Արցախից բռնի տեղահանվածների իրազեկվածության, սոցիալականացման, ոչ ֆորմալ կրթության և զբաղվածության առաջնահերթությունները կարևորելով՝ «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը միաժամանակ ծրագիր է գործարկել Երևանում, Վանաձորում և Գյումրիում։
Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվում պաշտոնատար անձանց հետ, որտեղ բաց ձևաչափի շնորհիվ արցախահայերն անմիջապես պաշտոնյաներին են ուղղում իրենց հուզող հարցերը։
Քննարկվել են բնակարանաշինության, ՀՀ քաղաքացիություն ստանալու, զբաղվածության և հրատապ այլ հարցեր։
ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալիզացմանը» ծրագրի շրջանակում նաև ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում։ Կազմակերպվել է արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես–վաճառք։
Ոչ ֆորմալ կրթության, երիտասարդության զարգացման ու զբաղվածության հարցերին ուղղված միջոցառումներին զուգահեռ կազմակերպվում են նաև ժամանցի միջոցառումներ։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին մասնակցել են 12–18 տարեկան շահառուները։
Սթրեսակայունության զարգացմանն ու սթրեսի կառավարման սկզբունքներին, ինքնակարգավորման մեթոդներին ուղղված հանդիպումներ են կազմակերպվում հոգեբանների մասնակցությամբ։
Հաճախ տրվող հարցերի պատասխանը տեղադրվում է «Մենք ու Մունք» ֆեյսբուքյան հարթակում։
Վարպետության դասերը, աշխատաշուկայում կողմնորոշվելուն ուղղված միջոցառումները կազմակերպվում են պարբերաբար՝ ամիսը մի քանի անգամ, փորձագետների ու մասնագետների հետ համատեղ։
ԼՈՖԹ կենտրոնները շահառուների համար գործում են անվճար։ Ծրագրի մանրամասները ներկայացնում է «ԼՈՖԹ» կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանը։
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: