«Իշխանությունները ֆեստիվառներ են անում, հսկայական գումարներ են ծախսում, նպատակը մեկն է, փորձում են ժողովրդին այս իրավիճակում ասել, որ որեւէ պրոբլեմ չկա։ Բայց իրականությունն այն է, որ թշնամին արդեն Կիրանցում ու հարակից գյուղերում տեղավորվել է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դուք տեսաք այն նկարը, որտեղ հետիոտնային գիծը գծված է, հետիոտնային գծից այնկողմ՝ ճանապարհի եզրին արդեն կանգնելու են ադրբեջանցիները։ Այդ հետիոտնային գիծն ինչպե՞ս են գծել, որ դրանից այնկողմ Ադրբեջան է, դա չի տեղավորվում իմ ուղեղում, կամ սեպտեմբերի մեկին երեխաները ո՞նց են գնալու դպրոց։ Կամ կարող են մեկ քայլ անել, եւ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին։ Դրա հետ մեկտեղ ադրբեջանցիները գյուղացիների ցորենը հնձել են։ Ադրբեջանական տեխնիկան մտել է, հայ գյուղացու ցորենը հնձել է ու տարել է ձմեռվա պաշարը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Ավելի վաղ Գառնիկ Դանիելյանն ասել էր, որ հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ միջադեպ է տեղի ունեցել, սակայն ԱԱԾ-ն հերքել էր այդ տեղեկությունը։ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «ԱԱԾ-ն թող գնա կիրանցիներին այդ պատասխանը տա, թե ոնց են արել, որ ադրբեջանցիները մտել են ցորենը հնձել են, ոնց է եղել այդ միջադեպը։ Ինձ գյուղացիներն են ասել, եւ մեկ գյուղացի չի ասել, բազմաթիվ գյուղացիներ են ասել։ Այսինքն՝ դա գաղտնիք չէ, ինչի՞ համար են կոծկում, ամեն ինչ պարզ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ հաճոյանան, որ նման խնդիր չի եղել։ Ամեն անգամ սուտ խոսելով, այս ժողովրդին մոլորեցնելով՝ ինչի՞ են ուզում հասնել»։
«Ո՞նց կարող է այս ժողովուրդը պարտված ղեկավարին ընտրել, ո՞նց կարող է այս հասարակությունը գնահատական չտալ մի իշխանության, որը ծայրից ծայր ստել է եւ գնացել է ընտրությունների Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայով, այսօր Տավուշ է հանձնում։ Հենց դրա համար են այս ֆեստիվառներն անում, որ՝ ժողովուրդ ջան, մոռացեք այն խոստումները, որոնք տվել ենք, մոռացեք Արցախի մասին, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, մոռացեք արդեն Տավուշի գյուղերի մասին, Գորիս-Կապան ճանապարհի մասին, մոռացեք, որ թշնամին նստած է Ջերմուկի գլխին»,- հավելեց պատգամավորը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: