Գործարքների նախադրյալներ տեսանելի են՝ կանխարգելելու տարածաշրջանային պատերազմը

  • 17:49 09.08.2024

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարո՛ն Կանդահարյան, կա՞ Լիբանանում մեծ պատերազմի վտանգ, Լիբանանի պետականությունը կասկածի տա՞կ է առվում, ի՞նչ են ցույց տալիս վերջին օրերի զարգացումները։

-Այո՛, վտանգը կա իհարկե, մանավանդ, երբ Իսրայելն այդ երկու գործողություններն իրականացրեց՝ Բեյրութի հարավային արվարձաններում՝ սպանելով «Հեզբոլահի» ռազմական խորհրդի ամենահեղինակավոր դեմքին, իսկ ժամեր անց նաեւ Թեհրանում սպանվեց «Համասի» գլխավոր դեմքը։ Այս երկու գործողությունները կտրուկ սրեցին իրավիճակը, եւ կանխատեսումներ եղան, որ սա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։ Այսինքն՝ Լիբանանի դեպքում գործողությունները կարող են միջսահմանային ռազմական գոտու գծերից դուրս գալ ու ներգրավել լիբանանյան այլ շրջաններ եւս։ Չնայած Բեյրութի հարավային արվարձանում իրականացված հրթիռակոծումը արդեն որոշակի առումով աշխարհագրության փոփոխություն էր։ Դրա նախադեպերը կային, բայց այս անգամ խնդիրն այն էր, որ շատ հեղինակավոր դեմքեր էին սպանվել․ եւ «Հեզբոլահի» գլխավոր քարտուղարը, եւ պաշտոնական Թեհրանը հայտարարեցին, որ լինելու են ուժգին ու ցավոտ պատասխաններ։ Խնդիրն այն է, որ հասարակական առումով անհանգստությունն այստեղ խորացավ, երկու հանգամանք կար դրա համար։ Առաջինն այն էր, որ օտար ավիաընկերությունները հետաձգեցին, չեղարկեցին իրենց թռիչքները։ Երկրորդը՝ օտարերկրյա դեսպանությունները կոչերով ու հաղորդագրություններով հանդես եկան՝ իրենց քաղաքացիներին հորդորելով, որ անհապաղ լքեն Լիբանանի տարածքը։

Տարածաշրջանային առումով այս բոլոր սրացումներն ու էսկալացիան գրանցվեցին, ճիշտ նախօրեին ճնշումները շատանում էին, որպեսզի կողմերը եւ հատկապես իսրայելյան կողմը Գազայում հրադադարի շուրջ համաձայնության գան։ Քանի որ խնդիրը փաթեթային է, այսինքն՝ պատերազմ է եւ Գազայում, եւ Հարավային Լիբանանում, սա տարածաշրջանային բազմակետային, թիրախային մարտավարություններով ընթացող պատերազմ է։ Եվ մեր մտավախությունն այն է, որ պատերազմը կարող է ձեւաչափային փոփոխության ենթարկվել եւ վերածվել տարածաշրջանայինի, եթե Իրանը Իսրայելին հզոր հարված հասցնի։ Անվերջ հակադարձելու շղթայի տրամաբանությամբ են ընթանում ռազմական գործողություններ։

Այսօր, սակայն, որոշակի փոփոխություն է նկատվում լուրերի մեջ։ Նախ մամուլում կան հրապարակումներ, որ ամերիկյան պաշոտանատարներ գնացել են Իրան՝ բանակցելու։ Մոտավորապես բանաձեւը սա է, որ Իրանը սահմանափակ հակադարձում իրականացնի, որի դիմաց հրադադար կլինի, պատանդներն ազատ կարձակվեն, հետո կսկսվեն բանակցություներ, կխոսեն Գազայի կարգավիճակի, իսրայելյան ուժերի հեռացման, գերիների փոխանակման մասին։ Անգամ նաեւ հեռվից նկատվում է «երկու պետություն» բանաձեւը, որը նախադրյալներ ուներ միջազգային օրակարգի վերածվելու։ Այսինքն՝ թեժացման սպառնալիքներին զուգահեռ գնում են նաեւ քաղաքական գործընթացներ, եւ կանխատեսումներ կան, որ պատասխան հարվածները հետաձգվում են։ Ավելի վաղ ԱՄՆ-ն ժամեր էր նշել, ասել էր, որ 48 ժամ հետո կլինի Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Եվ հիմա սկսել են կանխատեսել, որ կարող է ինչ-որ տեղ համաձայնություն լինել, որ ուժգին ու ծավալային պատասխան չլինի։ Եվ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ լայնամասշտաբ պատերազմ չբռնկվի։

-Տրամադրությունները Լիբանանում արմատակա՞ն են, թե՞ հարմարվողական։

– Տարբեր տրամադրություններ կան։ Բնականաբար, «Հեզբոլահի» շրջապատը եւ նաեւ այն համայնքները, որոնք իրենց տիրույթներն են, պատրաստ են պատասխանելու եւ հակազդելու իսրայելական ոտնձգություններին։ Բայց լիբանանյան հասարակական որոշ հատվածներ չեն ուզում, որ Լիբանանը ներքաշվի ընդհանուր պատերազմի մեջ։ Ի վերջո նաեւ պետք է մտածել, որ քաղաքական օրակարգերը փոխկապակցված են։ Այսինքն՝ եթե Գազայում հրադադար լինի, դա Հարավային Լիբանանում եւս կհանգեցնի հրադադարի։ Եթե իսրայելա-պաղեստինայն բանակցություններ սկսվեն, տեսանելի կլինի նաեւ Իսրայել-Լիբանան ցամաքային սահմանազատման օրակարգը։ Ծովային սահմանազատումը եղել է, միջնորդավորված բանակցություններ էին գնում ԱՄՆ միջնորդությամբ, եւ ի վերջո մի քանի տարի առաջ կայացավ ծովային սահմանազատման համաձայնությունը։ Հիմա արծարծվում է ցամաքային սահմանազատման հարցը, բայց նման համաձայնությունները սովորաբար տարածաշրջանի երկու գլխավոր խաղացողների միջեւ են կայացվում՝ մի կողմից Միացյալ նահանգներն է, մյուս կողմից՝ Իրանը։ Բայց հիմա այնպես է, որ Միացյալ նահանգները բանակցում է Իրանի հետ, որպեսզի Իրանին զսպի՝ չգնալու լայնածավալ հարձակումների։

-Հնարավո՞ր է իրանա-ամերիկյան մեծ գործարք, եւ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի ու տարածաշրջանի վրա։

-Չեմ բացառում դա, որպեսզի այս գործողությունները տարածաշրջանային լայնածավալ տեսք չստանան, կանխվի տարածաշրջանային պատերազմը։ Դրա համար սաստկացել են ճնշումները, թեեւ շուրջ 10 օր է անցել այդ հարձակումներից, բայց դեռեւս պատասխան չկա, չնայած իրենք հայտարարել են, որ պատասխանելու են։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ պատասխանը պետք է նախկին պատասխանի սահմաններում լինի։ Այսպես եմ մտածում, որովհետեւ ապրիլին ամբողջ աշխարհը, համաշխարհային լրատվամիջոցները խոսում էին ավելի ծավալուն պատերազմի մասին, երբ Իսրայելն անօդաչու թռչող սարքերով հարվածեց Իրանին, եւ դրա պատասխանը եղավ անօդաչու սարքերով Իրանի կողմից հարձակումը իսրայելյան որոշ հենակետերի։ Բայց լայնածավալ հարձակում չեղավ, չնայած յուրաքանչյուր կողմ յուրովի մեկնաբանեց հարվածի արդյունքները։ Ուզում եմ ասել, որ անգամ այդ դեպքը չհանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի, եւ չեմ բացառում, որ որոշակի գործարքներ կլինեն, եւ պատասխանները զուսպ ու սահմանափակ կլինեն։

-ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից հետո կմնա՞ Մերձավոր Արեւելքի ներկայիս կառուցվածքը, որի առանցքը ԱՄՆ-Իսրայել անվերապահ դաշինքն է։

-Միջին Արեւելքում նաեւ քաղաքական քարտեզ էր փոխվում։ Գազայի պատերազմից առաջ Սաուդյան Արաբիան եւ Իրանը որոշել էին հաշտվել, Չինաստանում նաեւ կայացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնություն։ Այսինքն՝ քաղաքական իրավիճակի քարտեզ էր փոխվում, բայց Գազայի հարցը շատ խաղաքարտեր խառնեց։ Ի վերջո նաեւ նկատվում է Իսրայելի դերի վերանայում ԱՄՆ կամ միջազգային ընտանիքի կողմից։ Օրինակ՝ ՄԱԿ-ում Գազայի պատերազմի սկզբնական օրերին Թել Ավիվի ներկայացուցիչը պահանջում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Այդ պահանջն անարձագանք մնաց։ Այդ անարձագանք մնալը ցուցիչ է, որ իրավիճակ է փոխվել։ Հոլոքոստի, ցեղասպանության մենաշնորհն ունեցող Իսրայելն ինքը դատվում էր, այսինքն՝ Միջազգային քրեական դատարանի դատախազությունը ցեղասպանության հանցանքի մեջ է մեղադրում Իսրայելի կառավարությանը։ Իրավիճակ է փոխվել։ Ի վերջո, չմոռանանք, որ Իսրայելյան մարտունակ բանակի միֆը կոտրվեց, Իսրայելի բանակը որոշ հարվածներ է ստացել։ Մինչ այսօր Գազայի պատերազմը չի ավարտվել, Նեթանյահուն ներիսրայելյան շատ լուրջ դժգոհություններ ունի, պատանդները դեռ ազատ չեն արձակվել, իսրայելյան բանակը Գազայի հատվածում չի տեղակայվել, «Համասը» չի ոչնչացվել։ Սրանք իրենց հայտարարած առաջադրանքներ էին, որոնք չեն իրականացվել։ Այս բոլոր հանգամանքների ու փաստերի արձանագրումը պետք է նկատի ունենալ՝ տարածաշրջանում Իսրայելի դերի վերանայման կամ ԱՄՆ անվերապահ սատարման համատեքստում։

Ի՞նչ տրամադրություններ են Լիբանանի հայ համայնքում, մարդիկ լքո՞ւմ են երկիրը, թե՞ մտադիր են մնալ։

-Լիբանանյան հասարակության վրա ընդհանրապես ազդեցին իսրայելյան ռազմական ինքնաթիռների ճախրանքը լիբանանյան օդային տարածքում, պայթյունների ձայները, օտարերկրյա դեսպանատների հայտարարությունները։ Թռիչքների չեղարկումների հետեւանքով կուտակումներ ստեղծվեցին օդանավակայանում։ Կան մարդիկ, որոնք եկել էին արձակուրդ, շտապում են վերադառնալ երկրից։ Այս ամենը հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա, իսկ հայ համայնքը լիբանանյան հասարակության բաղկացուցիչ տարր է եւ բնականաբար ինքը եւս կկրի այս հետեւանքները։

Բայց այս համայնքը որոշակի փորձ է կուտակել, տարբեր ճգնաժամերի է հանդիպել՝ եւ անվտանգային, եւ ֆինանսական, եւ սոցիալական։ Հայ համայնքն ունի այդ գիտակցությունը՝  ճգնաժամերի դեպքում համախմբվելու։ Օրինակ՝ հայ քաղաքական կուսակցությունները նիստ են գումարել, քննարկել են տարածաշրջանում եւ Լիբանանում տիրող ռազմաքաղաքական իրադարձությունները, դրանից բխող հավանական ճգնաժամային հետեւանքները եւ այդ բոլորը հաղթահարելու համար համակարգված աշխատելու ուղիներն են քննարկել։ Հայկական բարեսիրական տարբեր միությունների ներկայացուցիչներ նիստ են արել եւ ճգնաժամի սցենարի դեպքում ժողովրդի կարիքների վերաբերյալ հարցեր են քննարկել։ Բայց տա Աստված, որ մենք չգտնվենք այդ հերթական ճգնաժամի փուլի մեջ, եւ պատերազմական գործողություններ չծավալվեն։

Ռոզա Հովհաննիսյան

 

f