Կուրսկ. Մոսկվան միտումնավո՞ր է ցույց տալիս թուլությունը

  • 10:16 09.08.2024

Արդեն չորս օր է, ինչ Ռուսաստանի Կուրսկի մարզում իսկական մարտեր են ընթանում՝ տանկերով, ինքնաթիռներով, բնակչության տարհանումով ու տարածքների գրավմամբ։ Վերլուծաբանները քննարկում են, թե արդյոք Կուրսկի օպերացիան կարող է լինել «պայմանավորված»՝ խոշոր բանակցություններից առաջ: Ռուսաստանի ղեկավարության անսպասելի արձագանքը, որը ի ցույց դրեց իր թուլությունը, վկայում է «պայմանավորվածության» հավանականության մասին։

Ըստ ռուս զինվորական բլոգերների՝ Կուրսկի շրջանում մարտերն այժմ ընթանում են Կուրչատովից 30 կիլոմետր հեռավորության վրա, այնտեղ է գտնվում Կուրսկի ատոմակայանը՝ նշելով, որ ուկրաինական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում ամրակայման աշխատանքներն արդեն ընթանում են։

Ամերիկյան մամուլը գրում է, որ նույնիսկ Կիևում նման հաջողություն չէին սպասում Կուրսկի շրջանում ռազմական գործողություններից։ Այս ֆոնին Ուկրաինան կրկին դիմել է ԱՄՆ-ին` թույլ տալ օգտագործել ATACMS հրթիռները ռուսական ռազմական օդանավակայանները գրոհելու համար: «Օդանավակայաններին հարվածները Կիևին հնարավորություն կտան իր վերահսկողության տակ պահել Կուրսկի շրջանի մի մասը, և դա զգալի հակակշիռ կլինի Կրեմլի հետ խաղաղ բանակցությունների դեպքում»,- գրում է The Washington Post-ը։ Կուրսկի շրջանի տարածքում եռօրյա մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել գազի չափիչ կայանը։ Հենց այս կայանի միջոցով Կրեմլը գազ է մատակարարում Հունգարիային և Սլովակիային։

Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հաղթահարել հակառակորդի երկու պաշտպանական գիծ, ​​որի վրա Կրեմլը ծախսել է 15 միլիարդ ռուբլի։

Օգոստոսի լույս 9-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Լիպեցկի տարածքում հակառակորդի բանակի ռազմական օդանավակայանի վրա։ Այնտեղ պայթել են զինամթերքի պահեստի արկերը: Տեղական իշխանությունները հայտարարել են օդանավակայանի տարածքում գտնվող չորս բնակավայրերից՝ Տինկովկայից, Յակովլևկայից, Ֆեդորովկայից և Կոպցևի խուտորներից խաղաղ բնակիչների տարհանման մասին։

The Insider-ը, հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում՝ տեղի բնակիչների, նշում է, որ Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վերահսկողության տակ առնել 350 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող 11 բնակավայր։ Համեմատության համար նշվում է, որ օկուպացված տարածքը մոտավորապես հավասար է Խարկովի տարածքին։

Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհն ասել է, որ Վաշինգտոնը ռուսական սահմանի ճեղքումն ու Կուրսկի մոտ տեղի ունեցած բախումները սրացում չի համարում։

«Ուկրաինայի նպատակը, ամենայն հավանականությամբ, հնարավորինս շատ տարածք գրավելն է՝ այն փոխանակելու համար։ Սա պարզ, գծային նպատակ է՝ դուք մեզնից խլեցիք Խարկովի մի մասը, մենք ձեզնից գրավեցինք Կուրսկը, և եկեք փոխանակենք։ Տրամաբանությունը պարզ է, և, ամենայն հավանականությամբ, հենց դրանով են առաջնորդվել ուկրաինական իշխանությունները, երբ համակարգում էին այս գործողությունը»,- ասում է Մարկ Ֆեյգինը։

«Տարածք զավթելը մակերեսային նպատակ է, թեև դա ձեռնտու է բոլորին, քանի որ հանկարծ պարզվեց, որ Ռուսաստան մտնելը հեշտ է (համեմատաբար հեշտ է, այնուամենայնիվ), որ կարելի է մտնել, քանի որ այնտեղ ոչինչ չկա։ Իսկ եթե նույն ճանապարհով գնան Բրյանսկի մարզ կամ մեկ ա՞յլ տեղ։ Սա, ի դեպ, նույնպես կարևոր է Արևմուտքի համար»,- ասաց Մարկ Ֆեյգինը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ ասել է, որ այս հարձակումը կարող է ուղղված լինել նաև Կիևի բանակցային դիրքերի ամրապնդմանը։

Ռուսական հետախուզությունը երկու շաբաթ առաջ գիտեր ուկրաինական զինված ուժեր Կուրսկի շրջան մոտալուտ ներխուժման մասին, սակայն երկրի ռազմական ղեկավարությունն անտեսել է այդ տեղեկությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։

Նրա խոսքով, հարձակման նախապատրաստման մասին տեղեկատվությունը, որը ամենախոշորն է Ուկրաինայի համար պատերազմի սկզբից ի վեր, նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաղորդվել: Տվյալներն անտեսել է նաև Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ով Ուկրաինայում ռուսական խմբավորումը ղեկավարում է 2023 թվականի հունվարից։

Նրանք անտեսե՞լ են, թե՞ թույլ են տվել ուկրաինացիների մուտքը, որպեսզի արդարացնեն առաջիկա նահանջը Ուկրաինայի որոշ շրջաններից Z-պատրիոտների կողմից զոմբիացված բնակչության առաջ։