Արցախցիներին նույնականացման՝ ID քարտ տրամադրելու հարցը լուծված է

  • 18:01 27.08.2024

Արցախից բռնի տեղահանված անձանց նույնականացման՝ ID քարտ տրամադրելու հարցը լուծված է․ հուլիսի 22-ից արցախցիները հնարավորություն ունեն դիմել անձնագրային ծառայություններ ու ստանալ ID քարտեր։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չէին կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը տեխնիկական էր, որը շտկվել է։ Արցախցիներին տրամադրվող նույնականացման քարտերում որպես նրանց ծննդավայր նշվելու է Արցախի իրենց բնակավայրը։

«Հուլիսի 22-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները սովորական ընթացակարգերով կարողանում են դիմել ու ստանալ նույնականացման քարտեր՝ բնակավայրի նշումով»,- ասաց Ղազարյանը։ Իսկ այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, չեն կարող ID քարտ ստանալ եւ ունեն փախստականի վկայական, կարող են ակտիվացնել մոբայլ ID-ին։

«ID քարտը հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային միջավայրում հավաստագրման, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրությունների համար։ Որպեսզի այնպես չլինի, որ բռնի տեղահանված անձինք չկարողանան օգտվել այդ հնավորությունից, մենք հնարավորություն ենք տվել, որ արցախցիների փախստականի քարտը եւս կիրառվի մոբալ ID-իի համար։ Այսինքն՝ եթե անձն ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական, ինքը եւս կարող է ակտիվացնել մոբայլ ID-ին։ Անձը պետք է մոտենա իր հեռախոսային օպերատորին, ակտիվացնի մոբայլ ID-ին, որից հետո կկարողանա էլեկտրոնային միջավայրում էլեկտրոնային ստորագրություններ դնել»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Ռոզա Հովհաննիսյան