Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Ես բավարարված չեմ (խմբ.՝ նախարարների նոր կաբինետի ձևավորման խորհրդատվական խորհրդի ղեկավարի) աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», – գրել է նա:
Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը:
Զարիֆը՝ իսլամական հանրապետության ռեֆորմիստների թևի ներկայացուցիչը, համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր կողմնակիցներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։ Դիվանագետն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մշակմանն ու կնքմանը։
Ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը հայտարարել էր, որ նոր նախագահը պատրաստակամ է վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։
Ի՞նչը ստիպեց մեծ փորձ ունեցող Զարիֆին հեռանալ իր պաշտոնից։ Հիշվում է, որ իր պաշտոնավարման ավարտին՝ 2021 թվականի ապրիլին, նա հարցազրույց տվեց, որը չհրապարակվեց, սակայն դրա արտահոսքերը մեծ միջազգային սկանդալ առաջացրին։ Զարիֆը մեղադրել է Ռուսաստանին Արևմուտքի հետ Իրանի միջուկային գործարքը խաթարելու մեջ և նաև ասել, որ 2020 թվականին սպանված գեներալ Սոլեյմանին գործել է Մոսկվայի հետ համատեղ, և արտաքին քաղաքականությունը որոշել է ոչ թե ԱԳՆ-ն, այլ Այաթոլլահ Խամենիան։
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ պետք է ենթադրել, որ նոր նախագահի ընտրությունից հետո Զարիֆին տրվել են որոշակի երաշխիքներ, սակայն պաշտոնավարման 10 օրվա ընթացքում նա համոզվել է, որ ոչինչ չի փոխվել. Իրանը դեռ փորձում է Ռուսաստանի հետ համատեղ դիմադրել կոլեկտիվ Արևմուտքին, մեկուսանալով և իր վրա ընդունելով բոլոր հարվածները, եւ կարող է Ռուսաստանի հետ միասին հայտնվել փշրանքների մեջ։