Step1.am-ի հարցերին պատասխանել է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը։
-Դուք վերջերս արցախցիներին կոչ արեցիք սոցիալական ու կենցաղային հարցերից զատ բարձրաձայնել նաեւ իրենց ունեցվածքի, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Արցախ հավաքական վերադարձի հարցերը։ Ի՞նչ եք նկատում, արցախցիներն ակտի՞վ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում, արձագանքե՞լ են ձեր կոչին։
-Սոցիալական ցանցում կոչս ակտիվ տարածվել է, մարդիկ մեկնաբանել են, սակայն երբ գործնական քայլերի ժամանակն է գալիս, ցավոք, շատ քիչ մարդ հավաքվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Թվում է, թե շատ դեպքերում մարդկանց թվաքանակը գործոն չէ, բայց կոնկրետ այս պարագայում շատ լուրջ գործոն էր, որովհետեւ երբ մենք մոտեցանք անվտանգության աշխատակիցներին եւ ասացինք, որ պահանջում ենք հանդիպում եւ գրություն ունենք փոխանցելու ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ես տեսա, թե ինչպես էր իրենց անվտանգության աշխատակիցը հաշվում ցուցարարներին եւ վերադասին զեկուցում։
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայից երկու-երեք օր հետո իրենք հանդիպում կազմակերպեցին մեզ հետ։ Ներկայացրել ենք մեր պահանջները, այն է, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճիռը պետք է ի կատար ածվի, մշակութային ժառանգության հարցն ենք բարձրաձայնել, գույքային իրավունքները, գերիների վերադարձի մասին ենք խոսել։ Ես նկատեցի, որ իրենք էլ զարմացել էին, որ մի խումբ արցախցիների կենցաղային հարցերից զատ հետաքրքրում են նաեւ այդ հարցերը, քաղաքական ու իրավական պահանջներ ենք դնում։ Մենք ինչքան դիմել ենք իրենց, ասել են՝ հումանիտար աջակցություն կցուցաբերենք, բայց մենք փորձում ենք հարցը տեղափոխել այս դաշտ, որ արցախցիների կարիքները հետեւանք են այն քաղաքականության, որ էթնիկ զտում է իրականացրել Ադրբեջանը, իսկ աշխարհը լուռ է։ Այսինքն՝ մենք հետեւանքների դեմ չենք պայքարում, ուզում ենք մեր հիմնարար իրավունքներն իրացնել։ Ավելին չենք ուզում, Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ ամեն ինչ գրված է։
Այսօր տեսնում ենք, թե Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ինչ է անում Արցախում, փորձում են հայկական հետքն ամբողջությամբ վերացնել։ Ես միշտ շեշտում եմ, որ մեր լռության հետեւանքով է այս ամենը կատարվում։ Եվ արցախցիների այս լուռ, հանդուրժող վարքագիծը շատ անհասկանալի ու հիասթափեցնող է։ Եթե իմանանք, որ մեր մեջքին այնպիսի իշխանություն կա (նկատի ունեմ, թե Արցախի, թե Հայաստանի իշխանություններին), որը մեր շահերով զբաղվում է, մենք կարող ենք մեզ թույլ տալ ամենօրյա կենցաղային հարցերով զբաղվել։ Բայց երբ տեսնում ենք, որ չունենք իշխանություն մեր մեջքին, որը մեր իրավունքներն առաջ է տանում, ինչպե՞ս կարելի է այսպես հանգիստ լինել։ Արցախի հարցը տանում են փակման, մենք դրա ականատեսն ենք, բայց չենք փորձում որեւէ կերպ խոչընդոտել այս պրոցեսին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այլեւս Արցախ վերադարձի հարցը չեն էլ բարձրացնում։
-Իսկ ի՞նչ պատասխանատվություն ու անելիք ունեն այս հարցերում Արցախի իշխանության ներկայացուցիչները։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են,որ փակել են Արցախի հարցը իրենց համար, իսկ Արցախի իշխանություննե՞րը։
– Երբ խոսում ենք Արցախի նախագահի մասին, ինձ անընդհատ ասում են, որ իրեն հետապնդում են, քաղաքական հալածանքների են ենթարկում։ Բայց նաեւ իր վարքագիծը պետք է դիտարկենք սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինքը համաձայնել է այդ դժվարին հատվածում ստանձնել Արցախի նախագահի դերը, եթե համաձայնել է, ուրեմն ենթադրվում է, որ նաեւ պատասխանատու է։ Բայց ո՛չ կարողացան նորմալ կազմակերպել ժողովրդի տեղահանությունը, ո՛չ էլ բանակցային գործընթացում հաջողություն ունեցան, մինչեւ վերջին շունչը հավատացել են ռուս խաղաղապահների խոստումներին։ Նույնն էլ այստեղ է, արցախցին չի կարողանում իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ Արցախի իշխանություններից։ Եվ սոցիալական, եւ ֆինանսական, եւ մյուս հարցերով մարդկանց պատասխան չի տրվում։ Իսկ արցախցիների խնդիրները շատ են՝ թոշակներ, նպաստներ, աշխատավարձերի մի մաս կա, որը մարդիկ չեն ստացել, երեխաների նպաստներ․․․ Քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով ինձ ահազանգում են՝ ի՞նչ եղան մեր գումարները, ավանդները, որտե՞ղ դիմենք։ Կուտակային կենսաթոշակների մասին են շատ հարցեր լինում, նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա կենսաթոշակները չգիտենք, թե ուր անհետացան։ Էլ չեմ խոսում զուտ հումանիտար բնույթի հարցերի մասին, Արցախում հուղարկավորված զինծառայողների հարազատներն են բավական ծանր վիճակում, չգիտեն՝ ում դիմել, ինչպես ձեւակերպել իրենց պահանջները։ Այս հարցերը եւս մենք ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի հետ քննարկել ենք։
Քանի որ արցախցիների կողմից դիմադրություն չկա, այո՛, մեր հարցերը քաղաքականից ու իրավականից իջեցվել են հումանիտար մակարդակի։ Եվ սա արդեն իրողություն է, որը կարծես բոլոր կողմերին էլ ձեռնտու է՝ Արցախի հարցը փակել։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ Արցախ բառը չեն արտաբերում։ Եվ այս իրավիճակում ցավալի է, որ արցախցիները եւս լռում են։ Շուրջ 30 տարի մենք զոհեր ենք ունեցել մեր բնօրրանի համար, բայց մարդիկ հիմա տարված են սոցիալական ծրագրերով։ Մենք առաջիկայում էլ նախատեսում ենք որոշ միջոցառումներ․ ԵՄ ներկայացուցչի հետ պետք է հանդիպենք, Բաքվում կայանալիք COP 29-ի մասին պետք է մեր կոշտ դիրքորոշումը հայտնենք։ Ի՞նչ է նշանակում Բաքվի ռեժիմի նման ավտորիտար ռեժիմ ունեցող երկրում անցկացնել նման միջոցառում, սա ծաղր է։ Մենք մեր ուղերձը պետք է հղենք եւ ՄԱԿ-ին, եւ հիմնական դերակատար երկրներին։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: