Իրանի նախագահն առաջադրել է ԱԳ նախարարի պաշտոնում Աբբաս Արաղչիին

  • 14:58 11.08.2024

Անցյալ ամիս Իրանի նախագահ ընտրված Մասուդ Փեզեշյանը երկրի Մեջլիսին (խորհրդարան) է ներկայացրել նոր կառավարություն ձևավորելու թեկնածուների ցուցակը, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Ըստ ներկայացված ցուցակի՝ տեղեկատվության (հետախուզության) նախարար Իսմայիլ Խատիբը և արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին պահպանել են իրենց պաշտոնները։ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին նշանակվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, իսկ Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին, ում նշանակումը քննարկվում էր ավելի քան մեկ ամիս առաջ, առաջադրվել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում։

Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն։

Նոր կառավարությունում միակ կինը կարող է լինել ճանապարհների և քաղաքաշինության նախարարության փոխղեկավար, Իրանի քաղաքաշինության և ճարտարապետության բարձրագույն խորհրդի քարտուղար Ֆարզանե Սադեղը։ Նրա թեկնածությունն առաջարկվել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում։