Անկախության հռչակագրի ընդունմամբ սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը

  • 19:13 23.08.2024

Կոմունիստական բռնապետության օրոք ՀՀ եւ Արցախի ներկայացուցչական մարմինները համատեղ նիստ գումարեցին 1989 թվականի դեկտեմբերի 1-ին եւ միավորվեցին։ Այս մասին Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա հավելեց․ «Դրան հաջորդած համապետական խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին նաեւ արցախցիները։ Հետո արդեն անկախացող Հայաստանում արցախակենտրոն մտածելակերպ ունեցող ՀՀՇ-ական ղեկավարության օրոք արցախցիներին արգելվեց մասնակցել Անկախության հանրաքվեին եւ դրան հաջոդրած նախագահական ընտրություններին։ Սա առեղծված էր, մոգոնեցին բազմաթիվ հիմնավորումներ, բայց փաստն այն է, որ «միացում» կարգախոսով իշխանության եկածներն ամեն ինչ արեցին, որ կայացած միացումն անէանա»։

Ըստ Հայրիկյանի՝ Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական արժեհամակարգային փաստաթուղթ էր, այլեւ փոխում էր տարածաշրջանում ավելի քան 70 տարի հաստատված ապօրինի քաղաքական իրավիճակը։

«1920-21 թվականներից մեզ ստիպել էին ապրել Լենին-Աթաթուրք հակահայկական պայմանագրի կանոններով։ Այդ ապօրինի պայմանագրով ոչ միայն մասերի բաժանվեց Հայաստանը, այլեւ յուրովի օրինականացվեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայության հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Եվ դա այն պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը տրամադրված էր նվազագույնի հասցնել այս միջազգային հանցագործության հետեւանքները, խոսքս մասնավորապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին է»,- ասաց նա։շ

Ըստ Հայրիկյանի՝ Անկախության հռչակագրի ընդունմամբ ակամա սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը։ «Ի դեպ, մենք հիմա վերադարձել ենք Լենին-Աթաթուրք պայմանագրի նախնական պայմաններին, այսօր այդ իրավիճակն է, երբ հայերին թույլ չի տրվում թուքերի դեմ խոսել, ասվում է՝ ձեր սահմանները սրանք են։ Հռչակագիրը՝ որպես ազգային ակնկալիքների քաղաքական համագումար, ամբողջությամբ դեմ էր այդ ապօրինի եւ հանցավոր համաձայնագրի ոգուն եւ էությանը։ Իսկ Ցեղասպանության հիշատակումն այդ փաստաթղթում պարզապես ճշմարտության, միջազգայնորեն ճանաչված պատմական իրողության արձանագրումն էր։ Այսօր հակառակ ուղղությամբ շահարկումներ են տեղի ունենում  եթե մենք լսում ենք այդ բարբաջանքները, մեզ կոչ է արվում պատերազմ հայտարարել Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպական միությանը, որովհետեւ նրանք ցեղասպանությունը ճանաչել են»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։

Նա կարեւորեց Սահմանադրությունում Անկախության հռչակագրին արված հղումը, ասաց, որ դա մեզ օգնում է զգալ դրա առարկայական գոյությունը։ Այլապես, հռչակագիրը մոռացության վտանգի առաջ կանգնած կլիներ։