Օգոստոսի 19-ին Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Արցախի նկարիչների միության անդամ Սամվել Թավադյանի «Հիշողության ուժը» ցուցահանդեսի բացումը։
Մինչև 2020 թվականը Թավադյանն ապրել, ստեղծագործել է Շուշի քաղաքում։ Նրա բոլոր աշխատանքները, արհեստանոցը և տունը մնացին օկուպացված քաղաքում։ Շուշիում մնացած նյութական և ոչ նյութական ակտիվների շտեմարանում Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ներառել է նաև Սամվել Թավադյանի արվեստանոցն ու ստեղծագործությունների ժողովածուն։
Ստեփանակերտում ամեն ինչ նորից սկսեց՝ զրոյից։ Սակայն 2023 թվականի աշնանը Արցախի բնիկ բնակչության տեղահանության արդյունքում նկարիչը կրկին կորցրեց ամեն ինչ։ Հայաստանում նա երկար ժամանակ չէր կարողանում ստեղծագործել։
Դեկտեմբերին նկարչի հետ զրույցից հետո ինձ թվում էր, որ այս վիճակը տարիներ կտևի։ Բայց ցուցահանդեսի մասին լուրերը ցույց տվեցին, որ նկարիչը մարդկանց պատմելու շատ բան ուներ։
Դատելով ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունից՝ տեղի է ունեցել երկրորդ «վերադարձը»։ Իսկ շուտով Շուշիի ու Արցախի մասին նրա աշխատանքները կներկայացվեն այլ ցուցահանդեսներում։
Ցուցահանդեսի այցելուներից մեկը՝ շուշեցի Արմինե Սարգսյանը, խոստովանեց, որ «հասկանում և ընդունում է Թավադյանի աշխատանքները, ուստի մեծ ոգևորությամբ է այցելել ցուցահանդես և չի հիասթափվել»։
Սամվել Թավադյանը ծնվել է Արցախում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Արցախում, Հայաստանում, Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մոսկվայում, Վրաստանում և այլ երկրներում։
Նարեկացի միությունում ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը։ Մուտքն ազատ է։
Ալվարդ Գրիգորյան
Լուսանկարը՝ Արմինե Սարգսյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: