«Հավաքական վերադարձի» թեզի տակ ակնառու է սադրանքը, ընդհուպ մինչև ցնդաբանություն»

  • 15:12 19.08.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանական ԽՍՀից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

-Տիկի՛ն Ավագյան, արցախցիները բարձրացնում են իրենց հավաքական վերադարձի հարցը։ Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր արցախցիների վերադարձը, ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն վերադարձի համար։ Շատ է խոսվում միջազգային մեխանիզմների ներքո վերադարձի հնարավորության մասին, ի՞նչ հնարավորություն կա։

-Հավաքական վերադարձ, այսինքն՝ որոշ արցախցիներ ուզում են ասել, ինչպես համախումբ արցախահայությունը՝ իրենց երեխաների, ծնողների, կանանց, իրենց կյանքը փրկելու համար պարզապես հեռացավ իր տուն ու տեղից, իր ծննդավայրից, թողեց իր հողն ու ջուրը, սար ու ձորը, վանքն ու խաչքարը, հիմա էլ համախումբ ետ դառնա՞։ Արցախահայության փախուստից հետո՝ թուրքի կողմից հայի սարքած կենսամիջավայրի համակարգված ավերումից բացի, որևէ այլ բան կա՞։ Այսինքն, «հավաքական վերադարձ» դեպի ցեղասպանության դժո՞խք։

Լավ, «միջազգային մեխանիզմների ներքո վերադարձի հնարավորության մասին», եւ դա ի՞նչ մեխանիզմ է, այդ ո՞ր մեկն է։ Հայտնի է, որ 1992 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության էին եկել, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հիմնական խաղաղապահ առաքելությունն իր վրա է վերցնելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, որին էլ այդ ժամանակ տվեցին լիազորություններ։ Եվ ո՞ւր էր ԵԱՀԿ-ն, կամ էլ այսպիսի հարցադրում՝ արդյո՞ք, հայկական իշխանությունները հիշեցրին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու ԵԱՀԿ-ին, ու դեռ նրանք էլ հիշեցին, թե հիմնական խաղաղապահ առաքելության լիազորություն ում էին տվել։ Դե, իհարկե, ո՛չ։ Ինչպես Ռուսիան ու Թուրքիան որոշել էին, այդպես էլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից տարան կոնֆլիկտը ու հասցրին նոյեմբերի 9-ին, ապա և մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ-ի սառը և անթարթ հայացքների տակ ։

Եթե խոսքը գնում է ինչ-որ «հավաքական վերադարձի» մասին, իսկ ինձ համար ակնհայտ է, որ այս թեզը շրջանառության մեջ դրած ուժերի համար դա պարզապես համախումբ արցախահայության վերադարձ է ցեղասպանի որջ, եւ ոչ ավելին, ապա որևէ «միջազգային մեխանիզմ» չի փրկի որևէ արցախահայի կյանք։ Ու ավելին,  «հավաքական վերադարձի» թեզի տակ ակնառու է սադրանքը, մտածված ու մշակված, ընդհուպ մինչև այն ցնդաբանությունը, որ թե՝ այսօր իլխամը խոսում է արցախահայերի վերադարձի մասին, ու եթե արցախահայերը չգնան, ապա միակողմանի մեղավոր է լինելու արցախահայը, որ դրանով առիթ է տրվում այդ հայակերին վաղը կամ մյուս օրը ձեռքերը տարուբերել միջազգային ամբիոնից ու ասել, թե «ես ասացի՝ եկեք, իրենք չեկան»։

Տպավորություն կա, որ ներսից անընդհատ տարվում է մեր զգոնության բթացման ընթացք։ Ինչու՞ հայկական քաղաքական-իշխանական վերնախավը միջազգային հարթակներում չի պատռում իլխամի նենգ ու ցինիկ վարքագիծը, որ մի կողմից ավերում է այսօր հայկական հետքը Արցախի ամեն մի անկյունում, ահաբեկում ու նսեմացնում է  հայությանը ամենահնարավոր միջոցներով, ու մեկ էլ ոչխարի մորթի հագած բորենու նման հայերին հետ է կանչո՞ւմ։

Դուք ասում եք, թե «արցախցիները բարձրաձայնում են իրենց հավաքական վերադարձի հարցը», իսկ այդ արցախցիները բացատրո՞ւմ են, թե ինչպես են հասկանում  «հավաքական վերադարձ» ասածը,  եթե բացատրեն, ապա այդտեղ էլ կհասկացվի, թե ինչպես է հնարավոր կամ ինչ պայմաններում։ Իսկ այն ինչ հնչում է՝ թե ներսում, թե դրսից՝ «հավաքական վերադարձ», բացարձակ ծուղակ է, որին, վստահ եմ, չի տրվի ո՛չ մի արցախահայ, և ո՛չ մի հայ։

Արցախ, ՏՈՒՆ վերադարձի լուծումը արցախահայությունը պետք է պահի իր ամուր ձեռքերի մեջ, գոնե այս անգամ։ Պետականություն հիմնած ու կառուցած արցախահայությունը ծնկած վիճակից ոտքի կկանգնի ու իր կենսատարածք՝ վերադարձի, պետականության վերականգման հարցերի լուծումները կմշակի ու կբարձրաձայնի, կգտնի դրան համարժեք համագործակցության դաշտ։ Արցախահայությունը իր կենսատարածքից պոկված վիճակում անգամ ունի իրավաքաղաքական ներուժ՝ խնդիրներ առաջ քաշելու ու տանելու լուծման։

Արցախահայությունը հասկանում ու տեսնում է Արցախի կորստի արմատները, որոնք, թերևս, մեզ շատերիս համար ցավեցնող ու անհանգստացնող էին, նույնիսկ ակնառու էին արդեն 30 տարիների ընթացքում։ Ինձ տխրեցնում է Արցախի Հանրապետության օրենսդիր ու գործադիր մարմիննների անտարբեր կեցվածքը իրենց կառավարման ներքո գտնված արցախահայության այսօրվա վիճակին, ու ոչ միայն, Արցախի՝ որպես պետականության, ապագայի նկատմամբ։

Արցախահայությունն իր պետականության տարածքից դուրս անգամ պարտավոր է մշակելու քաղաքական օրակարգ, վերականգնելու իր օրենսդիր ու գործադիր մարմինները, դրա համար բավարար ինտելեկտուալ ներուժ ունի, ու սա է, որ արցախահայությանը ՏՈՒՆ է տանելու։

-Դուք պարբերաբար բարձրաձայնում եք «անջատում հանուն փրկության» տարբերակի մասին։ Արցախի դեպքում ինչպե՞ս կարող է այն կիրառել, կմանրամասնե՞ք։

-Հիշեցնեմ, որ Հայաստանյան իշխանությունները միջազգային հարթակներում այդ սկզբունքը տարբեր ձևակերպումներով տարբեր ժամանակներում առաջ են քաշել։ 2016 թվականի ապրիլին Բաքվի երկրորդ ագրեսիայից հետո, ՀՀ առաջին նախագահը բարձրաձայնեց Արցախի համար այդ սկզբունքի կիրառման մասին, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը արձագանքեց և  բաց նամակով դիմեց ՀՀ առաջին նախագահին։ Արցախի Հանրապետության իշխանությունները նույնպես բարձրաձայնել են և «Remedial secession»-ը ներկայացրել «ճանաչում հանուն փրկության»։ Բայց իսկույն էլ ասես մոռացան։ Ասելիքս այն է, որ չձեռնարկեցին համարժեք քայլեր այդ սկզբունքը պաշտպանելու, իրողություն դարձնելու համար։ Ամեն հարցում հեշտությամբ մեղավորի հայտնաբերելը և սեփական անհեռատեսության ու անգործության արդարացումը ծանր, շատ ծանր է անդրադարձել Արցախի պետականության ու նրա ժողովրդի ճակատագրին։ Աններելի է։

Այո՛, ես վստահ եմ, որ «Remedial secession»-ը աշխարհում բազմաթիվ անգամ կիրառված եզակի սկզբունքներից է, որն արցախահայության կենսագործունեությունը կպաշտպաներ իր պետականության տարածքի վրա։ Ակնհայտ է, որ Բաքվի վերահսկողության տակ Արցախը կմնա հայաթափված ու ավերված, միջազգային որևէ մեխանիզմ կընկալվի արցախցու կողմից նույնքան կասկածելի, որքան ռուսական «խաղաղապահը»։ Ու բոլոր այս անվստահությունների հետևում  «թույլ» ազգերի, նաև հայության, գոյության սակարկման աշխարհաքաղաքական գինն է։

Բաքուն թերևս 1991 թվականի ագրեսիայով չհասավ իր նպատակին՝ ազատել հայությունից Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, սակայն մշակված ու բազմաշերտ պետական քաղաքականությամբ 32 տարի անց՝ կիրառելով իրեն հենց բնորոշ ցեղասպանական մեթոդները, հայությանը կրկին զրկեց կենսատարածքից, ինչպես, ասենք, Գետաշենից ու Շահումյանից։

2020-2023 թվականների Բաքվի «հաջողությունը» ապահովված էր նաև 30 տարիների ընթացում արտաքին կառավարման դաշտում հայկական պետականության կենսագործունեության հյուծման անշեղ ընթացքով։ «Remedial secession» սկզբունքն ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջն է՝ ցեղասպան Բաքվի որևէ տիպի վերահսկողությունից դուրս։ Դա ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջի լիարժեք հիմնավորում է, թե կենսական ինչ անհրաժեշտություն է այդ ճանաչումը արցախահայության գոյության համար, դա ցեղասպանության կասեցման սկզբունք ու մոտեցում է, անվտանգության ապահովում՝ արցախահայության կենսատարածքում։

«Remedial secession» սկզբունքի իրականացումը պետք է դառնա հայկական պետական քաղաքականության հիմնական ուղղություն, պետք է համախմբել Արցախի համար այդ սկզբունքի կիրառման ջատագով միջազգային իրավունքի բազմաթիվ մասնագետների, քաղաքական գործիչների ջանքերը։ Այստեղ մեծ ու հիմնական դերակատարումը պետք է ունենան Արցախի օրենսդիր և գործադիր մարմինները, նրանք է, որ արցախահայության անունից պետք է ցուցադրեն իրենց կենսատարածքում անվտանգ ապրելու և այդ անվտանգությունը ապահովող պետականությունը վերականգնելու իրենց ձիրքն ու մղումը։

Ռոզա Հովհաննիսյան