Մինչ ՀՀ ղեկավարությունը հեծանիվ է քշում, իսկ ընդդիմությունը պատրաստվում հերթական “թեժ աշնանը”, Բաքուն բացահայտ ներքին օրակարգ է թելադրում Հայաստանին։
Ալիեւի օգնական Ամիրբեկովը նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում կատարել Բաքվի պայմանները՝ Սահմանադրությունից հանել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշման հղումը եւ հրաժարվել Մինսկի խմբից։ Նա ասել է, որ Բաքուն համաձայնվել է “պայմանագրի” տեքստից նույնիսկ հանել “Զանգեզուրի միջանցքի” հարցը, սակայն այս երկու պայմանները անբեկանելի են։ Ամիրբեկովը նուրբ ակնարկում է, որ ՀՀ հաջորդ իշխանությունը կարող է չեղարկել կնքված պայմանագիրը։ Այսինքն՝ իրենց նաեւ պետք են երաշխիքներ, որ Փաշինյանի կառավարությունը չի փոխվի։ Ըստ երեւույթին՝ դա ակնարկ է Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու։ Ինչպես դա արել է Ալիեւը։
Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ, չնայած պատերազմական պարտությանը, 2021-ին ժողովուրդը կրկին ընտրել է Փաշինյանին, քանի որ նա խաղաղություն էր առաջարկում՝ նույնիսկ պարտության գնով։ Հիմա Բաքուն առաջարկում է “կրկին փորձել”․ արտահերթ ընտրություն անցկացնել, հաղթել, լեգիտիմություն ստանալ անցկացնելու հանրաքվե՝ խաղաղությո՞ւն, թե՞ Արցախ։ Նա համոզված է, որ ժողովուրդը հանուն խաղաղության կրկին կհրաժարվի “միացումից”, ինքնությունից ու պետականությունից՝ այս անգամ վերջնական։
Ներկայացնում ենք Ամիրբեկովի հարցազրույցն “Ազատությանը”
«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», – ասել է Ամիրբեկովը:
«Հիմա նա ուզում է առաջ տանել փաստարկը, թե սա քաղաքականապես շատ ծանրաշարժ գործընթաց է, թե Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին։ Շատ լավ, դա էլ է տարբերակ, բայց արդյոք արտաքին աշխարհը պատրաստ է այդքան երկար սպասել, մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Որովհետև ակնհայտ է, որ մենք կարիք չունենք շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկվել նոր կառավարության կողմից», – ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:
«Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին», – ընդգծել է Ամիրբեկովը՝ հավելելով, թե դրա համար տարիների քննարկումներ պետք չեն։ Ավելին, Բաքվում նաև այդ հարցը հանրաքվեի դնելու ձեևակերպումն ունեն. – «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել։ Կարծում եմ՝ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»:
Խնդրահարույց մյուս հարցը, ըստ Ամիրբեկովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը պետք է լուծարվի, ինչպես նաև Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում ևս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիևի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։ Կողմերը, ըստ նրա, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», – նշել է Ամիրբեկովը, հավելելով, – «Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»:
Միաժամանակ, նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների անցած շաբաթվա հանդիպումը սահմանին՝ Ադրբեջանի դիվանագետն ընդգծել է՝ Անկարան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Երևանը զուր ժամանակ է վատնում, եթե կարծում է, թե կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Բաքվին շրջանցելով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: