Վարազդատ Լալայանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր. Մինասյանը երրորդն է

  • 14:40 11.08.2024

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Վարազդատ Լալայանի ելույթով Փարիզ-2024-ն ավարտվեց Հայաստանը ներկայացնող մարզիկների համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանր մարզիկների պայքարով:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայն չբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:

Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց Վրաստանից Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:

Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ էին դարձել ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ էր նվաճել ըմբիշ Մալխաս Ամոյանը:

f