Գերագույն խորհրդի պատգամավորներն այսօր հավաք են անցկացնում՝ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Անկախության հռչակագիրը ոչ միայն հիմք դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլ նաեւ ուղենշեց հիմնական քաղաքական կետերը եւ սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց Հայաստանի անկախ հանրապետությունը։ Եվ երրորդ հանրապետության ստեղծման, որի կործանմանը տանում է այսօրվա իշխանությունը, մի քանի հիմնական սկզբունք կա։
Առաջինը՝ համահայկական նպատակների իրականացումն է։ Հայաստանի Հանրապետությունը միայն 29 743 քառսկուսի կմ վրա ապրող հայերի եւ հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է։ Եվ ամենակարեւորը՝ այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված պետությունն է։ Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են։
Այսօր Հայաստանի իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, արցախահայության ու սփյուռքահայության միջեւ, փորձում են պառակտել մեր ազգը եւ ջնջել հայկականություն։ Եվ այսօր, նշելով Հայաստան Անկախության հռչակագրի 34 ամյակը, մենք ուղերձ ենք հղում, որ ողջ հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներր, հայոց պետականությունը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորումն ուղենիշ հռչակող պետություն է։ Եվ այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել։
Պետությունը, պետականությունը շատ թանկ հաճույք է, աշխարհի հազարավոր ազգերից մոտ 250 ազգ ընդամենն ունեն այդ երջանկությունը, այդ բախտը, այդ առավելությունը։ Եվ բոլոր այն պնդումները՝ սպառողական ու քաղքենիական, թե ինչքա՞ն պիտի պայքարենք, բա երբ ենք ապրելու, ընդամենը պետականության կործանմանը տանող գաղափարախոսություն ու փիլիսոփայություն է։ Ոչ, պետությունը թանկ հաճույք է, թանկ պարգեւ է, եւ այդ թանկ պարգեւը պահելու համար յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր օր պետք է ապացուցի, որ պատրաստ է պայքարել հանուն ազատ, անկախ եւ միացյալ պետության»։