Աշխարհը չի վիճարկում ՀՀ Սահմանադրությունը, որը հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թ. որոշմանը

  • 13:31 15.08.2024

Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը համաձայն չէ Մինսկի խմբի լուծարմանը։ «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։

Այս հարցերին Արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ է պատասխանել․ – «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։

ԱԳՆ-ի պատասխանի անորոշությունն վկայում են այն մասին, որ Հայաստանի կառավարությունը փորձում է սակարկությունների տեղ թողնել։ Բանակցություններում ազգային շահերն ու իրավունքները երևակայական ձեռքբերումների հետ փոխանակելու արատավոր պրակտիկան հանգեցնում է այն եզրակացության, որ Հայաստանը կարող է համաձայնվել նման քայլի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու Բաքվի որոշման դիմաց։

«Զանգեզուրի միջանցքի» մասին մտացածին թեզն արդեն մի քանի տարի է՝ Հայաստանից զիջումներ կորզելու միջոց է ծառայում։ Գործը հասավ հայկական պետականության հիմքին՝ Սահմանադրությանը և Մինսկի գործընթացին։

Մինսկի գործընթացը Հայաստանի իրավական ինքնիշխանության կարևոր բաղադրիչն է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը և նրա գոյությունը հուշում է, որ աշխարհը չի գտնում միջազգային իրավունքի գոնե մեկ հիմք՝ Արցախը որպես ադրբեջան ճանաչելու համար։ Աշխարհը չի վիճարկում նաև Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հղում է արվում Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989թ. որոշմանը։ Մինսկի խումբը միջազգային կառույց է, որը Բաքվին և Մոսկվային թույլ չի տալիս լեգիտիմացնել միջազգային իրավունքին հակառակ զենքի ուժով ձեռք բերվածը։

ԵԱՀԿ-ն միշտ և միանշանակ հայտարարել է, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղրիմի և Դոնբասի խնդիրները պետք է լուծվեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Արցախի վերաբերյալ Մինսկի խումբը միշտ առաջարկել է երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, որին հաջորդում է հանրաքվեն, և ուժային կարգավորման անթույլատրելիությունը։ Այն, որ Մինսկի խումբը դեռ կա, նշանակում է, որ ոչինչ չի փոխվել։ Այլապես այն կհամարի հարցը լուծված եւ կինքնալուծարվի։

Պաշտոնական Երեւանը, հրաժարվելով Մինսկի խմբից, անգամ չի հասցնի փոխել իր Սահմանադրությունը, քանի որ հայկական պետությունը կկորցնի իր հենակետն ու կփլուզվի։

Չպետք է մոռանալ նաև, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք Մինսկի խմբի համանախագահներն են, երբևէ հրապարակավ չեն հայտարարել դրա լուծարման, հետևաբար արցախյան հիմնախնդրի «կարգավորման» մասին։