Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
-Պարոն Պապյան, Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովը հայտարարեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքման համար պահանջում են, որպեսզի Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոփոխվի, Հայաստանը միանա Մինսկի խմբի լուծարման իրենց պահանջին, եւ Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային դատարանից։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն ասել են, որ այդ հարցերին կարող են անդրադառնալ պայմանագրի կնքումից հետո։ Այս պահանջները ի՞նչ են փաստում։
-Սա փաստում է այն հայտնի ճշմարտությունը, որի մասին բազմիցս խոսել ենք, որ Ադրբեջանի պահանջները հնարավոր չի լինելու բավարարել, նրանք աշխատելու են հնարավորինս շատ կորզել։ Եվ այդ պահանջներն անվերջ են լինելու, վստահ եմ՝ այս պահանջները հերթականն են, բայց վերջինը չեն։ Արդեն իսկ ոչ պաշտոնական մակարդակով հնչեցվել են մի շարք պահանջներ, որոնց Հայաստանը չի արձագանքել, դրանք չի մերժել, հետեւաբար, կդառնան պաշտոնական։ Ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա իր քաղաքականության անհեռանկար լինելը եւ ինչ-որ բան կփոխի։ Նրա ցանկությունը հետեւյալն է՝ խաբել ժողովրդին, թե իբր ինքը խաղաղություն է բերում, մյուսները պատերազմ են բերում, եւ այս զիջումը խաղաղության ճանապարհ է։ Բայց դա այդպես չէ, հետեւաբար, սա անհեռանկար քաղաքականություն է։
– Ամիրբեկովն ասում է նաեւ, որ իրենք առաջարկում են, որպեսզի Հայաստանը Սահմանադրության նախաբանի հարցով անցկացնի հանրաքվե։ Ըստ նրա՝ հանրաքվեի պետք է դնել հետեւյալ հարցը՝ «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել»։ Ըստ նրա՝ հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սա մանիպուլյացիա՞ է, ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Ներկայացնում են, որ իբր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը խաղաղություն է բերում, իսկ մյուսներինը՝ պատերազմ։ Իհարկե, եթե հարցն այդպես դնեն՝ ուզում եք պատերազմ, թե՞ խաղաղություն, մարդիկ կասեն՝ խաղաղություն։ Բայց կեղծիքն այն է, որ դա չի բերելու խաղաղություն։ Ի՞նչն է խանգարելու, որ նրանք պատերազմ սանձազերծեն։ Երկրորդ, այդ պահանջը կատարելու դեպքում Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, դադարում է գոյություն ունենալ։ Եթե դու կատարում ես քո թշնամու բոլոր անընդունելի պահանջները, դու երկիր չես։ Թող Ադրբեջանն էլ սահմանադրական հանրաքվե անցկացնի, մենք էլ հարց բարձրացնենք՝ իսկ իրենք համաձա՞յն են, որ պետք է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնեն, օրինակ, Նախիջեւանը, որը Երեւանի նահանգի մաս է կազմել։ Նախիջեւանն անվիճելիորեն եղել է Հայաստանի տարածք եւ մշտապես այդպես էլ ճանաչվել է, դե թող իրենք էլ Նախիջեւանը մեզ վերադարձնեն։ Իշխանության կողմից այս ամենին պետք է պատասխան տրվի։
Ավելին, Հայաստանն այս հարցերում պետք է աշխատի ներգրավել նաեւ Մինսկի խմբի նախագահությանը։ Ի՞նչ է նշանակում Մինսկի խմբի լուծարում, Մինսկի խումբը չի ստեղծվել ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների պահանջով։ Մինսկի խումբը ստեղծել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը։ Այսինքն՝ կառույցը կարող է լուծարվել միայն կառույցի առջեւ դրված խնդիրները լուծելուց հետո, եւ պետք է լուծարվի այն երկրների կողմից, որոնք այն ստեղծել են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, հետեւաբար, կառույցն իր խնդիրը չի կատարել։ Երկրորդ, Հայաստանն ու Ադրբեջանը չեն Մինսկի խումբը ստեղծողը, եւ իրենց տեսակետը չի կարող լինել վերջնական։
–Ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններից տեղեկացանք նաեւ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը հանվել է ապագա պայմանագրի տեքստից։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ հարցին նախատեսվում է անդրադարձ կատարել պայմանագրի ստորագրումից հետո։ Սա ծուղա՞կ է։
-Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը՝ «մենք կապաշրջափակենք Հայաստանը, խաղաղության խաչմերուկ կստեղծենք», կատարելապես ձախողվել է։ Իր բոլոր զիջումներն արվում էին իբր Հայաստանն ապաշրջափակելու, սահմանները բացելու համար, եւ հիմա տեսնում ենք, որ դա ձախողվել է։ Ադրբեջանը կարողացավ ոչնչից խնդիր բարձրացնել, այսինքն՝ միջանցքի հարցը դնել, հետո դրան համարժեք հարց ներկայացվեց եւ ասվեց՝ մենք էլ ենք հրաժարվում, դուք էլ եք հրաժարվում։ Ադրբեջանը միջազգային դատարաններում մեր դեմ հայցեր է ներկայացրել, այդ հայցերը թողնում է որպես պահուստային տարբերակ, որպեսզի ասի՝ մենք էլ հայցերը հետ կկանչենք, դուք էլ հետ կանչեց։ Բայց հիմա անգամ դա էլ չի ասում, այսինքն՝ չեղած տեղից մի բան է ստեղծում, հետո ասում է՝ եկեք երկուստեք հրաժարվենք։ Նման որոշումը՝ ապաշրջափակման հարցը սառեցնել ու թողնել ապագային, նշանակում է, որ Նիկոլի սուտ խաչմերուկ ծրագիրը կատարյալ ձախողվել է։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: