց պահվածքի գնահատականը ողբերգական է։

Տոյվո Կլաարի հարցազրույցի մեջ մի քանի ահազանգող պարբերություններ էլ կան, ահա մեկը ամբողջությամբ՝ «Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել:

ԵՄն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի ԱլմաԱթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը:»:

Իհարկե, պատմական իրողությունների հերթական կոծկումը այն մասին է, որ ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրին միացավ 1993-ին, երբ 1991-ից ԼՂՀ դեմ տարած ագրեսիայի արդյունքում ունեցել էր տարածքային կորուստներ։ Ու ակնհայտ է, որ ԵՄ-ն է «համոզել» ՀՀ վարչապետին իջեցնել նշաձողը և ճանաչել 86.600 քառ.կմ-ը՝  ներառյալ Արցախը։

Ու COP29-ի ողջ ներուժը նվիրել մարդատյաց Բաքվին՝ կրկին ԵՄ-ի կամքն է։

Դե հա, «ուժները չի պատել» իլխամի երախից մեր ռազմագերիներին ըստ «նոյեմբերի 9-ի» թղթի ազատեն, հայությանը հայության հաշվին նվիրաբերել են ռազմագերիների վերադարձը, ու սա է միշտ քաղաքական կամազուրկ պետության ճակատագիրը։

Հաջորդը այն է, որ ԵՄ-ն է «համոզել», որ Արցախի ինքնորոշման հարցը փոխարինվի «իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի» հարցով՝ «Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:

ԵՄն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»:

Տոյվո Կլաարի «լավատեսությունը», թե «պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում» ընդամենը դիվանագիտական ճառասացություն է, որի հիմնավորման համար Կլաարը պարտավորություն չունի։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին էլ Միջազգային դատարանը որոշում էր ընդունել, թե Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով:

Խոսքը նույն «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» մասին է։

Իսկ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝  հայությանն ուղղված իր նամակի մեջ հիշեցնում է, ասելով, որ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ»։

Օկամպոն հուշում է, որ շարունակվող ցեղասպանությունից փրկությունը «անվտանգ և արժանապատիվ վերադարձը» չէ, այլ անջատման մեջ է:  «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն կկասեցնի ցեղասպանությունը, և հայությունը կվերադառնա իր կենսատարածք՝ Արցախ։

Ու այստեղ պարտավորությունը հայկական քաղաքական վերնախավինն է, նաև դրա բաղադրիչի՝ Արցախի քաղաքական վերնախավի, որ ջանք չպետք է խնայեն արտաքին կառավարման դաշտից դուրս միաբանվելու ու տանելու ԱՐՑԱԽԻ քաղաքական իրավուքների պաշտպանության ընթացքը, ինչը հիմք ու հենարան է դառնալու միջազգային իրավական դաշտի համար հենց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ գոյության պաշտպանության համար։ Այլապես հայկական քաղաքական վերնախավը դառնում է ուղիղ մասնակիցը հայկական պետականության վերացման։

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող