Ժենգյալով հացը եւս տարբեր է լինում․ ինչ են պատմում մարտակերտցիները

  • 09:30 12.08.2024

Ժենգյալով հացը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է և Արցախի այցեքարտը: Այն համարվում է օգտակար, թեթև ուտեստներից մեկը, որը առավել գնահատելի է նամանավանդ պասի ժամանակ:

Ժենգյալով հացի պատրաստման ժամանակ օգտագործվում է 2 տասնյակից ավել կանաչի: Այն թխվում է սաջի վրա, որոշ դեպքերում նաև վառարանի, իսկ վերջին ժամանակահատվածում նաև թավաների մեջ:

Առհասարակ ժենգյալով հացի պատրաստումը ընտանեկան ծիսակատարություն է․ մեկը կտրատում է կանաչիները, խմորը հունցում, մյուսը պատրաստում, իսկ ևս մեկը սաջի վրա թխում, ընթացքում լաթով մաքրելով սաջը վառված խմորից:

Ժենգյալով հացը արցախցի տատիկների դեմքը ունի՝ մի ձեռքով սեղմում են կանաչիները, մյուսով սկսում կտրել, այնպես էին կտրատում, որ բարակ խմորը հանկարծ չվնասվի: Իսկ մենք երեխաներս միշտ հարցնում էինք, թե ինչ կանաչիներ են օգտագործվում, անհամբեր սպասելով, որ հասնեն «պառավի պորտ»-ին, որպեսզի սկսենք ծիծաղել:

Ժենգյալով հացի մատուցումը շատ տարբեր է, կախված տարածաշրջանից, օրինակ Արցախում ժենգյալով հացի հետ խմում են կարմիր գինի, իսկ Սյունիքում այն վայելում են թանով: Հետաքրքիր է նաև, որ Սյունիքում ի տարբերություն Արցախի, ժենգյալի հետ ձեթ չեն լցնում, արդեն պատրաստումից հետո տաք ժենգյալով հացի մեջ կարագ են դնում:

Բայց նունիսկ Արցախում կան մատուցման տարբերություններ․ հետաքրքիր է, որ Մարտակերտի շրջանում ժենգյալով հացը ուտում են խոզի յուղուվ, բայց ոչ թե նախապես այն ավելացնելով հենց ժենգյալին, այլ այն ժամանակ, երբ արդեն ժենգյալով հացը պատրաստ է: Ինչպես պատմում են մարտակերտցիները, պետք է տաք ժենգյալով հացին ավելացնել մեկ թեյի գթալ խոզի յուղ:

Ենթադրաբար նախկին բոլոր շրջաններում ժենգյալով հացի պատրաստման ժամանակ ևս օգտագործվում էր խոզի կամ այլ կենդանական յուղ, բայց ժամանակի ընթացքում խոզի յուղից անցում է կատարվել դեպի տարբեր տեսակի ձեթեր:

Բացի ժենգյալով հացից կա ևս մեկ ուտեստ՝ «պենջյարավ հացը» /եղինջով հաց/: Ինչպես պատմում են ավագ սերունդները, «պենջյարավ հացը» հայտնվել էր Արցախի համար դժվար ժամանակահատվածում, երբ սնունդ չկար, իսկ քանի որ երինջը հնարավոր էր գտնել տարվա բոլոր եղանակներին, մարդիկ սկսել են երինջով հաց պատրաստել:

Քրիստինե Ալավերդյան

f