Մարտակերտի տարօրինակ քարերը

  • 19:09 13.08.2024

2016 թվականի վերջերին Մարտակերտ քաղաքի մուտքի մոտ գտնվող “տարօրինակ” քարերը գրավեցին մարտակերտցի լուսահոգի Նարեկի ուշադրությունը, ով դրա մասին հայտնեց պատկան մարմիններին։

Իրապես այս տարօրինակ քարերը մարդկանց մոտ տարբեր վարկածների տեղիք տվեցին մինչև անգամ այլմոլորակայինների միջամտության։ Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ԱՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը համապատասխան մասնագետներ հրավիրեց տարածքի ուսումնասիրության համար, ովքեր միանշանակ հաստատեցին, որ քարերն այդ որևէ կապ չունեն այլմոլորակայինների հետ։

Տարածքում իրականացված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանք միկրոբիալիթներ են՝ (Վերին կավճի հասակի),  ձևավորվել են ծանծաղ և բաց ծովային միջավայրում:

Միկրոբիալ կրաքարերը (միկրոբիալիթներ) նստվածքային առաջացումներ են, որոնք ձևավորվում են երկարատև երկրաբանական ժամանակաշրջանում և այդ գործընթացները այժմ էլ շարունակվում են: Նրանք ձևավորվում են տարբեր նստվածքակուտակման իրավիճակներում, հարստացնելով մթնոլորտը թթվածնով, ինչպես նաև կարող են ստեղծել և պահպանել ածխաջրածինները: Այնուամենայնիվ, դրանք դժվար է ուսումնասիրել, քանի որ առաջացել են մանրէների գործունեության և ազդեցության ներքո, և միշտ չէ, որ պարունակում են ճշգրիտ տվյալներ իրենց ձևավորման վերաբերյալ:

Գնդաձև զանգվածը ծածկող արտաքին շերտը մանրահատիկ պելլետային կրաքարեր են պելոիդալ-կլորացված միկրիտով: Որոշ հատվածներում մատրիքսը ներկայացված է խտացման արդյունքում սեղմված, զիգզակաձև քվարցից: Ջրիմուռները կազմում են մոտ 20% և ներշերտավորված են մեզոկլոտներով (օրգանական նյութով հարուստ կլորացված հատիկներ):

Ուսումնասիրված միկրոբիալիթների առաջացման գործընթացները պայմանավորված են դետրիտային նյութի մուտքով, կենսաբանական ազդեցությամբ (կամ կենսաքիմիական) և անօրգանական (ֆիզիկաքիմիական) նյութի կուտակմամբ: Առկա են նաև տարատեսակ ֆաունա, որոնք ցածր նստվածքակուտակման ռեժիմում աճել են նստվածքների վերին հատվածում, սակայն չունեն արտահայտված ճյուղավորված ձևեր: Քվարցային մատրիքսի առկայությունը մատնանշում է գրանիտային զանգվածի հողմնահարում, սակայն տերրիգեն նյութի մուտքը կարող է պայմանավորված լինել նաև այդ ժամանակահատվածում նախալեռնային ավազանի առաջացման տեկտոնական ակտիվությամբ, ինչը կոլիզիոն պրոցեսի և առաջ ընթացող օռոգեն սեպի էվոլյուցիայի արդյունք կարող է լինել: Ջրի շրջանառությունը և արևի լույսի մեծացումը՝ ի շնորհիվ ջրի մակարդակի իջեցման, հնարավոր պայմաններից մեկն է շերտավորված ձևերից թրոմբոլիթ միկրոբիալիթների անցմանը, ինչը հանգեցրել է վերջիններիս կանոնավոր աճմանը: Միկրոբիալ նյութը և  կարմիր ջրիմուռները (Lithothamnion sp.) զարգացել են համատեղ նույն միջավայրում:

Նստվածքակուտակման ընթացքում ջրում աղի հագեցվածությունը հնարավոր է նորմայի սահմաններում է եղել, քանի որ այլ օրգանիզմներ նույնպես առկա են:

Կավճի հասակի միկրոբիալիթային կտրվածքների ուսումնասիրման քիչ օրինակներ կան: Այս նոր տվյալները կնպաստեն հյուսիսային Թետիսի ավազանում թրոմբոլիթների տեղաբաշխման, շրջակա միջավայրի և կազմի մասին գիտելիքների ավելացմանը: Միկրոբիալիթները դասակարգվում են որպես բակտերիալ ծագման թրոմբոլիթներ: Նրանք կարող են առաջանալ տարբեր բաթիմետրիկ, ջրի, էներգիայի, աղայնության և թթվածնի /սննման նյութի/ կոնցենտրացիանների պայմաններում: Միկրոբիալիթները կարող են հանդիսանալ շրջակա միջավայրի և էկոլոգիական փոփոխությունների ինդիկատորներ՝ պայմանավորված սնման նյութի տատանման և ջրի մակարդակի փոփոխությամբ: Բացի դա միկրոբիալիթները կարող են հանդիսանալ կարևոր ռեզերվուար (ամբարիչ) ապարներ ածխաջրածինների համար:

Ահա այսպիսի բարդ մի եզրակացություն, որը թերևս սպառիչ պատասխան է մասնագետների, բայց ոչ հասարակ մահկանացուներիս համար, նույնքան բարդ, որքան երևի այլմոլորակայինների լինել –չլինելը։  Փաստ է սակայն, որ մեր կորուսյալ երկիրը նաև գիտական մեծ պոտենցիալ ուներ։

Ժամանակավոր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Արմինե Հայրապետյան

f