Սիսիանի հրապարակում տեղի կունենա երկու երկրների խոհարարական ու մշակութային իսկական հրավառություն։ Մշակութային ծրագրում կներգրավվեն Սյունիքի ստեղծագործական խմբեր։ Օգոստոսի 10-ին Սիսիանում մեկնարկում է արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական III փառատոնը։
Սիսիանի համայնքապետարանից Step1.am-ին հայտնեցին, որ մշակութային ծրագրում ներգրավվելու են Սյունիքի գեղարվեստական խմբեր։ Իսկ գաստրո գոտում կանցկացվի ռեստորանային մրցույթ, որտեղ խոհարարները կկարողանան տեղում պատրաստել հայկական և իրանական ուտեստներ և ներկայացնել դրանք։ Մրցույթը կդատեն հայ և իրանցի խոհանոցի մասնագետները։
Փառատոնը կազմակերպում են Զբոսաշրջության հայկական ֆեդերացիան և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի քաղաքապետարանի, ՀՀ-ում Իրանի դեսպանատան, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
Ամսաթվերի առումով ՆԱՎԱՍԱՐԴ փառատոնը համընկավ մեկ այլ իրադարձության՝ օգոստոսի 10-ից 13-ը աստղային հորդառատ անձրեւի հետ։ Տարբեր տուրիստական գործակալություններ արդեն գովազդում են հատուկ տուրեր հետաքրքիր ծրագրով` փառատոնի այցելությամբ, Սյունիքի տեսարժան վայրերով և աստղային անձրեւի գիշերային դիտումով: