Հարցազրույց ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարարի խորհրդական, երկարամյա մանկավարժ Աիդա Գյանջումյանի հետ
-2023-ի սեպտեմբերին կրեցինք հազարամյա Արցախի ամենածանր կորուստը, Արցախը հայաթափվեց: Ինչպե՞ս հաղթահարեցիք:
-Մեր կյանքի ամենացավալի ու ծանր օրերն էին։ Իհարկե, դժվար էր ընդունել իրականությունը, որ ստիպված պետք է լքենք մեր բնօրրանը։ Բազմիցս է քննարկվել․ ինչո՞ւ է լքել արցախցին իր տունը, ինչպե՞ս դա եղավ իրականում։ Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն սեփական մաշկի վրա այդ ցավը զգացած և 9 ամիս շրջափակում հաղթահարած մարդը։ Այստեղ հաճախ են հարցնում, որ եթե շարունակվեր բլոկադան, կապրեի՞ք արդյոք Արցախում։ Արցախահայության անունից ես համոզված պատասխանում էի, որ մենք կշարունակեինք հաղթահարել դժվարություններն ու կապրեինք Արցախում։ Արդեն նախապատրաստվում էինք ձմեռելուն, մառաններն էինք ցանկանում լցնել՝ իհարկե մեր բանջարանոցների բերքից։ Իմ մտքով երբևէ չէր անցնում, որ կարող է մի օր լքեմ Արցախը։ Բոլորս սպասում էինք շրջափակման ավարտին, ավաղ, այն վատթարագույն ավարտն ունեցավ, և արցախահայությունը դարձավ փախստական։
Բռնատեղահանվելուց հետո հաճախակի ենք լսում, որ թողել, դուրս ենք եկել Արցախից, բայց ինչպես կարող է մարդ ինքնակամ թողնել իր օջախը, տարիների վաստակը ու գնալ ապրել վարձով, նոր աշխատանք փնտրել։ Համոզված եմ, որ ինձ նման է մտածում արցախահայության զգալի մասը։ Մենք ստիպված ենք դուրս եկել՝ անելանելի վիճակից ելնելով։ Սեպտեմբերի 19-ին հասկացել ենք, որ անհնարին ու վտանգավոր է մնալ Արցախում։ Ինչպես երեխան կվազի դեպի մոր գիրկը, այնպես էլ մենք վազեցինք ու հիմա Մայր Հայաստանում ենք, բայց մեր ծննդավայրը Արցախն է, ու դա երբեք չի մոռացվի։
-Արցախցիներիս կյանքը բաժանվում է երկու մասի․ մինչև ու հետո։ Ինչպե՞ս է դասավորվել ձեր հետոն։
-Բոլորդ հիշում եք, որ մինչև բլոկադան ես Արցախից մի խումբ երեխաներ էի բերել Երևան՝ Եվրատեսիլին մասնակցելու համար, ու շրջափակման պատճառով չկարողացանք վերադառնալ։ Տունդարձին մնացինք Գորիսում։ Այդտեղ ես հանդիպեցի երկու հրաշալի մարդու՝ Դիանա Գրիգորյանին և Նունա Ալեքյանին։ Իմ կյանքի երկրորդ շրջադարձում այդ մարդիկ մեծ նշանակություն ունեցան։
Սեպտեմբերի վերջին, երբ անցանք դժոխքի ճանապարհը ու հասանք Հայաստան, ինձ անմիջապես դիմավորեց իմ ընկերուհի Նունեն: Ես նրա մասին կարճ կասեմ. նա ամեն ինչ է ինձ համար կյանքիս այս ժամանակահատվածում։ Նա այն սյունն է, որին ես հենվում ու կարողանում եմ առաջ նայել և ինքնակրթվել:
Մարդկային ամենաբարձր արժեքներով օժտված, սրտացավ ու բարեգութ տիկին Դիանայից ստացա հաջորդ հեռախոսազանգը։ Իմանալով, որ անգործ եմ՝ հրավիրեց ինձ աշխատելու իր հիմնադրած “Ղողանջ” ՀԿ-ում, որը ֆինանսավորվում է “Սյուն” հիմնադրամի կողմից։ Աշխատանքի համար դիմել էի նաև արմատներով արցախցի Միրա Անտոնյանին, որի հետ ծանոթացել եմ Ծաղկաձորում կազմակերպված միջգերատեսչական վերապատրաստումների ժամանակ։ Նա անմիջապես ինձ ընդառաջեց ու հրավիրեց իր մոտ աշխատելու՝ որպես քոուչ (մարզիչ) արցախցի երիտասարդների հետ։ Դա ինձ համար փրկություն էր, քանի որ հնարավորություն ստացա աշխատել արցախցի երեխաների հետ, օգնել նրանց, ինչպես նաև ինքս թեթևություն ստանալ։ Այդ երկու հրավերները փրկություն էին ինձ համար։ Դիանա Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունում ստեղծվեց մի ծրագիր՝ “Սյուն” հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Մարկոսյանի հետ համատեղ, որը կրեց “Մենք Արցախի մշակույթը կրողներն ենք” անվանումը։
Հունվարի 1-ից ես նշանակվեցի ծրագրի ղեկավար, և ինձ հնարավորություն տրվեց ծրագրում աշխատելու համար հրավիրել արցախցի ուսուցիչների։ Ես շատ ոգևորվեցի ու Դիանայի համաձայնությամբ, հրավիրեցի պատմաբանի, երաժշտության մասնագետների, պարուսույցի, ձեռագործության խմբակավարի, և արդյունքում ձևավորվեց թիմ, որը սկսեց իր աշխատանքները շուրջ 57 արցախցի երեխաների հետ։ Հունվարից մինչև հուլիսի 12-ը գործեց ծրագիրը։ Հուլիսի 12-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում կայացավ մեր հաշվետու համերգը, որտեղ մենք ներկայացրինք մեր կատարած աշխատանքները։ Ծրագրի գործունեության ընթացքում դա 4-րդ համերգն էր, որ ներկայացվում էր ծնողներին ու հյուրերին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուզաննա Մարկոսյանին, Դիանա Գրիգորյանին և Միրա Անտոնյանին։
Այդ մարդիկ մեծ հենարան են արցախահայության համար։ “Ղողանջ” կենտրոնում մենք հնարավորություն ունեինք խոսել Արցախի բարբառով։ Ես հոգեբանություն էի պարապում արցախցիների հետ, իսկ հայաստանցի երեխաների հետ աշխատում էր ուրիշ մասնագետ։ Պարապմունքների ժամանակ երեխաները շատ ոգեշնչված էին և միշտ ցանկանում էին բարբառով խոսել։ Երեխաների հետ ցանկացած զրույց ավարտվում էր նույն նախադասությամբ․ մենք կվերադառնանք Արցախ։
Տեղահանվելուց հետո ինձ համար մեծ անակնկալ էր, երբ մեր տուն այցելեցին Գորիսի իմ 16 երեխաները՝ Լիլիթ Ավանեսյանի գլխավորությամբ։ Մինչև այսօր մենք հաստատուն կապ ենք պահպանում իրար հետ։
-Ինչպե՞ս եք ընդունում ՀՀ կառավարության բնակարանային աջակցության ծրագրի մասին որոշումները։
-Նախ նշեմ, որ շատ դժվար է արցախցիներիս համար ապրել բարձր վարձավճարներով վարձած բնակարաններում։ Մարդիկ մի կերպ կարողանում են ապահովել սննդի ու հագուստի հարցերը։ Կառավարության կողմից տրվող 50 հազարական դրամ գումարները մի փոքր թեթևացնում են մարդկանց հոգսերը, սակայն մենք լավ գիտենք, որ դա ժամանակավոր է։ Այդ ծրագրի ավարտից հետո բոլորս հայտնվելու ենք ծանր կացության մեջ։ ՀՀ կառավարության կողմից բնակարանային աջակցության ծրագիրն անընդունելի է, ու այդ գումարը, որ նախատեսվում է մեզ համար, շատ չնչին է բնակարան ձեռք բերելու համար։ Նշված գումարը կարող է հերիքել ընդամենը հողամաս գնելու համար։ Եթե ՀՀ կառավարությունը չվերանայի իր որոշումը, ապա շատ դժվար ու անելանելի վիճակի մեջ կհայտնվեն արցախցիները։ Արցախը լրիվությամբ սահման էր՝ իր բոլոր բնակավայրերով հանդերձ։ Մենք չենք խուսափում սահմանում ապրելուց, բայց թողեք արցախցին որոշի՝ որտեղ բնակություն հաստատի․ չէ՞ որ նա ծանր կացության միջով է անցել։ Այդ քաղաքականությունը սխալ եմ համարում, որ ցանկանում են շահագրգռել 5 մլն դրամով։
– Այսօր բոլորս փորձում ենք ինտեգրվել։
-Այո՛, իրավացի եք։ Մենք չենք հուսահատվում, որովհետև դժվարությունները մեզ ավելի են ուժեղացրել, ու այստեղ մենք պարտավոր ենք վերագտնել մեզ։ Ինչքան էլ դժվար լինի, մենք պետք է մնանք Հայաստանում։ Իմ ընտանիքը ուրիշ ոչ մի տեղ չի կարող ապրել, ամեն տեղ մեզ համար օտար կլինի։ Արցախից մտավորականների հզոր ներուժ է եկել Հայաստան։ Եթե մենք միասին ներդնենք մեր բոլոր ուժերը, ապա կհզորացնենք ու կպահենք Հայաստանը՝ մտքում միշտ ունենալով Արցախ վերադառնալու հավատը, բայց միայն հայկական դրոշի ու օրենքների ներքո։
Շարունակում եմ նվիրված մնալ երեխաների դաստիարակության գործին, որը համարում եմ իմ միակ առաքելությունը։ Առանց երեխաների ես կյանք չունեմ։ Հաճախակի զանգեր եմ ստանում իմ նախկին սաներից, գործընկերներից, և դա ինձ թևեր է տալիս՝ անելու ավելին։ Նպատակս է կրթել ու դաստիարակել հայեցի սերունդ՝ չտարանջատելով ոչ ոքի։ Մեր սերունդը չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, նրանց անհոգ մանկություն տալ, փոխարենը ծանր բեռ թողեցինք նրանց ուսերին, ու ես իմ առջև նպատակ եմ դրել այնպես դաստիարակել հայ մանկանը, որ նա առողջ, հայրենասեր և ուժեղ մեծանա։
-Ձեր մաղթանքը մեր հայրենակիցներին։
-Ես ուզում եմ, որ արցախցիները բարությամբ լցվեն։ Անկախ ամեն ինչից երբեք չչարանան։ Թեկուզ մի բարի խոսքով օգնենք իրար, թիկունք լինենք, հիշենք, որ մենք մի մեծ ու համերաշխ ընտանիք ենք։ Սիրում եմ բոլորին․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: