ԼՂ շահերն ամրագրված են Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց հիմա խոսույթն այլ է

  • 20:42 15.08.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

Պարո՛ն Աղաբեկյան, ողջունելով Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը՝ Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն իր հայտարարությունում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված գործողությունները ցեղասպանական ագրեսիա որակեց։ Արցախի ժողովրդի շահերը ներկայացնող իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է անի այս գնահատականը տալուց հետո։ Այո՛, տեղի է ունեցել ցեղասպանություն, իրավական ու քաղաքական ի՞նչ հետեւանքներ պետք է լինեն։ Եվ ի՞նչ աշխատանք է տանում այս ուղղությամբ Արցախի ԱԺ-ն։

-Արցախի Ազգային ժողովի մակարդակով վերջին հայտարարությունը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ այս հայտարարությունը ԱԺ նախագահի անունից է։ Այս պահին Արցախի գործող իշխանություններն ավելի շատ նախընտրել են լռությունը որպես քաղաքական մարտավարություն օգտագործելու ճանապարհը։ Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ հատուկ հանձնախումբ է ստեղծվել, ինքը որոշակի հաշվետվություն է ներկայացնում, այդ դիվանագիտական աշխատանքը, որը կատարվում է, որոշակի կարեւորություն ունի, բայց այստեղ խնդիրը ճիշտ չի ձեւակերպվում։

Հայկական շահը միշտ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացրել, արցախյան կողմը երբեք բանակցային գործընթացում գործոն չի եղել։ Իր դիվանագիտական աշխատանքը մաքսիմում կարող էր քաղաքացիական մակարդակում ասոցացվել, որովհետեւ Արցախի չճանաչվածության խնդիր կար։ Լեռնային Ղարաբաղի շահերը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը, ԼՂ շահերն ամրագրված էին Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բայց հիմա խոսույթն այլ է։ Հենց այսօր էլ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանի հարցադրմանը մեկնաբանություն տվեց, որի բովանդակությունն այն է, որ ՀՀ իշխանությունը չի բացառում,որ կարող է Ադրբեջանի հետ համատեղ դիմել Մինսկի խումբը լուծարելու համար։ Ասում են՝ մեզ համար քննարկելի է Մինսկի խմբի շարունակականությունը քննարկելը «խաղաղության պայմանագրի» համատեքստում։ Համատեքստում բառը մեծ մանեւրելու հնարավորություն տվող բառ է, կարող են վաղը ասել՝ նախասկզբունքներ ենք ստորագրում, դրա համար Մինսկի խմբից դուրս ենք գալիս։ Սա այն դեպքում, երբ խոսույթում ասում են, թե Արցախի հարց չկա, իսկ Արտաքին գործերի նախարարության էջից Լեռնային Ղարաբաղ բաժինը հանված է։

Այսինքն՝ Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են ուղղակի հրաժարվե՞լ Մինսկի խմբից, դա այդքան հե՞շտ է։

-Այո՛, ՀՀ իշխանություններն ուղղակի հրաժարվել են Մինսկի խմբից, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արցախի իշխանությունների վրա էլ կա այնպիսի ճնշում, որ իրենք Արցախի հարցի վերաբերյալ պետական ինստիտուտների մակարդակով համապատասխան հայտարարություններ չանեն։ Հակառակ պարագայում ինչո՞ւ Արցախի Ազգային ժողովի մակարդակով որեւէ հայտարարություն չի արվում։ Հայտարարությունները կա՛մ խմբակցությունների մակարդակով են լինում, կա՛մ ԱԺ նախագահի մակարդակով են ինչ-որ բանի արձագանքում։ Բայց Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի, մակարդակով հայտարարություն չկա։

ՀՀ իշխանությունները փորձում են փակել Արցախի հարցը, դա հնարավո՞ր է։

-Կա քաղաքական որոշակի կոնսենսուս, այս իշխանության կողմից կան ձեռք բերված պայմանավորվածություններ։ Այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը մնա ղեկին, իր նախանշած առաջնահերթությունների մեջ Արցախը չկա։ Եթե գլխավոր խաղացողը հրաժարվում է իր շահերը պաշտպանելուց, դժվար է պատկերացնել գործընթաց։ Խնդիրն այստեղ նույնիսկ անձերը չեն, ոչ թե անձերի, այլ քաղաքական ու բովանդակային իշխանափոխություն պետք է լինի։ Առանց իշխանափոխության, Արցախի հարցն օրակարգ բերելու մասին խոսելն իրականությանը մոտ չէ։

Ռոզա Հովհաննիսյան

f