Լրագրող, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը ծննդով Հադրութից է.
“Նախնիներս Պարսկաստանից են տեղափոխվել Հադրութի շրջան, հայրական կողմս` Կարմրակուճ գյուղից է, մայրականս՝ Հին Թաղեր: Մեր ազգը կոչվում էր Փառուց: Երկու Փառուք կային Կարմրակուճում, ազգականներ էին, մայրական կողմս էլ Ուսեփաց էին կոչվում”:
Տատիկները հետաքրքիր զուգադիպությամբ գրադարանավարուհիներ էին՝ Հին Թաղերում և Կարմրակուճում: Հայրը ուսուցիչ էր, այնուհետև` դպրոցի տնօրեն, մայրը՝ բուժքույր:
Լեռնային, անտառներով հարուստ Հադրութն իդեալական վայր էր ապրելու համար: Մանկությունն ամենաշատն ասոցացվում է ընտանեկան սովորույթներն ամուր պահելու, թարմ թխած թուռնավ հացի հոտի հետ: “Աշխատանքի բաժանում կար. պապիկս ճյեխը (ցախը) բերում էր, թուրունը վառում, տատիկս առավոտ շուտ խմորն էր հունցում, միասին խմորի գնդիկները տանում էինք թոնիր, ու տաք-տաք հացը հետ բերում տուն: Նաև թութ թափելը, դոշաբ եփելը, թթու (աղտիրած) դնելը ամբողջական ծիսակատարություններ էին: Յուրահատուկ սիրով էինք այդ ամենն անում: Մայրս ազգային ուտեստներ էր պատրաստում` խաշիլ, շփոթ, ավելուկով ապուր…”
Փոքր տարիքից բնության հետ շփվելը և շատ գրքեր ընթերցելը մեծ ազդեցություն ունեցան ընտանիքի երեխաների աշխարհայացքի ձևավորման վրա: “Այն ժամանակահատվածը, որ իմ տարեկիցները պիտի մանկություն վայելեին, ցավոք, համընկել է շարժման և Արցախյան առաջին պատերազմի ռազմական գործողությունների հետ: Ես ընդամենը երկու ու կես տարեկան էի, բայց ամեն ինչ հիշում եմ: Ապրում էինք Հադրութի Երե բազար կոչվող թաղամասում: Արթուր Մկրտչյանի տունը մի փոքր ներքև էր: Նա այդ ժամանակ Հադրութի թանգարանի տնօրենն էր: Եվ մեր տանը հաճախ էի լսում նրա անունը: Շարժմանը հաջորդեցին ռազմական գործողությունները: Առաջին պատերազմն իր մեծ հետքն է թողել իմ ողջ գիտակցական կյանքի վրա”,- վերհիշում է Լիաննա Պետրոսյանը` նշելով, որ անգամ չափահաս տարիքում կայծակի ձայնն ասոցացվում էր ալազանի ձայնի հետ:
Խորհրդային տարիներին ռուսական ազդեցությունը շատ մեծ էր Հադրութում: Հայկական հեռուստատեսություն չկար: 4 տարեկանից ռուսերեն տառերը, գրել-կարդալ գիտեր, բայց հայրը կատեգորիկ դեմ էր, որ ռուսական թեքումով դասարան գնար։ “Բնականաբար ինձ տարել են գյուղի դպրոցը, որպեսզի հայերեն տառերը սովորեմ: 1993 թվականն էր… Այդ ձմեռվա դեպքերն են վառ տպավորվել, երբ առաջին անգամ գյուղի ակումբի բեմում Կարմիր գլխարկի դերակատարն էի, ու դրան զուգահեռ պատերազմի սարսափելի օրերն էին: Անհնար էր պատկերացնել, որ կարելի է այդ օրերին միջոցառում կազմակերպել”:
Ադրբեջանցիների հետ համակեցություն Հադրութում չկար: Նրանք միայն վարձու հովիվներ էին, այն էլ՝ սակավաթիվ: Բայց դրան զուգահեռ շրջանում գրանցվել էին փոքր երեխաներին գողանալու և գլխագին պահանջելու դեպքեր:
