Ինչպես են 2025-ին կազմակերպվելու Արցախի ԱԺ ընտրությունները

  • 08:51 23.08.2024

2025 թվականին լրանում է Արցախի Հանրապետության գործող Ազգային ժողովի ժամկետը։ Step1.am-ի թղթակիցը Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին հարցրեց՝ 2025 թվականին ԱԺ նոր ընտրություննե՞ր են անցկացվելու, ինչպե՞ս են Հայաստանում կազմակերպելու այդ գործընթացը։

«Մենք, իհարկե, կողմնակից ենք, որ բոլոր օրինական պահանջները պահպանելով՝ հերթական ընտրություններ կազմակերպենք։ Բայց Արցախի էթնիկ զտման պատճառով բավական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Այնուամենայնիվ քննարակումներ կան, մշակվում են տարբերակներ։ Եթե մենք համոզված լինենք, որ այդ տարբերակները թույլ կտան նաեւ ՀՀ տարածքում գտնվելով՝ ընտրություններ կազմակերպել, կգնանք այդ ճանապարհով։ Չնայած, ներկա պայմաններում ես շատ դժվար եմ դա պատկերացնում՝ տեսնելով, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում ՀՀ իշխանությունների կողմից Արցախի պետական կառույցների նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Գագիկ Բաղունցի՝ եթե հնարավոր չլինի ընտրություններ անցկացնել, կան հնարավորություններ՝ երկարաձգելու Արցախի ընտրված պետական կառույցների լեգիտիմության ժամկետները։ «Մենք այդ ուղղությամբ աշխատել ենք ու աշխատում ենք։ Մեր իշխանությունների կողմից կան մշակված մեխանիզմներ, հիմնավորումներ են ներկայացված, որոնք հղում են կատարում եւ մեր Սահմանադրության, եւ Արցախի ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս համատեքստում ուսումնասիրվում է նաեւ միջազգային փորձը։

«Փորձելու ենք 2025 թվականի մայիսի 22-ին այնպիսի հիմնավորումներ տրամադրել, որ պահպանվի Արցախի Հանրապետության լեգիտիմ ընտրված մարմինների լեգիտիմությունը»,- ընդգծեց նա։

Ռոզա Հովհաննիսյան