Շուշիի ու Ղազանչեցոց եկեղեցու պատկերով պայուսակ ունենալու ցանկությունը Ավանեսյան քույրիկների՝ Աննայի ու Գայանեի համատեղ բիզնեսի հիմքը դարձավ։ Նման պայուսակներ այդ ժամանակ Արցախում չկային, 2021 թվականն էր, պատերազմից հետո։ Կտորն ու ներկերը Ստեփանակերտի նոր-նոր վերաբացվող խանութներից առան, պայուսակը կարեց մայրիկը, վրան նկարեց քույրերից Գայանեն։
Պայուսակն արդեն պատրաստ էր, աղջիկները հերթով կրում էին, այն ժամանակ ո՛չ շարունակելու միտք կար, ո՛չ էլ առավել ևս գործը բիզնես դարձնելու գաղափար։ Աղջիկների ընկերուհիներն ու ծանոթները հավանում էին քույրերի սիրուն և առանձնացող պայուսակը։ Գաղափարն այստեղից շունչ առավ։
«Մտածեցինք, որ կարող ենք արդեն վաճառելու համար պայուսակներ կարել։ Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վրա գտնվող գրախանութի հետ պայմանավորվեցինք, մենք սկսեցինք կարել, նրանք` վաճառել։ Գործը լավ էր գնում, մշտական եկամուտ ունեինք»․- պատմում է Աննան։
Վրա հասավ բլոկադան, որը խոչընդոտեց ու խաթարեց ամեն բան։ Ժամանակի ընթացքում խիստ դժվարացավ կտոր ու ներկեր ձեռք բերելը։ Նյութերի փնտրտուքը խանութից խանութ, քաղաքի մի ծայրից մյուսն էր տանում, չէր վերջանում ու քչանում նաև արտադրանքի պահանջարկը։
«Դպրոցին նախապատրաստվելու շրջանը եկավ, երեխաները պետք է դպրոց գնային, բայց պայուսակի տարբերակ չկար, ու վաճառքի պահանջարկը կրկնապատկվեց, եռապատկվեց։ Շա՜տ-շա՜տ դժվարությամբ էինք կտոր ճարում, տարբեր խանութներ էինք գնում։ Մի կերպ կտոր էինք գտնում, որպեսզի վաճառքը ապահովենք, բայց գնային որևէ փոփոխություն չենք արել»։
Տատիկի հին, բազմաչարչար կարի մեքենայով էր աղջիկների մայրը կարում այդքան պահանջված պայուսակները։ Այն իրենց հետ Հայաստան պիտի բերեին, բայց տունը ոստիկանության շենքի դիմացն էր, որտեղից պարզ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են մտնում շենք։ Այդպես խուճապի մեջ ընկան, պլանավորված իրերից շատերը թողեցին ու ճանապարհ ընկան, թողեցին նաև կարի մեքենան։ Մայրը դրա համար շատ էր տխրել, նույնիսկ դեպրեսիայի մեջ էր ընկել։
Դեպրեսիայից դուրս գալու և սթրեսը հաղթահարելու համար պետք էր աշխատել, կարի մեքենա արդեն չունեին, ստիպված նորը գնեցին։ Բիզնեսի աշխատանքների վերսկսման ճանապարհը բարդ էր, բայց ինչպես Աննան է ասում՝ ընկերները անգնահատելի օգնություն ցուցաբերեցին։ Հետո բազմաթիվ միջոցառումների ու տոնավաճառների մասնակցեցին, քիչ-քիչ https://www.instagram.com/ava_artsakh/ բիզնեսը սկսեցին ճանաչել նաև հայաստանյան շուկայում։
Անելիքները, նպատակներն ու երազանքները շատ են, ճանապարհը՝ դժվար, բայց ցանկությունը՝ մեծ։
Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: