Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
-Պարո՛ն Բոժկո, ի՞նչ է կատարվում Կուրսկի շրջանում, կարելի՞ է սա համարել պատերազմի նոր փուլ:
-Իմ կարծիքով՝ այսօրվա զարգացումնեը կարելի է բացատրել նրանով, որ Ուկրաինան ուզում է ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Քանի որ երկար ժամանակ թեժ պատերազմական գործողություններ են ընթանում Ուկրաինայի հարավում, որտեղ Ռուսաստանը մեծ ճնշում է գործադրում ուկրաինական զորքերի վրա եւ առաջխաղացում ունի, հետեւաբար, Ուկրաինան որոշել է հակահարված հասցնել ռուսական զորքերին, բայց ոչ Դոնբասում, որտեղ թշնամին մեծ առավելություն ունի եւ զինվորների քանակության, եւ սպառազինության հարցում, այլ այնտեղ, որտեղ ռուսներն ամենաքիչն էին սպասում՝ Կուրսկի շրջանում։ Այսինքն՝ ուկրաինական զինված ուժերը գործողությունները տեղափոխում է ռուսական տարածք։ Եվ, ինչպես տեսնում ենք, դա հաջողվել է, քանի որ Ռուսաստանն ամենևին էլ չէր սպասում այնտեղ նման հարվածի։
Վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք ուկրաինական զորքերի բավական լուրջ առաջխաղացում։ Նրանք գրավել են ավելի շատ տարածք, քան Ռուսաստանը Դոնբասում՝ վերջին ամիսների ընթացքում։ Այս օպերացիան այնպիսի բնույթ ունի, որ միանգամից դժվար է ասել, թե ինչ արդյունքների կհասնի։ Սպասենք, մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, կտեսնենք, թե ուր կհասնեն ուկրաինական զորքերը, որից հետո կկարողանանք ավելի հստակ վերլուծել, թե ո՞րն է ուկրաինական զորքերի իսկական նպատակը։ Բայց եթե հաշվենք, որ նպատակներից մեկը եղել է Ռուսաստանին ստիպել թուլացնել իր գործողություններն Ուկրաինայի հարավում, ապա դա կատարված է։
-Ուկրաինայի հարձակողական մարտավարությունն արդյոք պայմանավորվա՞ծ է նրանով, որ F-16-ների, պաշտպանության այլ միջոցների ու սպառազինությունների մուտք տեղի ունեցավ։
-Ինչպես մենք տեսնում ենք, ուկրաինական զորքը, որը գործում է Կուրսկի մարզում, բավական լավ է զինված՝ եվրոպական ժամանակակից սպառազինությամբ։ Ես չեմ կարծում, որ անմիջական կապ կա F-16-ների հետ, բայց այդ օգնությունը հիմք է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այդ սպառազինությունը, որը ստանում ենք Արեւմտյան Եվրոպայից եւ ԱՄՆ-ից։ Ինչպես տեսնում ենք, այնտեղ գերմանական տանկեր են կիրառվում, ժամանակակից զենք են օգտագործում։ Բայց եթե նայում ենք կադրերը, թե ինչպես էր տեղափոխվում ուկրաինական զորքը, ապա տեսնում ենք, որ ուկրաինական զորքերն օգտագործում են նաեւ ԽՍՀՄ սպառազինությունը։ Այնպես որ, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, ուկրաինական զորքը որոշել է հարված հասցնել այնտեղ, որտեղ ռուսներն ավելի քիչ էին սպասում։ Դա ռազմական վարպետության բավական բարձր մակարդակ կարելի է համարել, որովհետեւ իրոք տեսնում ենք, որ այս օպերացիան բավական պատրաստված էր։ Մենք տեսնում ենք, որ իրոք ռուսական զորքերը, որի քանակն այնտեղ հասնում էր 10-15 հազարի, չեն կարողացել դիմադրել։ Ուկրաինական զորքերի առաջին հարվածներից տեսանք, որ ռուսական զորքը չկարողացավ դիմադրել, եւ ուղղակի փախել է, ոչ թե նահանջել։ Ուկրաինական զորքը մի քանի հարյուր գերի է վերցրել։ Բացի դրանից, ռուսական թիկունքը քայքայված է ուկրաինական զորքի հարվածներից։ Այսինքն՝ այս գործողությունների նպատակն այն է, որպեսզի կարողանանք վնաս հասցնել ռուսական զորքերին այնտեղ, որտեղ նրանք չէին սպասում, եւ դա մեզ հաջողվել է։
-Կարո՞ղ է արդյոք ներկայիս գործողությունը նոր «դե ֆակտո» սահմանների որոշման ինչ-որ գործարքի մաս լինել։
-Դեռ վաղ է այդ մասին խոսել, տեսնենք։ Դեռ չգիտենք, թե ինչպես կզարգանան գործողությունները, դեռ պարզ չէ, թե որտեղ է լինելու գլխավոր հարվածը։ Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի։ Իմ կարծիքով՝ նպատակներից մեկն այն է, որպեսզի ուկրաինական զորքը գրավի ճանապարհը, որը կապում է Բելգորոդը Մոսկվայի հետ։ Եվ, իհարկե, պետք է քայքայենք ռուսական թիկունքը։
-Հնարավո՞ր է Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ի տխրահռչակ «փոխանակման» գործընթաց տեղի ունենա։
-Սկզբում նախ պետք է ուկրաինական զորքերը հասնեն Կուրսկի Ատոմակայանին։ Հիմա այդ ուղությամբ են շարժվում։ Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Երբ արդեն գործողություններն ավարտվեն, եւ մենք տեսնենք արդյունքները, կկարողանանք բավական կոնկրետ խոսել այս օպերացիայի նպատակի մասին։ Դեռ օպերացիան զարգացնում է, եւ այնպիսի բնույթ ունի, որ չի ուղղվում կոնկրետ տարածքի դեմ, այլ ուղղվում է այնտեղ, որտեղ ռուսների դիմադրությունը թույլ է։ Բավական մեծ տարածքի մասին է խոսքը, մոտ 70Օ քառակուսի կմ, եւ, իհարկե, դա թուլացնում է ռուսական զորքերի հնարավորություններն ու դիրքերը։ Հիմա, ինչպես տեսնում ենք, ռուսներն իրենց զորքերը տեղափոխում են հարավային Ուկրաինայից դեպի Կուրսկի մարզ։ Եվ հույս ունենք, որ այն ճնշումը, որը գործադրում է Ռուսաստանը հարավային Ուկրաինայում, հատկապես Դոնբասում, կթուլանա։
-Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայում, հայկական լեռնաշխարհում եւ Մերձավոր Արևելքում կարո՞ղ է կիրառվել տարածքային վեճերի լուծման ունիվերսալ սխեմա:
-Բոլոր վեճերը պետք է լուծվեն ըստ միջազգային իրավունքի, նստեն բանակցությունների։ Ոչ թե ուժը պետք է որոշի, այլ՝ միջազգային իրավունքը, պայմանագրերը։ Իսկ մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ, տվյալ դեպքում Ռուսաստանը եւ ՌԴ նման ավտորիտար երկրներն իրենց առաջ նպատակ են դնում հարցերը լուծել ուժի միջոցով, թելադրել իրենց կամքը, օգտվելով իրենց ուժից՝ քանդել միջազգային համակարգը։
-Ինչո՞ւ Արցախի հարցը չի ընդգրկվում գլոբալ խնդիրների ցանկում, որոնք այժմ թեժ փուլում են։ Ուժով տեղի է ունեցել օկուպացիա, արդյոք Արցախի հարցը լուծվա՞ծ է համարվում։
-Իմ կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ։ Ինչպե՞ս կարող է Արցախի հարցը լուծված լինել, երբ իրենց հարազատ տներից տեղահանվել է 130 հազար մարդ։ Դա հայկական էթնիկ խումբն է, որը հազարավոր տարիներ ապրում էր այդ տարածքներում, ստեղծել էր իր առանձին մշակույթը, լեզուն, բանահյուսությունը, ճարտարապետությունը եւ հետո տեղահանվել իր բնակավայրից։ Չի կարելի համաձայնել հարցերի նման լուծման հետ, այդպես չի լինում։ Դա նույն շարքից է, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, թե ինչպես են փորձում լուծել իրենց հարցերը որոշ երկրներ։
Ես կարծում եմ, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տները։ Այլ հարց է, թե ինչպե՞ս պետք է դա անել։ Այդ հարցի լուծումը կախված է եւ Հայաստանից, եւ Ադրբեջանից, եւ միջազգային կազմակերպություններից, որոնք զբաղվում էին այդ հարցով երկար տարիներ եւ պետք է շարունակեն զբաղվել։ Դա ոչ միայն հայերի ցավն է, այլ աշխարհի բոլոր նորմալ մարդկանց, որոնք ցավակցում են արցախցիներին ու պատկերացնում, թե ինչ տանջալից դրության մեջ են արցախցիները հիմա։
Թե ինչո՞ւ Արցախի հարցը չի ընդգրկվում գլոբալ խնդիրների շարքում, հարցին ի պատասխան կասեմ հետեւյալը․ իմ կարծիքով՝ հայկական կողմը երկար տարիների ընթացքում մի քանի հնարավորություն ուներ՝ նոր մոտեցումներով լուծել հարցը, բայց, ցավոք, չի օգտագործել այդ հնարավորությունները։ Ես նկատի ունեմ եւ Հայաստանի դիվանագիտության, եւ արցախցիների կառավարության մարմինների սխալները, որոնք թույլ են տրվել։ Իսկ հիմա հարկավոր է, որ այդ հարցը վերադառնա բանակցությունների սեղան։ Ես չգիտեմ՝ ինչպես են ընթանում բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ մենք բոլոր նրբությունների մասին չգիտենք։ Բայց Արցախի հարցը պետք է քննարկվի զուգահեռ, որովհետեւ երբ իր բնօրրանից տեղահանվում է 130 հազարանոց ժողովուրդը, դա եւ մարդու իրավունքների, եւ միջազգային նորմերի ակնհայտ խախտում է։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: