«Մենք ձեզ խորհուրդ էինք տալիս ոչնչացնել Հայաստանը»․ Կիեւից ողբ առ «ադրբեջան»

  • 21:00 24.08.2024

Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք Բաքվի ՍՈԿԱՐ պետական նավթագազային ընկերության շուրջ ծագած սկանդալին։ Ուկրաինացի բիզնեսմենները, զինվորականները, սոցցանցերի օգտատերերը տարակուսում են, որ Կիեւը չի դադարեցնում ՍՈԿԱՐ-ի հետ համագործակցությունը, որը վաճառում է ռուսական նավթ ու գազ, այսինքն՝ Կիեւը փաստացի ֆինանսավորում է Ռուսաստանի պատերազմը։

Նշել էինք, որ Ուկրաինացի նշված քաղաքագետ-փորձագետներն այս սկանդալի ֆոնին փորձում են արդարացնել այսպես կոչված «ադրբեջանի» քաղաքականությունը՝ բացառապես հակահայ ֆոնով։ Ավելին, ուկրաինական պաշտոնական հեռուստաալիքը եթեր է տվել Ալիեւին իբր ընդդիմադիր Յունուսին, որը ուկրաինական իշխանությանը եւ ժողովրդին խրատական քարոզ էր կարդում, նրանց փաստացի քաղաքականապես դեգեներատներ համարելով (տես այստեղ)։ Եվ հաղորդավարը, արցախյան դիպուկ բնորոշմամբ՝ «ականջները թակած էշի» պես, նստած լսում էր եւ չէր հակաճառում։ Նույնիսկ չհարցրեց, թե ինչի մասին են պայմանավորվել Պուտինը եւ Ալիեւը 2022-ի փետրվարին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախօրեին։

Ավելորդ է ասել, որ Ալիեւին իբր ընդդիմադիր Յունուսը փառաբանում էր նրա քաղաքականությունը եւ եթերից տեղում պաշտոնական Բաքվի աղտեղությունները հայերի հասցեին։

Գանք ուկրաինացի փորձագետներին։ Նրանցից մեկը՝ Ալեքսանդր Կովալենկոն, մեղայական մի տեքստ է հրապարակել (տես այստեղ), որը վերահիշյալի վառ դրսեւորումն է։ Նա համարում է, ոչ ավել, ոչ պակաս, որ Բաքուն տանուլ է տվել տեղեկատվական քաղաքականությունն Ուկրաինայում, չնայած իրենց՝ ուկրաինացի փորձագետների ջանքերին (նշենք, որ նրանցից շատերն ուղիղ սնվում են Բաքվից)։

Կովալենկոն գանգատվում է, որ դեռ 2023-ին հատուկ «ադրբեջանական» զլմ-ների համար վերլուծություն է արել եւ Բաքվի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հնդկաստանը, Ֆրանսիան, Հայաստանը, Իրանը հակաթուրքական կոալիցիա են կազմում, դրան միանում է նաեւ Հունաստանը։ Որ Հայաստանը ծանր սպառազինություն է ստանում, եւ այլն։ Սակայն Բաքվում ուշադրություն չեն դարձրել։

Իսկ ամենակարեւորը Կովալենկոյի այս տեքստում այն է, որ, ըստ նրա՝ «2020-ի դրվագը» դեռ չի նշանակում, որ Բաքուն հասել է ռեգիոնալ կայունության։ Կովալենկոն նկատի ունի պատերազմն Արցախում եւ նոյեմբերի 9-ի թուղթը։ Ակսինքն՝ Բաքվին նախատում է Հայաստանի դեմ հարձակումները չշարունակելու համար։

Հիշեցնենք, որ նույն ուկրաինացի փորձագետները Բաքվին պարբերաբար հորդորում էին «երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Հայաստանում», հրճվում Բաքվի հանցագործ ռեժիմի հարձակումների կապակցությամբ։

Յունուսը մի հարցում ճիշտ է՝ միայն քաղաքականապես տհասը չէր կարող նկատել, որ Հայաստանի պետականությունը վերացնելու ծրագրերը Ռուսաստանն իրագործում է Բաքվի ձեռքով (Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ դա վաղուց չեն էլ թաքցնում), եւ Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի հաջողությունն ուղիղ կապված է Ուկրաինայի դեմ ռուսական ճնշման ուժգնացման հետ։ Հայաստանի դեմ Արցախում իրագործված ցեղասպանությունը չափազանց թանկ է արժենալու դրա ծրագրողների ու շահառուների վրա։ Դա բոլորիս աչքի առաջ է։