Հայաստանում հաստատված արցախցիները սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել, Արցախի Ազգային ժողովը փորձում է լուծումներ գտնել։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Արցախի Ազգային ժողովը, գտնվելով Հայաստանում, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն մտցրեց, որով հնարավորություն է ընձեռնվում կուտակային համակարգում ընդգրկված արցախցիներին ցանկության դեպքում հետ ստանալ իրենց կուտակած գումարը։ Հարցը գրեթե լուծված էր, բայց Հայաստանի կառավարության որոշմամբ, հետագայում ՀՀ ԱԺ կողմից համապատասխան օրենքի ընդունմամբ մեր քաղաքացիներն այդ հնարավորությունից զրկվել են։ Խոսքը մոտ 35 հազար քաղաքացիների եւ 17 մլրդ դրամ կուտակված գումարների մասին է։ Տարբեր խողովակներով մեր դժգոհություններին ու պահանջներին, որ ապօրինի որոշումներ ու հակասահմանադրական օրենք են ընդունել, ոչ մի արձագանք չեղավ։ Եվ մենք խնդրեցինք ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ դատարան դիմելու իրենց հնարավորությունն օգտագործեն, որպեսզի ՀՀ կառավարության որոշումն ու ԱԺ օրենքը չեղարկվեն, եւ մեր քաղաքացիներին հնարավորություն տան օգտվել իրենց կուտակած գումարներից, որոնց կարիքը շատ կա»,- ասաց Բաղունցը։
Նրա խոսքով՝ արդեն կա տեղեկություն, որ 2024 թվականի դեկտեմբերին «40+10» հազար դրամ աջակցության ծրագիրը լուրջ սահմանափակումներով է իրականացվելու։ Այդ աջակցության գումարները ստանալու են միայն թոշակառուներն ու անչափահասները։ Հասարակության մի մեծ զանգված այդ գումարն այլեւս չի ստանալու, այնինչ, արցախցիներն այդ գումարներն ուղղում են բնակարանների վարձավճարների վճարմանը։ Գագիկ Բաղունցն ասաց, որ արցախցիների շրջանում արտագաղթի տեմպերն արդեն իսկ շատ մեծ են։ Եվ արտագաղթի ծավալը կաճի, եթե սոցիալական խնդիրները սրվեն։
«Տարբեր տվյալներով՝ խոսք է գնում, որ արդեն իսկ 15, 20, 25 հազար արցախցիներ լքել են Հայաստանը։ Ցավոք, այդ թվերը կկրկնապատկվեն, կեռապատկվեն, եթե Հայաստանի կառավարության կողմից շարունակաբար նման վերաբերմունք դրսեւորվի արցախցիների նկատմամբ։ Խոսքը եւ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գումարների մասին է, եւ բնակարանային ծրագրի, եւ սոցիալական աջակցության»,- ընդգծեց Բաղունցը։
Արցախի Ազգային ժողովն առաջարկություններ է մշակել արցախցիների բնակապահովման ծրագրի վերաբերյալ եւ պատրաստվում է հնարավորության դեպքում դրանք ներկայացնել Հայաստանի կառավարությանը։ Բաղունցն ասաց, որ բնակապահովման աջակցության ծրագիրը մշակելիս Արցախի իշխանությունների առաջարկությունները հիմնականում հաշվի չեն առնվել։ Իրենք հիմնավոր առաջարկներ են մշակել, որոնց ներառում են եւ քաղաքական, եւ սոցիալական բաղադրիչներ, եւ ՀՀ իշխանությունները, Բաղունցի խոսքով, պարտավոր են հարցը քննարկել արցախցիների իշանությունների ու հասարակական սեկտորի հետ։
«Բնակապահովման ծրագիրը երեք փուլով է իրականացվելու, 2027 թվականի հունվարի մեկից երրորդ փուլն է մեկնարկելու։ Իմ մտավախությունն այն է, որ այս տեմպերով մենք արդեն 2026-2027 թվականներին շատ քիչ արցախցիներ կունենանք Հայաստանում»,- ասաց նա։ Ըստ Բաղունցի՝ իրենց առաջարկություններում համապատասխան որոշումներին հղումներ են անում եւ փորձում են ՀՀ իշխանություններին բացատրել, որ այս ծրագիրը ոչ միայն արժանապատիվ հնարավորություններ չի ստեղծում արցախահայության համար, այլ հուսահատություն է առաջացնում արցախցիների՝ ՀՀ-ում արժանապատիվ գոյության համար։ Եվ դրա վկայությունն այն է, որ արդեն հազարավոր արցախցիներ արտագաղթել են։
Նա նշեց, որ առայժմ բնակապահովման ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները չեն հանրայնացնում։ Եթե հնարավորություն չստեղծվի այն քննարկելու Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, Արցախի իշխանությունները հնչեղություն կտան հարցին ու հանրային քննարկումներ կանցկացնեն։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: