Փաշինյանը չհիշատակեց 1989 թ․ Հայաստանի եւ Արցախի միավորման մասին որոշումը

  • 11:04 23.08.2024

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է։ Այն նույն հռչակագրի, որի վրա հղում է անում ՀՀ Սահմանադրությունը, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի միավորման մասին 1989 թ․ համատեղ որոշմանը։ Հենց այդ հղումն են խնդիր համարում Պուտինն ու Ալիեւը, ասելով, որ քանի այն կա Սահմանադրութան մեջ, Հայաստանը տեր է Արցախին։

Փաշինյանը գարնանը կարծես համաձայնվել էր այդ պահանջի հետ, նույնիսկ “հայրենիք-պետություն” հակադրության մասին անհեթեթ տեսություն է ներկայացրել ու ասել, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Հայաստանում ամռան սկզբին ծավալված բողոքի ակցիաների եւ դրանց չմիացած ժողովրդի խուլ դժգոհության ֆոնին Սահմանադրության փոփոխության թեման վտանգավոր դարձավ Փաշինյանի իշխանության համար։ Եւ նա հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություն կարող է տեղի ունենալ 2027 թ․ միայն՝ այսինք 2026-ի ընտրություններից հետո։

Բաքուն դա գնահատեց որպես “խաղաղ պայմանագրի” տորպեդավորում, դրան միացավ նաեւ Լավրովը, որը փաստորեն ասել է, թե Փաշինյանը սաբոտաժ է անում իր իսկ ստորագրված փաստաթղթերը։ Թեկուզ ակնարկը վերագրեցին Մեղրիի ճանապարհին, բայց այն կարող է հենց այս՝ Սահմանադրության հարցին վերաբերվել։ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ Լավրովը խոսում էր ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին։

Կա՞ արդյոք փաստաթուղթ, որով Փաշինյանը խոստանում է հրաժարվել Միացումի մասին 1989 թ․ որոշումից։  Նրա բանավոր հայտարարություները, որ ճանաչում է Արցախը “ադրբեջանի” մաս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Չէ՞ որ գերագույն փաստաթղթով Արցախը Հայաստանի մաս է, հատկապես, երբ հայտարարվեց “անկախ Արցախ” պրոեկտի ավարտի մասին։

Հիմա Փաշինյանը կա՛մ պետք է իրոք Սահմանադրություն փոխի, ինչը կբերի եւ Հայաստանի, եւ նրա իշխանության կործանման, կամ շուստրիություն անի եւ ասի “я не я, и лошадь не моя”։ Եւ նա ասաց։

Այսօրվա իր ուղերձում Փաշինյանն ասաց, որ “ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա /հղումը/ չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են”: Նա չհիշատակեց 1989 թ․ որոշումը կամ Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին դրույթները, այլ մի անհեթեթ օրինակ բերեց։

“ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ”, ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա 1989 թ․ ուղիղ հիշատակում։ Բայց դա չի նշանակում, որ Արցախը Հայաստան չէ, եւ Հայաստանի կառավարությունը պատասխանատու չէ Արցախի համար։ Ուզեն թե չուզեն, բոլորը պետք է բացեն աչքերը եւ ընդունեն՝ Արցախը Հայաստան է, նույնիսկ օկուպացված վիճակում։ Եթե այդպես չլիներ, Հռչակագիրը խոչընդոտ չէր լինի “խաղաղ պայմանագրի” համար։

Նաիրա Հայրումյան

f