1994 թ. հունվարի 5-ը ծանր օր էր Արցախի հարավային թևի համար: Այդ օրը Լիաննան կորցրեց հրետանավոր հայրիկին. “Ես շատ ուշ եմ իմացել, թե ինչպես է հայրս դիմում գրել և հրաժարվել Հադրութի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից: 2019 թ.՝ արխիվներն ուսումնասիրելիս, զարմանալիորեն պարզել եմ, որ առողջական խնդիրներն է որպես պատճառ ներկայացրել՝ պաշտոնից հրաժարվելու համար: Այնինչ` դրանից հետո մասնակցել է ռազմական գործողություններին: Դա ինձ համար հայրենիքը սիրելու ուղենիշ էր, ու չէի կարող մտածել անգամ, որ հնարավոր է այդ հողը թողնել, դուրս գալ: Ցավոք սրտի, դրանից մի տարի հետո մեզ զրկեցին հայրենիքից”:
Հորական Արինա տատիկը շատ աստվածավախ էր, բայց չէր ընդունում եկեղեցին, եկեղեցական շորերը… “Դրան զուգահեռ մայրական կողմի Էմմա տատիկս այլ վերաբերմունք ուներ սրբերի, սրբավայրերի նկատմամբ: Դիզափայտի Կատարո վանքը Հին Թաղերի ենթաշրջանի գյուղերի բնակիչների համար ուխտատեղի էր: Մայրս պատմում է, որ իրենք բոլոր տոներին, ինչպես նաև ժամանց կազմակերպելու համար գնում էին Կատարո վանք: Գուցե այն ժամանակ ընկալումն ուրիշ էր, գուցե գնում էին նաև ժամանցի համար: Իսկ զուգահեռ իրականության մեջ Հադրութի ձորակի Կարմրակուճ գյուղում եկեղեցին օգտագործվում էր որպես պահեստ: Եվ 1990-ականներին, երբ արդեն հացի խնդիր կար, եկեղեցին վերածվել էր ջաղացի: Ամբողջ գյուղն այդ ընթացքում կարողանում էր հացի խնդիրը լուծել”:
Շարժումը սկսվել էր Հադրութից: «Նախ պետք է ասել, որ Հադրութի շրջանն Արթուր Մկրտչյանի ծննդավայրն է: Դա այն մարդկանց ծննդավայրն է, որ շարժում են նախաձեռնել: Ու թեպետ հիմնական կարգախոսը միացումն էր, բայց արդյունքը եղավ անկախությունը: Մենք ունեինք այդ անկախությունը ավելի քան 30 տարի, և Հադրութի շրջանից հարյուրավոր երիտասարդներ զոհել են իրենց կյանքը անկախության համար”, -նշում է Լիաննա Պետրոսյանը:
Աշխատանքի բերումով 6 տարի Հադրութի Ար. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի տնօրենն էր, և բոլոր զոհվածների նկարները միշտ իր աչքի առջև էին. “Ամեն օր իմ պարտքն եմ համարել մտնել Փառքի սրահ, նայել այն մարդկանց աչքերին, ովքեր պարգևել էին հաղթանակ ու խաղաղություն, և հպարտություն զգալ, որ այդ հաղթանակի կրողն եմ:
Թանգարանի բոլոր ցուցասրահները, որ հադրութցու՝ Դիզակ աշխարհում ապրելու հազարամյակների վկան էին, միշտ իմ աչքի առաջ էին: Ես անգիր գիտեի բոլոր ցուցանմուշների տեղերը: Ցուցանմուշներից մեկը՝ հարսանեկան շոր էր, որի ուսումնասիրությունն արել էի «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում: 1896 թ. հարսանեկան շոր էր` ձեռքի աշխատանք, ամբողջությամբ մետաքսից: Հադրութի մետաքսը 1888 թ. Ֆիլադելֆիայում երկրորդ տեղն է գրավել, մրցանակը պահվում է թանգարանում»:
2020 թ. պատերազմն սկսվելուն պես թվացել է, թե դա 2016 տարեկանի մոդել է, որը շուտով պիտի ավարտվի: 2020 թ. թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: «Այն գիտակցումը, որ պիտի իջնես նկուղ, մեզ հետ է տարել 90-ականները, հասկացել ես, որ քո տանը դու ապահով չես: Ու այս անգամ լրիվ այլ իրականություն էր` մարդու ֆիզիկական գոյությունն էր վտանգված: Մանկահասակ երեխաների լաց, ճիչ, աղմուկ, խառնաշփոթ, սահմանում զինծառայող ունեցող ընտանիք, ու հետո այն գիտակցումը, որ այդ նկուղը քեզ չի կարող պաշտպանել: Նկուղում էինք, որ շենքի պատուհանները կոտրվեցին: Հետո մեկ այլ փողոց թիրախավորվեց: Տատիկիս մորաքրոջ աղջկա թևը առաջին պատերազմում գրադի հարվածից կտրվել էր: Նույն տեղում այս անգամ էլ սմերչի հարվածից մահացավ: Նրա տղան էլ առաջին պատերազմի զոհ էր: Դաժան պատմություններ, բազմաթիվ վիրավորներ: Հիվանդանոցի վիճակը սարսափելի էր: Հասկացել էինք, որ իրականում սա է պատերազմը”, – վերհիշում է Լիաննան` նշելով, որ հենց դա է պատճառը, որ խաղաղ բնակչությունը չէր կարող մնալ:
Հադրութի բնակիչները ստիպված էին լքել իրենց բնօրրանն անընդհատ թռչող ԱԹՍ-ների ուղեկցությամբ: Մարդիկ հողաթափերով, գիշերանոցներով էին դուրս եկել, չէին հասցրել վերցնել անձնական իրերը: Իսկ մնացողները… Մնացողները ենթարկվել են խոշտանգումների: Հադրութ են մտել հատուկ ջոկատայիններ: Համացանցում տարածված են երկու անձանց դրոշի մեջ փաթաթելու և ինքնաձիգով սպանելու կադրեր: Նրանց մարմիններն այդպես էլ չեն հանձնվել հայկական կողմին:
2020 թ. հետո Լիաննա Պետրոսյանը ներգրավվել է Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կամավորական աշխատանքներին: “Որոշում եմ կայացրել ապրել Հայաստանում: Արցախ գնալն ինձ համար հոգեբանորեն դժվար էր. ամեն անցակետում ցույց տալ անձնագիր, սեփական հողի վրա չզգալ ինքնությունդ: Արցախ-Հայաստան ճանապարհն առաջին անգամ փակեցին 2022 թ․ դեկտեմբերի 3-ին: Հարազատ եղբայրս գործուղման էր Ստեփանակերտում: Այդ օրը բանակցությունների արդյունքում ճամփան բացվել էր: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ 9 ամիսների ընթացքում ամեն կիսված ընտանիք տանջվում էր: Ցույցեր էինք անցկացնում, ճանապարհներ փակում, բայց կյանքի ճանապարհը չբացվեց մեր ուզած ձևով: Կարևոր էր գիտակցել, որ դա հացի խնդիր չէր, դա մեր ինքնորոշման խնդիրն էր: Արցախը հայկական պահելու խնդիրն էր: Իսկ հակառակորդը, տեսնելով, որ բոլոր ջանքերը՝ արցախցուն ծնկի բերելու, արդյունք չտվեցին, գնաց ռազմական հանցագործությունների` միջազգային հանրության սին կոչերի ներքո, որոնք արժեք չունեին, քանի որ գործիքակազմեր չէին կիրառվում”:
“Չնայած Արցախում այսօր հայ չկա, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախից վերացնի հայկական հետքը, բայց հավատը վերադարձի դեռ կա: Կա վստահություն, որ մի օր Արցախը նորից հայկական է լինելու:
Ես չեմ կարող իմ հայրենիք գնալ որպես զբոսաշրջիկ, չնայած նրան, որ անգամ հարազատներիս գերեզմաններն այցելելու հնարավորություն հիմա չունեմ: Ես ու մենք բոլորս պիտի վերադառնանք հայկական Արցախ”։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: