«Ո’չ աղվանական ցեղերը կապ ունեն արցախահայերի հետ, ո’չ էլ ժամանակակից Ադրբեջանը՝ Աղվանքի հետ»

  • 09:08 07.08.2024

Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախյան հատվածի հայկական մշակույթի աղվանականացման գործընթացը կրկին լայն թափ է ստացել 2023 թվականի աշնան էթնիկ զտումներից հետո` լայնորեն օգտագործելով Ադրբեջանում ուդիական համայնքին։ Բուն Աղվանքի հարցին նվիրված բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ու հստակ մոտեցումներ կան, որոնցից մեկն է, վերջերս լույս տեսած ավստրիացի գիտնական հայագետ Յասմին Դում Թրագուտի և աղվանագետ Յոստ Գիպերտի աշխատասիրությամբ լույս տեսած «Կովկասյան Աղվանք» անգլերեն աշխատությունն է: Գրքի 16 գլուխները հեղինակել են տարբեր գիտնականներ` լեզվաբաններ, արևելագետներ, հայագետներ՝ աշխարհի տարբեր գիտական հաստատություններից: Գիրքը ևս մի գիտահեն պատասխան է ադրբեջանական կեղծ թեզերին, որ վերաբերում է Արցախի՝ աղվանական լինելուն։ «Ո’չ աղվանական ցեղերը կապ ունեն արցախահայերի հետ, ո’չ էլ ժամանակակից Ադրբեջանը՝ Աղվանքի հետ»,-պնդում է Յասմին Դում Թրագուտը։

Այդուհանդերձ թեման շարունակում է մեծ շփոթմունք առաջացնել, հանրային ու քաղաքական լայն շրջանակների մոտ։ Ի՞նչ կապ ունի Աղվանքը Արցախի հետ և ինչու է այն դարձել շահարկման նյութ թշնամու կողմից։ Հարցերի շուրջ ժամանակին զրուցել ենք պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, «Албания-Алуанк в греко-латинских и древнеармянских источниках» գրքի հեղինակ Ալեքսան Հակոբյանի հետ, որը ներկայացնում եմ ստորև։

  • Բուն Աղվանքը որևէ կապ չունի Արցախի հետ, այն ընդգրկում է Կուրի հյուսիսային մասը, և երկու հազարամյակ հայերն ու աղվանները ապրել են հարևանությամբ։

Աղվանները հայերի հետ ազգակից ժողովուրդ չեն, նրանց լեզուները, իսկ դրանք տարբեր են, պատկանել են կովկասյան լեզվախմբին։ Աղվանների ամենամոտ ժառանգները լեզգիներն ու ուդիներն են։ Աղվանները ապրել են Կուրի հյուսիսում, դրանք կազմված էին բազմաթիվ ցեղերից, որոնք ընդհանրացվել են աղվաններ, աղվանք անվան տակ, ինչը տարօրինակ երևույթ չէ ժողովուրդների ձևավորման պատմության մեջ։ Մ․թ ա․ առաջին դարում հույն պատմաբան, աշխարհագետ Ստրաբոնը, ով լավ էր ճանաչում Աղվանքը, գրել է, որ այնտեղ ապրել են 26 ցեղեր, որոնք ունեցել են իրենց թագավորիկներն ու լեզուները։ Ու գրում է, որ միայն վերջերս են միավորվել մեկ թագավորի իշխանության տակ։

Մ․թ․ա․ առաջին դարի սկզբին աղվանական ցեղերը միավորվել են մեկ իշխանության տակ ու առաջացել է Աղվանից թագավորությունը։ Այդ թագավորությունը Հայոց Տիգրան Մեծ արքայի հետ դաշինքի մեջ է եղել, համատեղ կռվել են հռոմեական զորքերի  դեմ, սկզբից Հայաստանի տարածքում, այնուհետև Աղվանքի։ Ընդհանուր առմամբ վստահաբար կարող ենք ասել, որ Աղվանքը եղել է Հայաստանի կրտսեր դաշնակիցը, հռոմեացիների, պարսիկների, Հյուսիսասյին Կովկասի քոչվորաբնակների դեմ պատերազմներում։ Դաշնակցային հարաբերությունները շարունակվել են շատ երկար, ընդունել են նույն կրոնը՝ քրիստոնեությունը։ Հայոց գրերը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է վրացիների ու աղվանների գրերը, ճիշտ է վրացիներինը ավելի հաջող էր, բայց այդուհանդերձ աղվաններն էլ ունեցան գիր ու գրականություն, որից ի ուրախություն մեզ, ինչ որ բան պահպանվել է։ 1990-ականներին Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արշավախումբը՝ կովկասաբնակ փորձագետ Զազա Ալեքսիձեի գլխավորությամբ Սինայի թերակղզու Սուրբ Եկատերինա վանքում հայտնաբերեց վրաց-աղվանական կրկնագիր-ձեռագիր:

Ձեռագիրը վերծանելուց հետո (2008թ.), հիմնվելով ուդիների խոսվածքի վրա, եվրոպացի լեզվաբանները վերջապես հաստատեցին այն կարծիքը, որ մինչև զարգացած միջնադար ուդիները համարվել են Աղվանից թագավորության՝ Կապաղակ և Շաքի  քաղաքների՝ մայրաքաղաքների գերիշխող ժողովուրդ (սկզբում ՝ ցեղ):

Ի՞նչ ընթացք ունեցավ Աղվանքի էթնոհամախմբումը։

  • Աղվանական 26 ցեղերի մեջ անընդհատ համախմբման գործընթաց էր գնում, որը շատ դժվար ընթացք է ունեցել ու մի քանի դարաշրջանների հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ միասնական  էթնոսը ձևավորված չէր ասենք մինչ 7-րդ դարը, մինչև աղվանական ցեղերի մի մասը մահմեդականության անցավ, իսկ քրիստոնյա հատվածում համախմբումը բերեց մեծ էթնոսի ստեղծմանը, և դա ուդիների էթնոսն էր, որը կազմավորվեց ոչ թե աղվաններ, այլ ուդիներ անվան տակ, սակայն տարբեր գրագրություններում իրենց կոչում էին նաև աղվաններ, ինչպես օրինակ 18-րդ դարում Պետրոս Մեծին ուղղված նամակում գրված է, մենք ուդիներս, աղվաններս․․․։ Ուդիներն իրենց կոչում էին նաև հայեր, որովհետև Մեսրոպ Մաշտոցի և ուդի Բենիամին վարդապետի ստեղծած գրավոր լեզուն սահմանափակ տարածում է ունեցել և աղվանները, մասնավորապես ուդիները, գրավոր լեզվում օգտագործում էին հայերենը։ Չնայած որոշ գիտնականներ համարում են, որ բուն աղվանների մի մասը հայացել է, բայց դա չնչին տոկոս է կազմել ի տարբերություն վրացիացման, որը արևմտյան շրջաններում համարյա թե համատարած եղավ և Կախեթի հարևան Հերետ կոչված երկրամասում աղվանները ուղղակի վրացիացան։ Արևելյան շրջաններում, հատկապես Շիրվանի երկրամասում աղվաններն ուղղակի պարսկացան, բայց կենտրոնական շրջանում պահպանեցին իրենց ուդիական էությունը, շատ մոտիկ լինելով հայերին ու հայոց հավատքին։ Այսօր էլ ուդիներն իրենց ինքնությունը պահպանում են, ճիշտ է ծանր ու ճնշված վիճակում, մանավանդ որ Ադրբեջանը նրանց օգտագործում է  պատանդի կարգավիճակում՝ հակահայկական զանազան ծրագրերի մեջ։

18-րդ դարում Կենտրոնական Աղվանքի ուդիական զանգվածը մասսայաբար մահմեդականացվեց, բացառությամբ մի քանի գյուղի։ Օսմանյան զորքերի ճնշման տակ, հասկանալով, որ չցեղասպանվելու միակ միջոցը մահմեդականացումն է, իրենց մելիքի, որ խանի տիտղոս էր ստացել, Հաջի Չելեբիի գլխավորությամբ ուդիների 90 տոկոսն ընդունեց սյունի մահմեդականություն ու լեզգիացավ։ Կովկասյան լեռներից հարավ գտնվող այսօրվա լեզգիները, դրանք մահմեդականացված ուդիներն են։ Այդ նույն շրջանում Արցախում էլ շատ ծանր, օրհասական վիճակ էր ու ինչ որ չափով այստեղ էլ մահմեդականություն ընդունվեց, ինչ որ չափով արտագաղթ եղավ դեպի Կասպից ծովի ափերը՝ ռուսական տիրապետության տակ։

Պետք է ասել, որ բուն Աղվանքում մեծ տարածում է գտել նաև հայությունը, բավականին մեծ զանգվածներով հայերը Արցախից տեղափոխվում էին այնտեղ։ Եվ հակառակը հյուսիսիս՝ Քուռի մյուս ափից քրիստոնեադավան ուդիները տեղափոխվում էին դեպի հարավ, ասենք Գյուլիստանի ուդիների հատվածը, Սարովի ուդիական գյուղերը։

Այստեղ հարկ է նշել, որ հայկական հետքի վերաբերյալ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ուսումնասիրություններ է կատարել նաև Կուրի ձախափնյակում, որոնք տեղ են գտել նրա “Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը” գրքում։ Աշխատությունը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններում կամ պատմական Բուն Աղվանք երկրամասում պահպանված հայերեն արձանագրությունները։ 1982-86 թթ. նշված տարածքից հավաքվել և վերծանվել է 516 վիմագիր։

Ինչպե՞ս առաջացել «աղվանական կնճիռը»

  • 428 թվականին Սասանյան Պարսկաստանի տիրակալները Հայաստանում վերացրեցին կիսանկախ թագավորությունը և ստեղծեցին մարզպանություններ, որպիսիք ստեղծեցին նաև Աղվանքում ու Վիրքում։ Բացի դրանից Հայաստանի սահմանային նահանգները կտրելով ներառեցին հարևան մարզպանությունների մեջ։ Մասնավորապես Գուգարքը Վրաց թագավորության հետ ներառվեց Վրաստանի մարզպանության մեջ, Արցախն ու Ոտիքը Աղվանից թագավորության հետ Աղվանից մարզպանության մեջ, ստեղծելով մի մեծ վարչական միավոր Աղվանք անվան տակ։ Այսպիսով Աղվանից մարզպանության մեջ մտնում էր բուն Աղվանքը` Կուրի ձախափնյա մասը և բնիկ հայկական, Կուրի աջափնյա մասը՝ Արցախն ու Ուտիքը։ Մինչ այդ Արցախն ու Ուտիքը կոչվում էին նաև Հայոց արևելից կողմեր- կողմանք, որը տարածվել է նաև ամբողջ Աղվանքի մարզպանության վրա։ Նոր մարզպանության ստեղծումից մի քանի տասնամյակ հետո Աղվանք անվանումը ընկալվեց, ընդունվեց Արցախի ու Ուտիքի հայության կողմից, բայց ոչ էթնիկ իմաստով, նրանք համարվում էին Աղվանք վարչական միավորի հայ բնակիչ, առանց այդ մետաէթնիկ կազմավորման հետ հարազատության։ Սա հետագայում շփոթի պատճառ դարձավ և ավատական մասնատվածության պայքարի շրջանում առաջ եկավ մի գաղափար, իբրև թե հայ Աղվանքի բնակչությունը տարբերվում է Կենտրոնական Հայաստանի բնակչությունից։

Դա գրական հողի վրա շփոթի ու սխալի արդյունք էր, որը ամենից շատ տարածվեց 10-րդ դարի արցախցի հայ հեղինակ Մովսես Դասխուրանցու «Աղվանից պատմություն» աշխատության միջոցով։ Այդ ժամանակ հայ Աղվանքի (Արցախ, Ուտիք) բնակչությունը հանձինս իր իշխանների ու հոգևորականների պայքարում էր ինքնուրույնության համար, Խաչենի իշխանները ձգտում էին Բագրատունիների նման ունենալ թագավորական կարգավիճակ։ Կաթողիկոսությունը, որը տեղափոխվել էր Պարտավ, ձգտում էր հավասար իրավունքներ ունենալ Կենտրոնական Հայաստանի կաթողիկոսության հետ։ Սակայն երբեք Արցախ – Ուտիքի հայ բնակչությունը չնույնականացավ աղվանցիների հետ, վերջիններս նրանց կոչում էին լեռնցի, սարեցի, հեփթաղ և այլն։ Եթե Կուրի ձախափնյակը նշված ժամանակաշրջանում գնաց միավորման ճանապարհով, ապա հայերի մոտ հակառակը, վտանգավոր անջատողական տենդենց էր սկիզբ առել, որը շարունակվելու դեպքում բերելու էր դուստր էթնոսի առաջացմանը, ինչը բարեբախտաբար տեղի չունեցավ, և 11-րդ դարում Արցախի ու Կենտրոնական Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստնություն դրսևորեցին ու միավորվեցին, որին նպաստեց նաև արտաքին վտանգը։

Սրանից հետո Աղվանք տերմինը մնաց սոսկ ավանդական անվանում։ Բայց երբ 19-րդ դարում հայտնվեց Մովսես Դասխուրանցու «Աղվանից պատմություն»ը, հանկարծ 19-րդ դարի երկրորդ կեսի գիտնականները սկսեցին Կուրի աջափնյակը նույնպես դիտարկել որպես Աղվանք։ Այդ մոտեցումը սակայն գիտականորեն հերքվեց 20-րդ դարում։  Թե՛ հնագիտական և թե՛ աղբյուրագիատական հողի վրա կարելի է վստահորեն պնդել, որ մինչև Կուր գետը, սկսած հայ էթնոսի կազմավորման ժամանակներից, ապրել են հայկական ցեղեր և տարածված է եղել հայ էթնիկ տարրը։ Կրկնում եմ միայն 428 թվականից հետո, Աղվանից մարզպանության մեջ ներառվելով, Արցախ-Ուտիք նահանգների վրա տարածվել է Աղվանք վարչական անվանումը։ Այս տեսակետը մեծապես ընդունված է համաշխարհային պատմագիտության մեջ։ Փոխարենը ադրբեջանցի գիտնականները ոչ միայն պնդում են հին տեսակետը, այլև առաջ են քաշում այն ցնորամիտ պնդումը, իբրև թե աղվաններն ապրել են Կուրից հարավ մինչև 19-րդ դար, իբրև երբ Գանձասարի կաթողիկոսությունը ցարական պոլոժենիայով 1836 թվականին վերացվեց, այդ ժամանակ էլ վերացան աղվանները տարածաշրջանում, ինչն իհարկե ոչ մի կապ չունի աղբյուրների տեղեկությունների և իրական գիտության հետ։ Բայց դե պարզ է, ինչի համար ենք նրանք շարունակում այդ անմիտ պնդումները, հենվելով Դասխուրանցու աշխատության վրա, որի մասին խոսել ենք։

Հայ գիտնականները ստիպված են ներկայացնել իրական գիտական տեսակետը, պայքարել ադրբեջանական կեղծ, հակագիտական մոտեցումների դեմ, որի անունը շատ դիպուկ ձևով դրված է, բունիյաթովշչինա, որովհետև ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովն է ամենից ակնառու հաջողություններին հասել այդ պատմական խեղաթյուրումների հարցում։ Այսօր էլ այդ աղվանական կեղծ տեսության միջոցով ադրբեջանցիները փորձում են ուդիների միջոցով տեր կանգնել Կուրից հարավ ստեղծված ամբողջ հայկական մշակույթին, որը էապես տարբերվում է բուն աղվանական մշակույթից։  Թե՛ գրավոր, թե՛ նյութական մշակույթը, անգամ եկեղեցական ճարտարապետությունը տարբերվում են աղվանականից։ Սա իհարկե չի նշանակում թե մենք բացառում ենք նմանությունները, իհարկե, կան նաև նմանություններ, քանի որ այդ տարածքները երկար ժամանակ եղել են մեկ մարզպանության մեջ, մեկ՝ առաքելադավան եկեղեցու իշխանության տակ, երկար ժամանակ հայերն ու աղվաններն ապրել են կողք-կողքի։

Անշուշտ, աղվանականացման հարցը քաղաքական հիմքեր ունի և մեր պարտքն է քաղաքականությունը բերել գիտական հիմքերի վրա։

Արմինե Հայրապետյան

f