Ինչո՞ւ Օսկանյանը, Արցախի խորհրդարանը զլանո՞ւմ է օգտագործել իր հզոր մանդատը

  • 10:40 22.08.2024

Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները երեկ հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Նրանք հատկանշական են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են եւ նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։ Այս մասին հայտնում է «Ապարաժը»:

Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի զեկույցի՝ բազմաթիվ հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու հետապնդումն է։

Հիշեցնենք, հանձնախումբը  ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։

Եթե հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, նշանակում է, խորհրդարանը ճանաչում է արցախցիների իրավունքները ներկայացնելու սեփական մանդատը։ Ոչ ոք ավելի հզոր եւ հիմնավոր մանդատ չի կարող ունենալ, եւ եթե հանձնախումբը ղեկավարեր ոչ թե Օսկանյանը, այլ, ասենք, Արցախի ԱԺ ղեկավարը, այն շատ ավելի լուրջ կընդունվի միջազգային ասպարեզում։

Օսկանյանը կարող է գործի իր մասն անել, գուցե, շատ կարեւոր մասը, բայց նա չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքները։ Հանձնախումբը քաղաքական գնահատականներ չի տալիս, միայն խոսում է վերադարձի մասին, չմանրամասնելով պայմանները, ասենք, կարգավիճակի հարցը։ Իսկ Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն է հրապարակել, որով կատարվածը որպես ցեղասպանություն է որակում, ինչը պետք է համապատասխան իրավական հետեւանքներ ունենա։ Ճիշտ է, խորհրդարանը կոչ է արել միանալ Հայ դատի եւ Օկամպոյի արշավին, բայց ակնհայտ է, որ արշավի նպատակը՝ գերեւարված արցախի ղեկավարությանն ազատելն է Բաքվում Կլիմայի փոփոխությանը նվիրված կոնֆերանսի համատեքստում։

Հայկական ԶԼՄ-ները գրում են, որ «Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ»։

Գրեթե մեկ տարի է անցել Արցախի օկուպացիայից, տեղահանումից հետո, բայց Արցախի օրինական իշխանությունները զլանում են իրենց վրա վերցնել արցախցիների համար ամբողջ պատասխանատվությունը, պատվիրակելով այն անհասկանալի կարգավիճակով մարդկանց։ Զլանալը բերում է դրան, որ արցախցիների իրավունքների, Արցախի կոլեկտիվ շահերի համար պայքարը շեղվում է իրական ճանապարհից եւ փոշիանում։