Լուսանկարը՝ Լիանա Ոսկանյանի անձնական արխիվից
Լիանա ՈՍԿԱՆՅԱՆ, բնիկ, Ստեփանակերտի նախկին բնակիչ։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է բժշկական մասնագիտություն՝ ավարտելով Ստեփանակերտի բժշկական քոլեջը։ Նա ահավոր կարոտում է այն թատրոնը, որտեղ ծառայել է, բեմ բարձրանալը և մինչ օրս իրեն զգում է Մելպոմենեի տաճարի սպասավոր: Ամուսնության մեջ ունի վեց երեխա՝ 1,6 ամսականից մինչև 16 տարեկան:
– Ես հաճախել եմ Ստեփանակերտի թիվ 4 միջնակարգ դպրոցը և լավ եմ հիշում առաջին Ղարաբաղյան պատերազմը, երբ տարրական դպրոցի աշակերտ էի։ Հիշում եմ Ստեփանակերտի ռմբակոծությունը, հիշում եմ, թե ինչպես արկը խփեց մեր շենքին, ու մենք՝ երեխաներս, գցվեցինք պատին։ Հիշում եմ, թե ինչպես էինք թաքնվում շենքի նկուղում։ Մի արկ դիպավ մոտակայքում գտնվող շենքին, և իմ հասակակիցը մահացավ իմ աչքի առաջ։ Շատ ժամանակ է անցել, բայց ես դեռ վախենում եմ թռչող ինքնաթիռի ձայնից։
Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը, քանի որ շատ էի սիրում պատմությունը, գեղարվեստական ու պատմական գրքեր կարդալ։ Սակայն պապս դեմ էր՝ պատճառաբանելով, որ ես բանվորի աղջիկ եմ և պետք է համապատասխան մասնագիտություն ընտրեմ։ Բայց տատիկս կողմ էր, որ ես շարունակեմ ուսումս, մանավանդ որ դպրոցում գերազանց սովորող էի։ Եվ ընդունվել եմ Ստեփանակերտի բժշկական քոլեջը, որն ավարտել եմ գերազանցությամբ։ Թեև կասեմ, որ բժշկական մասնագիտությունն ինձ իրականում չի գրավել։
12-ից 16 տարեկան հաճախել եմ Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի թատերական ստուդիա։ Մենք բեմ էինք բարձրանում եւ փոքրիկ հոնորար ստանում, միաժամանակ սովորում դերասանական վարպետություն, բեմական շարժում և բեմական խոսք։ Ուսումս ավարտելուց հետո ստացա համապատասխան դիպլոմ։ Իսկ հետո, 16 տարեկանից, գրեթե մինչև վերջերս, որպես դերասանուհի ծառայեցի մեր դրամատիկական թատրոնում։ Ես իսկապես սիրում եմ թատրոնը։ Եթե հնարավորություն լիներ, հիմա էլ բեմ կբարձրանայի։ Թատրոնը բոլորովին այլ աշխարհ է, և բեմ դուրս գալու պահերը ոչնչի հետ չեն կարող համեմատվել։ Ես դեռևս ինձ զգում եմ Մելպոմենեի տաճարի քրմուհի: (Հին հունական ավանդույթում թատերական արվեստին հովանավորում է ողբերգության մուսան՝ Մելպոմենեն, հետևաբար, թատրոնը Մելպոմենեի տաճարն է, իսկ դերասանները՝ այս տաճարի սպասավորները՝ Ա.Ո.)։
Լուսանկարը՝ Լիանա Ոսկանյանի անձնական արխիվից
Հայրս՝ Գառնիկ Մանգասարյանը, Ստեփանակերտի ավտոպահեստամասում մեխանիկ էր աշխատում, հետո աշխատանքի անցավ սանմաքրման ծառայությունում։ Մայրիկս՝ Էլլան, տնային տնտեսուհի էր: 1988-ի Սումգայիթի դեպքերը, Ղարաբաղյան պատերազմը և պատերազմում եղբոր մահը բացասաբար են անդրադարձել նրա առողջության վրա։ 2020 թվականի նոյեմբերի 7-ին նա մահացել է Երևանում։ Այստեղ մենք թաղեցինք նրան: Երկու քույր ունեմ՝ Նելլին և Գոհարը։ Գոհարն ընտանիքով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Նելլին ընտանիքով Մասիսում։ Նրանց հետ է ապրում մեր հայրը։
22 տարեկանում Ստեփանակերտում ամուսնացա Արայիկ Ոսկանյանի հետ։ Նա վարորդ էր աշխատում, ես՝ թատրոնում, ունեցանք վեց երեխա։ Ավագը՝ Արթուրը 16 տարեկան է, Ալենան՝ 14 տարեկան, Ներսեսը 12 տարեկան, Դավիթը՝ 10 տարեկան, Էլլան՝ 4 տարեկան, փոքր Ավետիսը՝ 1,6 տարեկան։
Լուսանկարը՝ Լիանա Ոսկանյանի անձնական արխիվից
Մի քանի տարի առաջ եկա Երևան և վարպետներից մոտ սովորեցի դիմահարդարման արվեստը, դարձա պրոֆեսիոնալ դիմահարդար։ Որոշ ժամանակ թատրոնից բացակայել եմ, ինձ ասացին, որ շատ երեխաներ ունեմ, կարող եմ չկարողանամ ներկայանալ աշխատանքի, և ես աշխատեցի Ստեփանակերտում կանանց սրահում։ Սովորեցի նաև լավաշ թխել, չէի խուսափում ոչ մի աշխատանքից, ինձ համար գլխավորը ընտանիքս արժանապատիվ պահելն էր։
2020 թվականի սեպտեմբերին ամուսինս՝ Արայիկը մեկնում է Ռուսաստան, իսկ մի քանի օր անց սկսվում է պատերազմը։ Այն ժամանակ հինգ երեխա ունեի։ Մենք կծկվել ենք նկուղում և երեխաների պատճառով ստիպված ենք եղել գնալ Երևան։ Մորս յոթը նշելուց հետո, նոյեմբերի վերջին վերադարձանք Ստեփանակերտ։
Եվ երբ սկսվեց վերջին պատերազմը և ղարաբաղցիների տեղահանումը իրենց տներից, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ես հավաքեցի մի քանի իրեր և բարեկամի մեքենայով մեկնեցինք Հայաստան։ Գորիսում մեզ շատ լավ ընդունեցին։ Առաջարկեցին գնալ Տավուշի մարզի գյուղերից մեկը, բայց մենք մերժեցինք, քանի որ մեզ առաջարկած տունը այնքան էլ լավ վիճակում չէր, իսկ ես վեց երեխա ունեի իմ խնամքին։ Երկու շաբաթ ապրել ենք Գորիսի հյուրանոցներից մեկում, իսկ հետո Արտաշատի շրջանի Բյուրավանում տուն ենք գտել 200.000 դրամով ($1 – 385 դր.): Բյուրավանի կազմակերպություններից մեկը մեզ շատ օգնեց՝ ավանդի գումար տվեցին և վեց ամիս վճարեցին մեր կացարանի համար։
Գյուղում աշխատանք չէի գտնում, օգնությունն մշտական չէր, ծախսերը՝ մեծ։ Կարող էի աշխատանք գտնել Երեւանում, բայց ֆինանսապես թանկ էր՝ հեռավորության պատճառով։ Ի վերջո, գտա մի տուն Երևանում, թեկուզ առանց վերանորոգման, որտեղ հիմա ապրում ենք և վճարում ենք 160 հազար դրամ բնակարանի համար։ Կան մարդիկ, ովքեր ինձ ֆինանսապես օգնել են, և եթե նրանց օգնությունը չլիներ, ինձ համար շատ դժվար կլիներ։
Ստեփանակերտում երկու-երեք տեղ էի աշխատում՝ ընտանիքս պահելու համար։ Եթե թատրոնում աշխատանք չկար, գեղեցկության սրահում էր աշխատում, լավաշ էր թխում։ Սա շատ օգնեց շրջափակման ժամանակ, երբ հացի համար հսկայական հերթեր էին։ Մեզ՝ աշխատողներիս, ամեն հերթափոխից հետո երկու հաց էին տալիս։ Ես երբեք առանց աշխատանքի չեմ եղել։ Իսկ այստեղ՝ Երեւանում, տնից ոչ հեռու մի խանութում աշխատանք գտա, որ հարկ եղած դեպքում արագ հասնեմ տուն։ Ի վերջո, երեխաները փոքր են, թեև ավելի մեծ երեխաները օգնում և հոգում են փոքրերին: Աշխատանքը հերթափոխային է, հերթափոխը ստանում եմ 5000 դրամ։
Ես երազում եմ վերադառնալ Ստեփանակերտ, թեև հստակ հասկանում եմ, որ այնտեղ կյանքը նույնը չի լինելու, բայց դժվարություններից չեմ վախենում։ 2020 թվականին մենք Հայաստանից վերադարձանք Ղարաբաղ, քանի որ Ռուսաստանը մեզ անվտանգության երաշխիքներ տվեց, և մեր տարածաշրջան մտցվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Բայց այս երաշխիքը, ինչպես վերջում տեսանք, իրեն չարդարացրեց։ Ես չեմ հավատում ոչ ռուսական, ոչ էլ ադրբեջանական անվտանգության երաշխիքներին. ինձ համար միակ երաշխիքը միջազգայինն է, թեև դրան էլ դժվար է հավատալ։ Այնուամենայնիվ, եթե այդ երաշխիքը լինի, ես անպայման կվերադառնամ։
Ասում են՝ մեզ՝ փախստականներիս, բնակարան ձեռք բերելու համար պետք է վկայական տան։ Հույս չունեմ, որովհետև պետության կողմից տրված գումարով ես չեմ կարողանա նորմալ բնակարան գնել իմ բազմանդամ ընտանիքի համար։ Կրկնում եմ՝ իմ հույսն ու մեծ ցանկությունն է տուն վերադառնալ՝ Ստեփանակերտ։
Լուսանկարը՝ հեղինակի
Շատ եմ ցավում ու տխրում, որ թողել եմ տունս, ունեցվածքը, տատիկիս ու պապիս, հորեղբորս գերեզմանները… և, ընդհանրապես, իմ սիրելի Ստեփանակերտը…
Ալբերտ Ոսկանյան
Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիաակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: