«Անկախության հռչակարգում մենք ունենք մի հրաշք կետ, այսօր ոչնչացրել ենք այդ կետը մեր հռչակագրից․ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այսօրվա մեր նիստում կամ մենք պետք է ընդունենք մեկ այլ հայտարարության տեքստ, կամ այս հայտարարության մեջ պետք է անպայման մեկ պարբերությամբ նշվի, որ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշմամբ մենք ընդունել ենք, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է մեր անքակտելի մասը։ Եվ այդ մասն ինչ-որ պետության դիվերսիայի արդյունքում եւ մյուսների համաձայնությամբ այսօր մեր տարածքում չէ»,- Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Ղազինյանը։
Նա առաջարկեց ԳԽ պատգամավորների անունից համատեղ հայտարարության տեքստ կազմել, որտեղ անդրադարձ կլինի Արցաի հարցին, նաեւ այսօրվա օկուպացիային։ «Մենք այսօր բոլորս իրարից վախենում ենք, չգիտենք ումից վախենում ենք, չենք ուզում անկեղծ ասել, որ այսօր մենք գտնվում ենք ամենասոսկալի ու ծանր վիճակում։ Եթե որոշ մարդկանց թվում է, թե Լեռնային Ղարաբաղը տվեցինք, պրծանք, սխալվում են, որեւէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել՝ առանց դեկտեմբերի 1-ի որոշման ի կատար ածման։ Որեւէ մեկը թող հույս չունենա՝ քանի թուրքը կա, եւ քանի դեռ Լեռնային Ղարաբաղն այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, կեղծ են բոլոր խաղաղության պայմանագրերը»,- հայտարարեց Ղազինյանը։