Ռուբեն Հարությունյանը, ով իր կյանքում դժվար ու փորձություններով լի ուղի է անցել, այսօր ստիպված է բնակվել Գորիսում, հեռու իր բնօրրանից՝ Արցախից։ Նրա կյանքի պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ծանրագույն օրերի հետ, սկսվելով Շուշիից, որտեղից նրա ընտանիքը ստիպված եղավ հեռանալ 1920-ականների դաժան ջարդերից հետո։ Սիբիրում երկար տարիներ ապրելուց հետո Հարությունյանների ընտանիքը տեղափոխվեց Բաքու՝ նոր կյանք սկսելու հույսով, սակայն ճակատագիրը նոր փորձություններ էր պատրաստել նրանց համար։
1990-ին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, Ռուբենը հազիվ կարողացավ փրկել իր ընտանիքը՝ հարազատներին դուրս բերելով և տեղափոխելով Հայաստան։ Նա վերադարձավ Արցախ՝ մասնակցելու 1990-ականների ազատագրական պատերազմին։ Հաղթանակից հետո Ռուբենն իր ընտանիքի հետ վերադարձավ Շուշի՝ գտնելու հայրական տունը։ Ընտանիքի հետ միասին նա Շուշիում ապրեց մինչև 2020 թվականը։
Պատերազմը կրկին բաժանեց նրան իր տնից։ Ճակատագրի հեգնանքով ստիպված եղան լքել Շուշին՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ, քանի որ նրանց վստահեցրել էին, որ ընդամենը մի քանի օրից կկարողանան վերադառնալ։ Երկու տարի անց, երբ նրանք նորից Ստեփանակերտում սկսեցին իրենց կյանքը վերակառուցել, ճակատագիրը կրկին անարդար վարվեց. 2022 թվականին, երբ Ռուբենը մեկնեց Հայաստան, բլոկադայի պատճառով չկարողացավ վերադառնալ Արցախ։
Ռուբեն Հարությունյանը երաժիշտ է։ Նրա երաժշտական ուղին սկսվել է դեռևս մանկությունից, երբ չորս տարեկանում առաջին անգամ ձեռքն առավ դհոլը։ Տարիների ընթացքում նա դարձավ Շուշիի ժողգործիքների պետական անսամբլի ամենաավագ երաժիշտը՝ նպաստելով հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ «Մեր ժողովրդական երգերն ու պարերը մեր ազգի հոգին են, դրանք պետք է միշտ մնան մեր սրտերում։ Մարդիկ պիտի լսեն, պարեն ու իմանան արվեստի գործիչներին»,- ասում է նա։
Այսօր, Ռուբենը ստիպված է դադարեցնել իր սիրելի գործը՝ նվագելը, խոստանալով ինքն իրեն, որ միայն այն ժամանակ նորից դհոլ կնվագի, երբ կրկին ոտք կդնի հայրենի հողին, կվերադառնա Արցախ։ Մինչ այդ նա Գորիսում փոքրիկ կրպակում վերանորոգում է ժամացույցներ և կարի մեքենաներ։ Ասում է, որ աշխատելն այսօր մեծ դժվարություն է, քանի որ մարդիկ նախընտրում են շատ բաներ դեն նետել, քան վերանորոգել։ Չնայած դրան՝ նա շարունակում է այդ գործը սիրով: Բայց նրա կյանքը, կարծես, կանգ է առել՝ անորոշության ու սպասման մեջ։
Անժելիկա ԶԱՔԱՐՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: